Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՏԱՐՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մարտ 27,2004 00:00

Երեկ Վրաստանում Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիաս Յորշը զուսպ լավատեսություն հայտնեց կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Այժմ քաղաքական գործիչներից, Աջարիայի ղեկավարներից է կախված անել հնարավոր ամեն ինչ, որ Աջարիայի ժողովուրդը գնա ընտրական տեղամասեր եւ ազատ, առանց ճնշումների քվեարկի: Ես կարծում եմ, որ անձամբ պրն Աբաշիձեն շահագրգռված է եւ պատասխանատվություն է կրում հսկելու, որպեսզի իր ժողովուրդը կարողանա ազատ քվեարկել»,- երեկ Վրաստանի ԿԸՀ-ում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիաս Յորշը:

Վերջինս պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչ նախընտրական խախտումներ են նկատել Վրաստան ժամանելով, ասաց. «Իհարկե, այնպիսի երկիր չկա, որտեղ, խախտումներ չլինեն, բայց այստեղ դա ընտրելու իրավունք ունեցողների ցուցակների ոչ կատարյալ լինելն է, որը մեր հանձնաժողովը չի պատրաստվում թաքցնել: Դուք կանգնած եք նախկինից ավելի լավ ընտրություններ անցկացնելու հնարավորության առաջ»,- ասաց պրն Յորշը, կարծելով, թե պատասխանում է վրացական լրատվամիջոցի հարցերին:

ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ ամենաշատ պրոբլեմներն իհարկե Աջարիայում են: Սակայն, ըստ պրն Յորշի «մենք պետք է շարունակենք հետագա համագործակցությունը ապագա ընտրությունների համար»: Ընտրելու իրավունք ունեցողների ավելի ճշգրիտ թիվը, որը նախկինում չկար, իսկ այսօր արդեն գոյություն ունի, Մ. Յորշի կարծիքով, դեռ բավարար չէ: «Իհարկե մենք հասկանում ենք, որ այդ աշխատանքը դեռ չի ավարտվել. թվերն այնքան ճշգրիտ չեն, որքան պիտի լինեին: Սակայն մենք տեղյակ ենք, որ դա տեխնիկական պատճառներ ունի»,- ասաց պրն Յորշը:

Անդրադառնալով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Ճիաբերաշվիլու հետ հանդիպմանը, պրն Յորշը նկատեց. «ԿԸՀի հետ համաձայնեցինք, որ աշխատանքը չի ավարտվելու նաեւ մինչեւ կիրակի: Դեռ շատ բան պետք է արվի, որ երկիրը պատրաստ լինի անցկացնելու կատարյալ ընտրություններ, որոնք ամբողջությամբ կհամապատասխանեն եվրոպական ստանդարտներին»:

«Որոշակի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, դա երկրին ինչ-որ բան կարժենա՞, թե՞ ԵԽ-ն միայն կֆիքսի դրանք, ինչպես եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում»: «Առավոտի» այս հարցին պրն Յորշը պատասխանեց. «Մենք Վրաստանի համար որոշումներ չենք կայացնում: Մենք խորհուրդներ ենք տալիս՝ հիմնված մեր գիտելիքների եւ բազմաթիվ եվրոպական երկրների հաջող փորձի վրա: Իսկ թե այդ խորհուրդներին հետեւում են, թե ոչ՝ դա արդեն Վրաստանի ղեկավարների գործն է: Մենք այստեղ ենք՝ տալու հնարավոր լավագույն խորհուրդները: Մենք կտեսնենք, թե դրանցից որոնք կյուրացվեն, որոնք՝ ոչ: Բայց ամեն դեպքում, մենք կշարունակենք երկխոսությունը, քանի որ մենք ուզում ենք Վրաստանի ղեկավարներին համոզել, որ եթե հետեւեն այդ խորհուրդներին, ավելի լավ արդյունք կունենան»:

ԵԽ դիտորդական առաքելության անդամ Շավարշ Քոչարյանից տեղեկացանք, որ արդեն չորս խումբ մեկնել է Աջարիա: Ըստ նրա, դժգոհություններ կան ոչ միայն Աջարիայի, այլեւ ամբողջ Վրաստանի ցուցակներից: Երեկ ուշ երեկոյան առաքելության ղեկավարին եւ անդամներին պետք է հանդիպեր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը, ըստ որոշ տեղեկությունների, ինքը պետք է այցելեր նրանց «Թբիլիսի-Մարիոթ» հյուրանոց, որտեղ հանգրվանել է առաքելության ողջ կազմը:

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել