Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դրամահավաքները սեզոնային են

Մարտ 26,2004 00:00

Դրամահավաքները սեզոնային են Ուսուցչի տոնի, Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի եւ վերջին զանգի արարողությունների հետ կապված՝ դպրոցներում աշխուժանում են դրամահավաքները: Ինչն էլ շատ ծնողների եւ աշակերտների դժգոհությունն է առաջացնում: Այս առիթով «Առավոտը» բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում, որոնց բովանդակությունը գրեթե նույնն է: Օրինակ, թիվ 71, 170, 180, դպրոցների աշակերտները կամ նրանց ծնողները բողոքում են դպրոցում իրականացվող դրամահավաքների դեմ: Այս դպրոցների տասներորդցիներից ոմանք էլ դժգոհում են, որ վերջին զանգի առիթով աշակերտների հավաքած գումարների մեծ մասն օգտագործվում է ուսուցիչներին, ուսմասվարներին եւ տնօրենին թանկարժեք նվերներ գնելու համար: Նրանց ներկայացմամբ, գումարների մի մասն էլ ծախսվում է ավարտական քննություններից հետո դպրոցում ուսուցիչների համար կազմակերպվող ճաշկերույթների վրա: Տասներորդցիների վկայմամբ, որոշ լավ սովորող դպրոցականներ էլ 8-րդ դասարանից դուրս են գալիս միայն այն պատճառով, որպեսզի խուսափեն 10-ում տեղի ունեցող դրամահավաքներից: Հետաքրքիրն այն է, որ վերոնշյալ դպրոցների տնօրենների հետ ունեցած մեր զրույցում բոլորն էլ ժխտում էին գումարներ հավաքելու փաստը եւ հարցնում, թե արդյոք բողոքները ստորագրված են: Այո, դիմումներում դժգոհող թե ծնողները եւ թե աշակերտներն իրենց անունները նշել են, սակայն մտահոգվելով երեխաների ապագայի մասին, անուններ չենք հրապարակում: Տնօրենները նաեւ հավաստիացնում էին, որ բոլոր դասղեկները «հատուկ զգուշացված են»՝ երեւույթը կանխելու համար: Ավանի թիվ 170 դպրոցի տնօրեն Սուսաննա Փարսադանյանի խոսքերով, ինքն արդեն քանի ամիս է, որ «կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում»՝ արգելելով նույնիսկ ավարտական երեկոյի համար դրամ հավաքել: Տիկին Փարսադանյանը տեղեկացրեց նաեւ, որ դրամահավաքների վերաբերյալ բազմաթիվ զգուշացումների արդյունքում Մարտի 8-ին ինքն առանց ծաղկեփնջի է տուն գնացել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել