Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Մարտ 26,2004 00:00

Մարտի 28-ին բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, բաժանված երկու կազմի, մեկնում է Պլովդիվ եւ Վարշավա՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարերի:

Այս օրերին կաշվե ձեռնոցի մեր վարպետները Արարատի «Այգ» մարզահամալիրում շարունակում են նախապատրաստվել այդ կարեւոր մեկնարկներին, որոնցում ուղեգրեր տրվելու են արդեն միայն եզրափակիչների մասնակիցներին: Պլովդիվի ռինգում հանդես են գալու Ալեքսան Նալբանդյանը (48կգ), Աֆանասի Պասկաչին (54), Բագրատ Ավոյանը (60), Հրաչյա Հովհաննիսյանը (69), Արտակ Մալումյանը (81), Արթուր Մարաբյանը (ծանր քաշ), իսկ Վարշավայում՝ Վաչիկ Ավագյանը (51), Հարություն Թովմասյանը (57), Ալեքսանդր Գրուզդան (64), Մարատ Թովմասյանը (91): Քանի որ երկու մրցաշարերն էլ անչափ մեծ կարեւորություն ունեն, որոշվել է, որ Բուլղարիա մեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, իսկ Լեհաստանում թիմի հետ կլինի հավաքականի մյուս մարզիչը՝ Կարեն Աղամալյանը:

Երեկ մենք Արարատում զրուցեցինք Ռաֆայել Մեհրաբյանի հետ:

– Պարոն Մեհրաբյան, Պուլայի հետ համեմատած, հավաքականի կազմում նոր՝ մարզասերներից շատերին անհայտ անուններ կան: Ովքե՞ր են նրանք եւ ինչպե՞ս են հայտնվել թիմում:

– Նրանք բոլորն էլ փորձառու բռնցքամարտիկներ են: Եկել են Ռուսաստանից: Պասկաչին Բարի կամքի խաղերի հաղթող է, Ռուսաստանի առաջնություններում եղել է հաղթող ու 2-րդ մրցանակակիր: Վերջերս ես նրան տեսա Աթենքում՝ «Ակրոպոլիսի» մրցաշարում, որտեղ գրավեց առաջին տեղը: Գրուզդան Ռուսաստանի հավաքականում երբեք չի եղել, բայց երկրի առաջնությունում մեկ անգամ 3-րդ տեղ է գրավել, հաղթել է միջազգային մրցաշարերում: Ինչ վերաբերում է Մարաբյանին, նա վրացահայ է, բայց բնակվում է Սամարայում: Արթուրը ժամանակին շատ է եղել Հայաստանում, նույնիսկ այստեղ մարզվել է: Նա ինքն է ցանկություն հայտնել հանդես գալ մեր թիմում՝ մենք էլ հրավիրել ենք:

– Եթե ֆուտբոլում լեգեոներականներին սովորել ենք, մյուս մարզաձեւերում, այդ թվում բռնցքամարտում, այլ տեղերից մարզիկներ հրավիրելն անսովոր է:

– Այո, առայսօր Հայաստանի բռնցքամարտի հավաքականում ընդգրկված են եղել միայն տեղի կադրերը: Բայց հիմա, որ նայում եմ, դրսից մարդ հրավիրելու մեջ ոչ մի վատ բան չկա: Այդպես վարվում են ամբողջ աշխարհում, դա ընդունված կարգ է: Ինչո՞ւ մեր հայերը կարող են հանդես գալ ցանկացած երկրում, իսկ ուրիշները մեզ մոտ՝ ոչ: Բացի այդ, նկատի ունեցեք, որ մենք հրավիրել ենք միայն այն քաշային կարգերում, որտեղ առայժմ արժանի բռնցքամարտիկներ չկան:

– Մտավախություն չունենա՞նք, որ դա հետագայում կարող է սովորություն դառնալ: Հավաքականն ուժեղացնելու, այդ ձեւով մեդալներ նվաճելու նպատակով բռնցքամարտիկներ կհրավիրվեն, եւ Հայաստանում մարզաձեւով զբաղվել ցանկացողների թվաքանակը գնալով կնվազի:

– Ամենեւին ոչ: Այսօրվա արածը ինչ-որ տեղ հարկադրական քայլ է: Հանրապետությունում աճում են բավականին թվով երիտասարդ, հեռանկարային կադրեր, որոնք ապագայում համալրելու են հավաքականը: Բացի դա, համոզված եմ ու ինքս անելու եմ այնպես, որ հավաքականում յուրաքանչյուր քաշային կարգում տեղ ունենալու համար մրցակցություն լինի նախ եւ առաջ տեղի բռնցքամարտիկների միջեւ:

– Եվ վերջին հարցը: Վստա՞հ եք, որ ձեր հրավիրած բռնցքամարտիկների մասնակցությունը Հայաստանի հավաքականի կազմում՝ խնդիրներ չի առաջացնի: Նկատի ունեմ նրանց քաղաքացիության հարցը:

– Նրանց առայժմ ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվում: Եթե օլիմպիական ուղեգիր նվաճեն, քաղաքացիության հարցն էլ կլուծվի: Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես տվել է նրանց մեզ տրամադրելու համաձայնությունը, մենք էլ մեր հերթին պաշտոնապես նրանց ընդունել ենք: Այնպես որ, կարծում եմ, նրանց հետ կապված որեւէ խնդիր չի լինի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել