«ՓԱԹԵԹԱՅԻՆ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԽՈՒՍԱՓԵԼ ԼՈՒԾՈՒՄԻՑ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը երեկ քննարկում էր կազմակերպել Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. Հայաստանի կուսակցությունների դիրքորոշումները» սեմինարի մասնակիցները վստահ էին, որ ներկա իշխանություններն ամեն ինչ անում են ոչ թե հիմնախնդրի լուծման, այլ՝ այդ հիմնախնդիրը որքան հնարավոր է երկար չլուծված թողնելու ուղղությամբ: Զեկուցողներից առաջինը՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը ձեւակերպեց. «Կախված Ղարաբաղի հարցի հանդեպ դիրքորոշումներից, կա երկու մոտեցում ՀՀ ապագայի համար: Առաջին՝ լինում է հարցի լուծում եւ ՀՀ-ն դառնում է աշխարհի հետ կապված նորմալ երկիր, եւ երկրորդ՝ հարցի լուծում չի լինում, շարունակվում են քննարկումները եւ ՀՀ ապագան լինում է այն, ինչ կա հիմա: Այսինքն՝ ապագա չի ունենում: Փաթեթային կամ փուլային լուծում ասելով իրականում հասկանում ենք՝ հարցը լուծել, թե չլուծել: Փաթեթային՝ նշանակում է խուսափել լուծումից, փուլային՝ որեւէ լուծման գնալ: Այդ հարցի նկատմամբ ունեցած կողմնորոշումը պայմանավորում է նաեւ ՀՀ տնտեսական ապագայի նկատմամբ կողմնորոշումը. ՀՀ-ն մաս է կազմելու համաշխարհային տնտեսությա՞նը, թե՝ մնալու է փակ տնտեսություն՝ իր բոլոր առանձնահատկություններով՝ մոնոպոլիզացիա եւ այլն»: Հաջորդ բանախոսը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թեեւ ԼՂ հարցն «իր մեջ ամենամեծ կոնսոլիդացիոն ռեսուրսն է պարունակել», սակայն նույն ձեւով «պարունակում է նաեւ ներքաղաքական հակասությունների ռեսուրս»: Ըստ պրն Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հասարակությունն ընդամենը 3 անգամ է լուրջ համախմբում ունեցել՝ 88-ին, պատերազմի տարիներին, եւ 98թ., երբ, խմբագրի խոսքերով, «հասարակությունը հրաժարվեց պաշտպանել Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումը»: Ն. Փաշինյանը նկատեց, որ համախմբումն այս հարցի շուրջ բարդ չէ, քանի որ «գերնպատակը՝ Ադրբեջանից դուրս, ՀՀ կազմում կամ անկախ Ղարաբաղ ունենալը բոլորի մոտ նույնն է», իսկ հակասությունները հայտնվում են գերնպատակի իրականացման ճանապարհին: Այդ ճանապարհին կա երկու հիմնական մոտեցում՝ հարցի փուլային կամ փաթեթային լուծում: Այս կտրվածքով նա ՀՀ-ում գործող կուսակցությունները բաժանեց երկու խմբի՝ փուլային եւ փաթեթային: Փուլայինը ՀՀՇ-ն է եւ նրա արբանյակները, իսկ «փաթեթային կուսակցությունները» 98-ին շատ էին եւ միասնական, սակայն տարիների ընթացքում պառակտվեցին: Շարունակելով այդ թեման, Աշոտ Բլեյանը կարծիք հայտնեց, որ փաթեթային լուծում չի լինում, լինում է «փաթեթային պայմանավորվածություն, որը լուծում են փուլերով»: Իսկ այն, ինչ արվում է այսօր, Բլեյանը գնահատեց որպես «հայի ֆռցնել»՝ անորոշ ժամանակով հարցի լուծման ձգձգում: Երջանիկ Աբգարյանը համարում էր, որ «կարգավիճակի ճշտումը վերջին հարցն է», բայց «բերում-դնում են առաջին տեղ, դրա համար էլ չի լուծվում»: Հրաչ Գալստյանը տվեց շեքսպիրյան հարցը՝ «Լուծո՞ւմ, թե՝ չլուծում»: Եվ ցանկացած դեպքում, ըստ բանախոսի՝ «լուծումն ավելի կարեւոր է, քան՝ ինչպիսի լուծումը»: Վերադառնալով նախկիններ եւ ներկաներ տարաբաժանմանը, նա հիշեց. «Մենք երբեք տարածքային խնդիր չենք դրել, մենք դնում էինք անվտանգության խնդիր»: Այս առումով կա ծայրահեղական տեսակետ, որը, պրն Գալստյանի ձեւակերպմամբ, հնչեցնում է «ազգային նիհիլիստ Աշոտ Բլեյանը». «պատրաստ ենք ճանաչել Ղարաբաղը անգամ Ադրբեջանի կազմում, եթե այդպես լուծվում է անվտանգության խնդիրը, որովհետեւ մեզ համար գոյություն չունի տարածքային խնդիր, այլ միայն՝ անվտանգության: Քանի դեռ Ղարաբաղում մարդիկ անվտանգ չեն, դժբախտ են, ես եւ իմ ընտանիքը չենք կարող երջանիկ լինել»: «Նիհիլիստի» հետ այս առումով համաձայն չլինելով Ազատ Արշակյանը նշեց. «Չի կարելի ոչ մի բանի պատանդ դառնալ՝ ոչ Ղարաբաղի պատանդը, ոչ Բլեյանի, ոչ նույնիսկ՝ իշխանափոխության պահանջի»: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նկատելով, որ այսօրվա «պաշտոնական ընդդիմությունը» խոսում է իշխանափոխության մասին որպես «կատարված փաստ», «կատաստրոֆա» համարեց այն, որ նման իշխանափոխության դեպքում, եթե «ԱՄ»-ն ու «Արդարությունը» գան իշխանության, դա եւս հինգ տարով կձգի հարցի լուծումը, ինչը շատ վատ կլինի: Ներկաներից մեկի պրովոկացիոն հարցին՝ «իշխանափոխություն չե՞ք ուզում», պատասխանեց անկեղծորեն. «Ուզում եմ իշխանափոխություն, բայց որ ես գամ, ոչ թե՝ իրենք»: Դավիթ Շահնազարյանը նույնպես անիմաստ ու անհնար համարեց իշխանափոխությունը, եթե «իշխանափոխության ձգտող ուժերը չունենան իրենց տեսակետները Ղարաբաղյան հարցի մասին»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ