ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթությունները շատ պարզ կարելի է տարբերակել այս կամ այն տարածաշրջան այցեր կատարող պաշտոնական անձանց «ռանգեր»-ից:
Օրինակ՝ պետքարտուղար Քոլին Փաուելն այցելում է Իրաք, երբեմն նաեւ՝ Աֆղանստան: Իսկ նրա տեղակալ Արմիթաջը՝ ԱՊՀ երկրներ ու, մասնավորապես, Հարավային Կովկաս: Պրն Արմիթաջը երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ, ըստ էության, հաստատեց այս դիտարկման ճշմարտացիությունը: «Մենք անչափ կարեւորում ենք Հայաստանն ու նրա հետ մեր համագործակցությունը»,-հայտարարեց Արմիթաջը, նշելով, սակայն, որ այդ համագործակցության խորացման ուղղությամբ տարվող աշխատանքը թերի է: «Նաեւ այդ բացը լրացնելու համար է, որ ես ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հանձնարարությամբ այցելել եմ Երեւան»,- պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Իսկ այդ բացը, Ռիչարդ Արմիթաջի խոսքերով, պայմանավորված է Իրաքի, Աֆղանստանի եւ հակաահաբեկչական պայքարի խնդիրներով ԱՄՆ -ի խիստ զբաղվածությամբ:
Արմիթաջն այցի ընթացքում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի հետ: «Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ են մտածում նրանք համաշխարհային ներկայիս գործընթացների մասին»,- ասաց նա: Քի-վեսթում ձեռք բերված երբեմնի պայմանավորվածություններին վերաբերող հարցին այդ բանակցություններին անձնապես ներկա եղած Արմիթաջը պատասխանեց, թե այնտեղ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մասնակցությամբ իսկապես մեծ առաջընթաց էր արձանագրվել, «սակայն նա դժվարություններ ունեցավ այն իր հայրենիքում ներկայացնելու հարցում»: Այդուհանդերձ, Արմիթաջն ընդգծեց. «համաձայնություն չի եղել, եղել է առաջընթաց»: ԱՄՆ փոխպետքարտուղարը հրաժարվեց մեկնաբանել Իլհամ Ալիեւի ցանկությունը՝ մինչ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը չբացված տեսնել հայ-թուրքական սահմանը: «Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ ըստ մեզ, սահմանի բացումը մեծ օգուտ կբերեր երկու երկրներին»,- ասաց ամերիկացի հյուրը, հավելելով, որ ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ Թուրքիային հորդորել է գնալ այդ քայլին: Արմիթաջին հարց տրվեց նաեւ ԱՄՆ կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացված ռազմական օգնության ծավալների անհամաչափության մասին: Պատասխանը հետեւյալն էր: Ադրբեջանն ավելի ակտիվորեն է ներգրավված Աֆղանստանում եւ Իրաքում բազմազգ ուժերի կողմից իրականացվող ծրագրերում եւ նշված երկու երկրներում էլ ստորաբաժանումներ ունի, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջում: Բացի այդ, Ադրբեջանը կոալիցիային օժանդակում է նաեւ նավթամթերքների տրամադրման տեսքով:
Ռիչարդ Արմիթաջը հենց երեկ Երեւանից մեկնեց Բաքու:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ