ՌՈԲԵՐՏԸ ԳՈՎՈՒՄ Է «ՌՈԲԵՐՏՈՅԻՆ» «Արարատի քաղաքային բյուջեն անցյալ տարի ցեմենտի գործարանից առաջին անգամ գումար է ստացել 30 մլն դրամ,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:- Նախկինում երբեք չեն ստացել եւ հարց է առաջանում, չէ՞, թե ինչո՞ւ չէին ստանում: Մտածեք՝ ո՞վ էր եւ ինչո՞վ էր զբաղված»: Թափանցիկ ակնարկն ուղղված էր Արարատի ցեմենտի գործարանի նախկին տնօրեն, այժմ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանին: «Երեւի ինձ վիրավորված զգայի, եթե Ռոբերտ Քոչարյանը գնար Արարատ ու իմ մասին բան չասեր,- հեգնեց Արամ Սարգսյանը:- Բայց նա ինչ խոսի՝ իր դեմ է դուրս գալիս»: Որպես ապացույց նախ ասաց. «Այդ մասին Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր այն ժամանակ, երբ ինձ նշանակում էր երկրի ամենակարեւոր պաշտոնում: Եթե գիտեր, թե Արամ Սարգսյանը թալանչի է ու նշանակում էր՝ սխալ էր անում: Ու հավանաբար ինչ-որ բան ուներ փրկելու՝ դրա համար էր նշանակում: Իսկ եթե չգիտեր ու նշանակում էր՝ էլի՛ ինքն է մեղավոր, քանի որ նման պաշտոնի չեն նշանակում առանց ուսումնասիրելու համապատասխան փաստաթղթեր»: Ըստ էության անդրադառնալով մեղադրանքներին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Խորհուրդ կտայի՝ Ռոբերտ Քոչարյանը գոնե մի՛ անգամ կարդար իր ստորագրած օրենքներն ու հրամանագրերը՝ այդ գործը չթողներ միայն օգնականի հույսին: Եվ կտեղեկանար, որ տեղական մարմինների բյուջեի ձեւավորման մասին փոփոխություններն օրենքում կատարվել են անցած տարի: Իսկ մինչեւ այդ՝ ոչ միայն «Արարատ ցեմենտը», այլ մնացած բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները գումարները փոխանցում էին հանրապետական բյուջե, եւ այնտեղից էին ուղարկվում տեղական բյուջե: Ավելին՝ իմ ժամանակ «Արարատ ցեմենտն» աշխատում էր 22-24% շահութաբերությամբ: Իսկ թե հիմա՞ ինչքանով է աշխատում՝ լավ կլինի, որ ինքը ճշտի: Եվ «Արարատ ցեմենտը» տարեկան 12 մլն դրամ է վճարել Արարատի հիվանդանոցի պահպանման համար, նույնքան էլ քաղաքապետին՝ քաղաքի կոմունալ ծախսերը կազմակերպելու համար: Սա ոչ միայն իմ, այլ գործարանի բոլոր նախկին տնօրենների ավանդն է: «Արարատ ցեմենտը» նաեւ երբեք չի եղել իմ սեփականությունը՝ ես այդ պետական գործարանի տնօրեն շատ ավելի կարճ ժամանակ եմ աշխատել, քան Ռոբերտ Քոչարյանը խոսում է այդ թեմայով: Նույնքան խոսեր Ղարաբաղի մասին՝ հիմա լուծված կլիներ այդ հարցը: Բայց ինձ համար նաեւ զարմանալի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը չգովեր «Ռոբերտո» ընկերությանը, որ հիմա «Արարատ ցեմենտի» սեփականատերն է»: Ա. Ի.