Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՌՆԻ ՆԱԵՎ ԹԻՖԼԻՍԸ»

Մարտ 26,2004 00:00

«ԿԱՌՆԻ ՆԱԵՎ ԹԻՖԼԻՍԸ» Ինչ են գրում «Առավոտի» շարքային բողոքավորները «Առավոտի» իրավական բաժինը փետրվարի 25-ից մինչեւ մարտի 25-ը ստացել է 34 նամակ։ Նամակներից 22-ը առնչվում էին դատական վեճերին, դատարաններին, «անկուշտ ու ագահ դատավորներին», 4-ը քրեակատարողական հիմնարկներին, 7-ը՝ սոցիալական թեմաներով նամակներն էին (բուժհիմնարկներ, ապօրինի շինարարություն)։ Կար նաեւ մեկ «անանիմկա», որին ընթացք չտրվեց անստորագիր լինելու պատճառով։ Նամակը առնչվում էր «Փեթակ» տոնավաճառի տերերի գործունեությանը, հարկային տեսչության-կենսաթոշակային հիմնադրամի եւ ընդհանրապես «Փեթակի» տերերի փոխհարաբերություններին։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ Աշոտ Մարգարյանը պարտքով 1000 ԱՄՆ դոլար է վերցրել համագյուղացի Ռադիկ Մարգարյանից։ Իր ընտանիքին հատկացված սեփականաշնորհած հողը նոտարով գրավ է դրել՝ 6 ամսից հետո գումարը վերադարձնելու պայմանով։ Գրավի մասին նոտարը նրան բանավոր ասել է եւ ստորագրել տվել սեղանամատյանում։ 6 ամիսը չլրացած, Ռ. Մարգարյանը հողի արժեքը նոտարի թեթեւ ձեռքով դարձրել է 1500 դոլար։ Երբ դատարանում Ա. Մարգարյանի կողմնակիցները հայտարարել են, թե Ռ. Մարգարյանը գլուխ էր գովում, որ «Արտաշատը գրավ է դրել, առնելու է նաեւ Երեւանը», դատավորը հավելել է. «Կառնի նաեւ Թիֆլիսը»։ 1996թ. մարտին սեփականաշնորհվել է Արագածոտն մարզի Ծաղկահովիտի տրիկոտաժի ֆաբրիկայի Գեղադիր գյուղի արտադրամասը։ Սեփականաշնորհման նախարարությունը Գեղադիրի արտադրամաս ԲԲԸ-ին հանձնել է տարածք՝ թալանված վիճակով, պետական գույքի պակասորդով։ Այդ մասին է մեզ գրում ԲԲԸ նախագահ Արմեն Գալստյանը, որը նաեւ տեղեկացնում է, որ մինչ օրս չի կատարվել դատարանների վճիռը ՀՀ սեփականաշնորհման, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունների պատճառած վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Նրանք հօգուտ ընկերության բաժնետերերի 4,69 մլն դրամ պետք է տային։ Նամակագիրը մեր թերթի միջոցով փորձում էր իր հարցը բարձրացնել, քանզի 1999-ից մինչ օրս ԴԱՀԿ ծառայությունը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ չի կատարում դատարանների դատավճիռները։ Նամակագիր Լիպարիտ Շահնազարյանը տեղեկացնում է, որ 30 տարուց ավելի աշխատել է հանրապետության մթերումների համակարգում, ծանոթ է հանրապետության բոլոր շրջաններին։ Նա ընդհանրապես դեմ է վարչատարածքային ներկայիս բաժանմանը։ Թերթի միջոցով նա հարցնում է. «Ինչպե՞ս կարելի է Շամշադինի, Նոյեմբերյանի, Իջեւանի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանները միավորել մարզերի մեջ։ Կապան մարզկենտրոնը Սիսիանից հեռու է 106 կմ, իսկ Բարձրավան, Սառնավանք, Դարպաս, Գորհայք գյուղերը Սիսիանից հեռու են 25-35 կմ-ով։ Դե, տվյալ գյուղի բնակիչ, ինչպե՞ս հասնես մարզկենտրոն, ինչքա՞ն գումար ծախսես»։ Իրեն ԼՂՀ եւ ՀՀ քաղաքացի համարող Ալբերտ Ղազարյանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի աջակցությունն է խնդրում ԼՂՀ իշխանավորների, մասնավորապես ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի եւ վարչապետ Ա. Դանիելյանի կողմից օրենքով երաշխավորված իրավունքների ոտնահարման՝ «նրանց հասցեագրված դիմումներս անտեսելուն վերջ դնելու գործում»։ Ա. Ղազարյանը նաեւ հարցնում է, թե մեր (Հայաստանի) օմբուդսմենը իրե՞նց օմբուդսմենն է, Լ. Ալավերդյանը կարո՞ղ է պաշտպանել ԼՂՀ քաղաքացիների իրավունքները։ Եթե ՀՀ գործող նախագահ Ռ. Քոչարյանը ճանաչվել է ՀՀ քաղաքացի, ապա նույն հիմքերով նա գտնում է, որ մեր օմբուդսմենը իրենց օմբուդսմենն է։ «Խնդրում եմ ձեզ՝ պատասխանել 10-օրյա ժամկետում որպես գրավական իմ կյանքի անվտանգության»,- գրում է մեզ Կարինե Մադոյանը։ Աբովյան քաղաքի բնակչուհին իրավապահ մարմիններին է դիմել, որ ինչ-որ անծանոթ տղամարդիկ փողոցի կողմից իրար վրա դարսված տակառների վրայով բարձրանում են իր բնակարանը՝ այն դեպքում, երբ «ես օրիորդ եմ»,- հարկ համարեց հավելել նամակագիրը։ Օրիորդ Մադոյանը իր նամակում խնդրում է մեր թերթից, «իբրեւ շարքային անպաշտպան, գործազուրկ քաղաքացուհի, թույլ չտալ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող գործողություններ»։ Մեր տրամադրության տակ է Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի 15.09.2003թ. որոշումը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Այդտեղից էր տեղեկանում ենք, որ դատախազությունը հետաքրքրվել է Կ. Մադոյանի դիմումներով, հարցաքննվել են բնակիչներ, պարզվել է, որ Կ. Մադոյանի արժանապատվությունը ոչ մեկը չի արատավորում եւ տակառների վրա էլ ոչ ոք չի բարձրանում։ «Առավոտի» միջոցով գլխավոր դատախազին էր դիմել «դեռ քաղաքական պատանդ» Արմենակ Մնջոյանը։ Խոսքը վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի 2003թ. դեկտեմբերի 8-ի «Ճանապարհ» հեռուստահաղորդաշարի ժամանակ արված հայտարարությանը։ «Վ. Հովհաննիսյանը հրապարակայնորեն զրպարտելով ինձ, հայտարարեց, որ Մնոջյանը սպառնացել է եւ փորձել է շանտաժի ենթարկել ինձ։ Պարոն Հովհաննիսյանը ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելով, փորձում է վիրավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, կատարելով այնպիսի արարք, որը համապատասխանում է ՀՀ քրօրի 135 հոդվածի հատկանիշներին։ Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել զրպարտչին, եթե վերջինս հրաժարվի հրապարակայնորեն ներողություն խնդրել ինձնից»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել