Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՈՓՎԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»

Մարտ 27,2004 00:00

Արտաշես Գեղամյանին այդպես գովեցին գյուղացիք

«Ազգային միաբանություն»
կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի
գլխավորությամբ երեկ այցելեցին Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջան։ Ճանապարհին,
Մաստարա եւ Պեմզաշեն գյուղերի մոտ մարդիկ դուրս էին եկել ավտոմայրուղի եւ
աղուհացով դիմավորեցին հյուրերին։ Մաստարա գյուղի բնակիչ Արայիկ Չատինյանը
Ա. Գեղամյանին ողջունելուց հետո հայտարարեց. «Քոչարյանը Մաստարայում եւ Թալինի
շրջանում տեղ չունի եւ ձայն չունի։ Ամբողջ Թալինի եւ Մաստարայի հասարակության
անունից հայտարարում եմ, թող բոլոր հեռուստաալիքներով ցույց տան՝ խնդրում
ենք, քաղաքավարի, ընկերական ճանապարհով, պրն Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝
մեր ժողովրդին թողեք հանգիստ իր հող ու ջրի վրա աշխատի, իր զավակները դրսից
գան, միանան։ Խնդրում եմ ձեզ, հարգելի պարոններ, թողեք մեր ժողովուրդը իր
հող ու ջրի վրա ազնիվ վաստակով ապրի։ Այսօր ժողովուրդը ապրում է մի կտոր
հացով, այն էլ՝ երկնքից կախված»։
Մաստարայի բնակիչները հավատացրին, որ «հանրապետական եւ մարզային մասշտաբի ոչ մի իշխանավոր Մաստարա չի մտել»։ Իսկ պրն Գեղամյանը, ըստ մի գյուղացու, «իսկական քաղաքական գործիչ է, էն ժամանակ, որ ուսանող էր, ղեկավարում էր ամբողջ պոլիտեխնիկ ինստիտուտի կոմսոմոլի աշխատանքը, շինարարական աշխատանքները, դրանից հետո առաջ քաշեցին, ուզում եմ ասել, որ քաղաքականության մեջ կոփված անձնավորություն է»։ Պեմզաշենցիք Ա. Գեղամյանին պատմեցին իրենց սոցիալական ծանր վիճակի մասին, ասացին, որ շատերը հիվանդ են, բայց բժշկի դիմել չեն կարող ֆինանսական պատճառներով, որ մեկ պարկ ալյուրը իրենցից շատերի երեք ամսվա թոշակից թանկ է, որ աշխատանք չունեն։

Ըստ պեմզաշենցի Պարգեւ պապիկի, իր սոցիալական ծանր վիճակի մեղավորը «Քոչարյանն է, ինքը պիտի գնա Հայաստանից»։ Հոռոմ գյուղի մոտ Արտաշես Գեղամյանին եւ նրան ուղեկցող պատգամավորներին՝ Ալեքսան Կարապետյանին, Գագիկ Կոստանդյանին, Կորյուն Առաքելյանին եւ Աղասի Արշակյանին դիմավորեցին Գյումրիի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահ Աշոտ Զաքարյանը եւ ԵԿՄ անդամներ։ Ասվեց, որ Արամ Զավենի Սարգսյանի հրահանգով են եկել եւ չեն կարծում, թե տարածաշրջանում Ա. Գեղամյանը պրոբլեմներ կունենա։ Հոռոմ գյուղում դհոլ-զուռնա հնչեց, աղուհաց ու ծաղիկներ։ «ԱՄ» կուսակցության հանդիպումները տարբերվում էին այլ քաղաքական ուժերի եւ դաշինքների հանդիպումներից նրանով, որ «ԱՄ»-ի դեպքում միայն Արտաշես Գեղամյանն է խոսում, իսկ նրան ուղեկցողները կանգնում են ժողովրդի մեջ։ Հոռոմի բնակիչներին Արտաշես Գեղամյանը ներկայացրեց բոլոր այն թվերն ու փաստերը, որոնք ինքը սովորաբար ներկայացնում է։ Խոսվեց թերսնվածության, աշխատատեղ չլինելու եւ այն մասին, որ «ԵԽ ԽՎ-ում ասես թե հասկացնում են էս իշխանություններին, որ իրենց բացարձակապես չեն վստահում»։ Արտաշես Գեղամյանը պատմեց նաեւ «Արդարություն» դաշինք-Ազգային միաբանություն համատեղ հայտարարության մասին. «Համաձայն որի, մենք մեր ուժերը դարձնում ենք միաբան, մենք միասնական ճակատով հանդես ենք գալու հանուն իշխանափոխության եւ հանուն ժողովրդի փրկության։ Եվ մեր թիկունքին կանգնած են հարյուր-հազարավոր մարդիկ»։

Այս միասնության մասին լուրը ամենաջերմ ընդունելությանն արժանացավ հանդիպման եկած գյուղացիների կողմից։ Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ «Ազգային միաբանության» եւ «Արդարություն» դաշինքի համատեղ համազգային հանրահավաքը տեղի կունենա «ոչ ուշ, քան ապրիլի 13-ը, այնպես որ, առաջիկա 20 օրերի ընթացքում բոլորս միասին ականատես կլինենք ժողովրդի միակամ վերելքին, ժողովրդի՝ բռունցքվելու գործողություններին։ Մենք ձեզ հետ միասին ականատեսը կլինենք, թե ինչպես են այս իշխանությունները մեղայական գալով ժողովրդի առջեւ, հեռանում»։ Իսկ մինչ այդ՝ ապրիլի 5-ին, «Ազգային Միաբանությունը» կանցկացնի իր առանձին հանրահավաքը։ Արտաշես Գեղամյանը վստահեցրեց, որ «Արդարություն» դաշինքը եւ «ԱՄ»-ն «մի մարդու նման կողք-կողքի կկանգնենք, որովհետեւ մենք չափազանց լավ ենք գիտակցում, որ հայ ժողովրդի փրկությունը ինչպես եղել է, այնպես էլ մնում է իր հավաքական ուժի մեջ»։ Հոռոմցիք գոհ էին այս խոսքերից, սակայն մի պապիկ պատգամեց. «Գործ արեք, եթե չեք կարող, գնանք մի երեք ամսով Սահակաշվիլուն բերենք՝ աշխատի»։ Հոռոմցի Հենրիկ Հակոբյանը (նախկին զինվորական) «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» միացումից գոհ էր, բայց այն կարծիքին էր, որ դա բավական ուշ է տեղի ունեցել։ «Ստեփան Դեմիրճյանին ձայն տված քվեաթերթիկները վառեցին էս ակումբի հետեւը, Ռոբերտ Քոչարյանի, Բաղդասարյանի եւ մյուսների ընտրաթերթիկները լցրեցին տուփերի մեջ։ Այ, էդ ժամանակ պիտի միանային, որ դրանց հախեն գային։ Բայց մեր ձեռքը ի՞նչ կար, հենց խոսում էինք, բերաններս փակում էին, միլիցիայով էին ահ տալիս»,- ասաց նախկին զինվորականը։ Վերջինիս կարծիքով, «Արդարության» եւ «ԱՄ»-ի միացումը պիտի լինի «հարի (մինչեւ-Մ. Ե.) վերջ». «եթե հարի վերջ չմիացան, ինձ թվում է, որ բան դուրս չի գա»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Հայլուրը», որի թղթակիցը ներկա չէր այս հանդիպումներին, երեկ հայտնեց, որ Արթիկում եւ Պեմզաշենում Գեղամյանի ուղղությամբ ձու էին շպրտում։ Նման բան չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել