Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարության «տանգոն»

Մարտ 26,2004 00:00

Ճարտարապետական
արժեք ներկայացնող շենքը քանդում են՝ «օբյեկտ» սարքելու նպատակո՞վ
Գյումրիում կան 3-4 վթարայնության աստիճանի 39 շենքեր, որոնց բնակիչները անընդմեջ դժգոհում են կառավարության «քար անտարբերությունից», հետեւաբար եւ իրենց անմարդկային ապրելակերպից։ Հանեսօղլյան 5 շենքի բնակիչների բողոքը տարբերվում է մյուսներից։ Վերջերս նրանք դիմել էին «Առավոտին»՝ տեղեկացնելով, որ կառավարությունը քաղաքաշինական նոր ծրագրեր իրագործելու փոխարեն սկսել է քանդել վթարային շենքերը։ Վերջիններս որպես օրինակ փաստում են իրենց շենքը, որը 16 տարի շարունակ ընդգրկված է եղել աղետի գոտու վերականգնման տարբեր, անգամ առաջնահերթ ծրագրերում, սակայն բոլորովին վերջերս պարզվել է, որ կառույցը հայտնվել է «քանդման» ծրագրում։ Բնակիչների բնութագրմամբ, քաղաքաշինության նախարարությունը ընտրել է հարցի լուծման ամենահեշտ տարբերակը. կառույցը ոչնչացնել ու իրենց ընդգրկել անօթեւանների հերթացուցակում։ Իմիջիայլոց, այն գտնվում է Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, այսինքն քաղաքի կենտրոնում, ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում, ավելին, շենքի բակում է նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Ուստի բնակիչները չեն բացառում, որ որեւէ պաշտոնյա ցանկություն հայտնի կառույցին տեր դառնալ եւ, ճակատային մասը պահպանելով, այնտեղ հյուրանոց կամ ռեստորան կառուցել։

Քաղաքաշինության նախարարությունը կայծակնային արագությամբ միմյանց հակասող որոշումներ է կայացնում։ Մեր ուսումնասիրած փաստաթղթերից մեկում քաղաքաշինության նախարարի տեղակալ Ս. Քոչարյանը բնակիչներին հուսադրում է, որ հիշյալ շենքի աշխատանքները ընդգրկված են աղետի գոտու 2003թ. կապիտալ շինարարության ՀՀ պետական բյուջեի ծրագրում։

Իսկ մի քանի ամիս հետո նույն պաշտոնյան բնակիչներին տեղեկացնում է, որ շենքի ամրացման նախահաշվարկային արժեքը կազմում է 333 մլն դրամ, ըստ իրենց հաշվարկների՝ 1 բնակարանի համար անհրաժեշտ է մոտավորապես 21 մլն դրամ, ուստիեւ վերանորոգումը տնտեսապես արդարացված չեն համարում։ Շինարար մասնագետների կարծիքով էլ՝ հիշյալ հաշվարկը չափազանցված է, անգամ «Լինսիի» միջոցներով 1 բնակարանի վերանորոգման արժեքը, ամենաճոխ գներով հաշված, այդքան չի կազում։ Ընդ որում, հիշյալ շենքի ամրացման-վերականգնման նախագծային-նախահաշվարկային աշխատանքների համաձայն, շենքի վերանորոգումը մի տարբերակով կազմում է 233, մեկ այլ տարբերակով՝ 270 մլն դրամ, որը, մասնագետների պնդմամբ, դարձյալ թանկ է եւ կան ավելի էժան ու արդյունավետ ճանապարհներ։

ԱՆՆԱ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել