Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉՆՉԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ»

Մարտ 26,2004 00:00

«ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉՆՉԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ» Ասում է «Հանրապետություն» կուսակցության մամուլի խոսնակ Սուրեն Սուրենյանցը – Ինչո՞վ բացատրել «Արդարության» եւ «Ազգային միաբանության» համագործակցության մասին հայտարարությունը: – Կարծում եմ տվյալ դեպքում գերակա եղավ հասարակական պատվերը: Բոլոր կուսակցությունները եղան մարզերում եւ ժողովրդի տրամադրություններն այս իմաստով ակնհայտ էին: Նրանք հստակ դնում են իշխանափոխության խնդիր: – Ընդդիմության միավորումն, ըստ ձեզ, իշխանական ճամբարում ի՞նչ արձագանք կունենա: – Անկախ ամեն ինչից իշխանության ճամբարում բոլոր հեռացող ռեժիմներին բնորոշ միտում է ուրվագծվում. վարչական ռեսուրսն այլեւս արդյունավետ չի աշխատում, մնացել է միայն ուժային ռեսուրսը: Բայց ակնհայտ է նաեւ, որ այդ ռեսուրսի գործադրման հնարավորություններն էլ անսահմանափակ չեն: Բացի այդ, ստեղծվել է դասական իրավիճակ, երբ իշխող կոալիցիան չի ուզում ստանձնել որեւէ բանի պատասխանատվություն եւ ընդդիմության քննադատության թիրախ է թողել միայն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Այս վիճակում ակնհայտ է, որ իշխանությունն իր համար պետք է ընտրություն անի. կամ՝ առկա իրողությունները հաշվի առնել եւ անցնցում հեռանալ, ինչը քիչ հավանական է այս պարագայում, կամ՝ փորձել դիմել բռնությունների: Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ բռնությունները ոչնչի չեն հանգեցնի: -Այսինքն՝ դուք այս գլխից աչքի առաջ ունեք իրադարձությունների այդ զարգացման տարբերակը եւս: – Մենք աչքի առաջ ունենք բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակները՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունների օրոք տեղի են ունեցել զազրելի ոճրագործություններ: Բայց ուզում ենք նաեւ տեղյակ պահել, որ հասարակական նման հուժկու ալիքի դեմ որեւէ քայլ ի զորու չէ առնել: Ուստի, ուժային կառույցների ղեկավարներին խորհուրդ ենք տալիս եւս մեկ հանցագործությամբ իրենց չկապել ռեժիմի հետ: – Ստորագրված հայտարարության մեջ նաեւ անհնազանդություն հայտարարելու մասին է ասված: Դա ինչո՞վ է արտահայտվելու: Եվ արդյո՞ք 2003-ի համաժողովրդական ապարդյուն ընդվզումից հետո ակնկալիք կա, որ այս անգամ գոնե նույնչափ մարդ կարձագանքի ընդդիմության կոչին: – Անհնազանդության դրսեւորումները տարբեր են՝ զանգվածային հանրահավաքներ, նստացույց, ընդ որում՝ պերմանենտ, չընդհատվող եւ այնքան ժամանակ, մինչեւ ամենավերջին սալդաֆոնը հասկանա, որ Ռ.Քոչարյանի կողքին կանգնելը նշանակում է հանցագործություն կատարել: Ինչ վերաբերում է մեր ակնկալիքին. ինձ թվում է, որ այս անգամ ընդվզման ավելի հուժկու ալիք է լինելու: – Ինչո՞ւ եք այդպես կարծում: 2003-ին դեռ ընտրություններն աշխուժացրել էին մարդկանց: Հիմա ընդդիմությունը փորձում է ոչնչից աղմուկ ստեղծել: – Հենց դրա համար, որ այն ժամանակ դեռ ընտրություններ էին եւ հասարակության մի մասն էլ դեռ հույս ուներ, որ դեռ կան ընտրությունների իրական արդյունքը ճանաչելու իրավական մեխանիզմներ: Հիմա նման հույս չկա: – Վստահության հանրաքվե անցկացնելու հույս է՞լ չկա: – Իհարկե՝ չկա: Ակնհայտ է, որ այս իշխանություններն անցնցում հեռանալու բոլոր մեխանիզմները մերժել են: Այդ էր պատճառը, որ մեր կուսակցությունն առաջինն առաջարկեց ժողովրդավարական հեղափոխության գաղափարը: Երբ սահմանադրական մյուս մեխանիզմները, ըստ էության, չեն գործում, մնում է միայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի կենսագործումը, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ ժողովրդավարական հեղափոխությունը ենթադրում է հասարակական այնպիսի ճնշում, որ արդեն մենք տեսել ենք 1988-90թթ. Հայաստանում, մի քանի տարի առաջ՝ Հարավսլավիայում, մի քանի ամիս առաջ՝ Վրաստանում: Դրանք շատ հայտնի եւ խաղաղ ձեւեր են: – Այո, բայց ժամանակին Ռ.Քոչարյանն առիթ ունեցավ հայտարարելու, որ ինքը Շեւարդնաձե չի: – Դա իր մեծ մինուսներից մեկն է: Այլկերպ մտածող իշխանությունների հեռացման համար կան էլի դասական ճանապարհներ. դա Միլոշեւիչի հեռացման օրինակն է՝ հասարակական ճնշման տակ: Զրուցեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել