«Սադրանքներից չի շահի ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը» Վստահեցնում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Մարտի 24-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած կոալիցիոն խորհրդակցության մասին մենք արդեն տեղեկացրել ենք։ Երեկ փորձեցինք պրն Թորոսյանից ճշտել մանրամասները հատկապես այն մասով, թե ինչ է նշանակում խորհրդակցության ընթացքում որոշված ԱԺ-կառավարություն համագործակցության ակտիվացման մասին ակնարկը։ Պրն Թորոսյանը հայտնեց. «քանի որ ԱԺ վերջին եռօրյայի ընթացքում օրակարգում բավականին քիչ էին օրինագծերը, եւ քանի որ կառավարությունն է հիմնական օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկողը, որոշվեց աշնանային նստաշրջանում՝ կուտակումներից զերծ մնալու նպատակով, այժմվանից բաշխումը հավասարաչափ կատարել»։ «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք հանդիպման ժամանակ խոսք գնացել է ընդդիմության ակտիվացման մասին եւ արդյոք հանձարարականներ տրվել են կոալիցիոն ուժերին։ Տիգրան Թորոսյանն ասաց, թե նման շրջանակում այդպիսի խոսակցությունն իմաստ չունի. «որովհետեւ ի՞նչ է նշանակում ընդդիմության ակտիվացման հետ կապված կոալիցիայի քայլեր։ Ի վերջո, նույն քաղաքական ասպարեզում գործող քաղաքական ուժեր են։ Իրավիճակի գնահատականի հետ կապված, կարծում եմ, նման խորհրդակցություն անցկացնելու կարիք չկա։ Կոալիցիայի խորհրդի նիստը ՀՀ նախագահի մոտ հերթականն էր եւ չէր թելադրված այն միջոցառումներով, որոնք ընդդիմությունը նախատեսում է անցկացնել։ Ճիշտն ասած, վերջին մի քանի օրերի ընթացքում լրագրողները հաճախ հարցնում են, թե ընդդիմության քայլերին ի պատասխան մենք ինչ ենք անելու։ Եթե խոսքը կուսակցություններին է վերաբերում, ապա կուսակցությունները կարող են եւ պետք է ունենան իրենց գնահատականը այն հարցադրումներին, որոնք ընդդիմության մեր գործընկերներն անում են։ Կարծում եմ, եթե ընդդիմության մեր գործընկերների քայլերը պիտի լինեն օրինականության, Սահմանադրության շրջանակներում, ապա որպես հակառակ քայլ՝ որեւէ բան անելու կարիք չկա։ Իսկ եթե պիտի այդ քայլերը լինեն ոչ օրինական, ապա սա էլ կուսակցությունների անելիքը չէ, այլ իրավապահ մարմինների»։ Այնուամենայնիվ, ստիպված ենք պրն Թորոսյանին առաջարկել հիշել, որ 2003 թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմության երթերը եւ հանրահավաքները բացառապես սահմանադրական էին եւ օրինականության սահմաններում, սակայն դրանց ճանապարհը փակվեց փշալարերով, ջրցան մեքենաներով եւ զրահամեքենաներով։ Մեր այս հիշեցմանն ի պատասխան, Տիգրան Թորոսյանը նկատեց. «Կարծում եմ, եթե իսկապես օրինականությունը պահպանվում է՝ որեւէ միջոց կամ միջոցներ, որոնք կիրառվում են ցանկացած երկրում՝ անկախ ժողովրդավարության մակարդակից, իմաստ չի ունենա կիրառել։ Եթե խախտումներ կան, եւ դրանց համարժեք քայլեր են իրականացվում, ապա դա, բնական է, եւ որեւէ ողջամիտ մարդ դա չի կարող ժխտել։ Օրինակ, հայտարարում են, թե շրջապատելու են նախագահի նստավայրը։ Եթե մարդիկ ուղղակի գալու եւ կանգնելու են, եւ եթե չի խաթարվում որեւէ կառույցի աշխատանքը եւ երթեւեկությունը, ապա այստեղ որեւէ ապօրինի բան չեմ տեսնում։ Բայց, անկեղծ ասած, շրջափակել եւ այլ արտահայտությունները չեմ հասկանում»։ Տ. Թորոսյանը նկատեց, որ անցանկալի զարգացումները որեւէ մեկը չի կարող բացառել եւ չի կարելի պնդել, որ սադրանքներ չեն լինի. «մեկ բան չափազանց կարեւոր է՝ եթե իսկապես անցանկալի զարգացումներ լինեն, համոզված եմ, որ դրանից չի շահի ո՛չ ընդդիմությունը, ո՛չ երկիրը, ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ժողովուրդը։ Կան խմբեր, մարդիկ, որոնք կշահեն դրանից՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Ուրեմն, հաշվի առնելով իրավիճակի ամբողջ լրջությունը, երկուստեք պիտի լինեն փոխադարձ հանդուրժող եւ փոխադարձ զգույշ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ