Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՏԻՆԳՆԵՐՈՒՄ ԵՆ

Մարտ 26,2004 00:00

Ա. Կարապետյանի ստվերային կաբինետը պատրաստ է

«Ցրվելու է խորհրդարանը, փոխվելու է կառավարությունն ամբողջությամբ, մի քիչ ուշ՝ նախագահը զիջելու է իր տեղն այլ մարդու»,- հանուն իշխանափոխության սկսված գործընթացին երեկ նման ավարտ կանխատեսեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Երեկ նա հանդիպում էր կուսակցական ակտիվի հետ՝ քննարկելու ներքաղաքական իրավիճակը եւ դրան համադրելու իրենց գործողությունները։ Իսկ վերջիններս դասական են։ «Ընդդիմության հետ յուրաքանչյուր գործողության պատրաստ կանգնած ենք լինելու իբրեւ ժողովուրդ»,- ասաց Ա. Կարապետյանը։ Ի պատասխան լրագրողների հարցերի, Ա. Կարապետյանը կանխավ դատապարտեց ցանկացած բռնի գործողություն, որ կողմից էլ դա լինի։ «Պրովոկացիաներ եմ սպասում ավելի շատ իշխանության մի մասից»,- հավելեց նա։ Իսկ թե ինչպե՞ս պետք է դիմագրավել դրանց՝ «շտաբի հետ կկապնվենք, փորձի փոխանակում կանենք՝ հարեւանների փորձից»։ Նոր ժամանակաբերը նաեւ ողջունեց ու բարի երթ մաղթեց ԱՄ-ին եւ «Արդարություն» դաշինքին, իսկ «Նոր ժամանակների» հաշվով տեղեկացրեց, որ կմիանան՝ երբ իրենց լիովին պատրաստ զգան։ «Իրենց չի՞ հաջողվի իշխանափոխության հասնել, հետո դո՞ւք կանեք» հարցի պատասխանը եղավ. «Չէի ցանկանա նման ենթադրություն անել, բայց յուրաքանչյուր պահի, հանկարծ եթե այնպես չստացվի, պետք է պատրաստ լինել փոխարինելու»։

Իր ելույթի, իր իսկ որակմամբ՝ հեղափոխական հատվածում, կուսակցական ակտիվիստներին Ա. Կարապետյանը մեկ անգամ եւս ներկայացրեց երկրում տիրող իրավիճակի գնահատականները։ Պատկերավոր, ֆիլմային համա, հակադրություններում հանգելով «արդեն նախարարների որդիներն ու սանիկներն են սկսում թելադրել, որ իրենց դեմ խաղ չկա» մտքին, անմիջապես հակադարձեց. «Այդ սկզբունքը վերջանալու է, քո խաղն էլ ենք ցույց տալու, իշխանափոխությունն էլ»։ Ապա դահլիճում թեւածեց նոր ժամանակների ուրվականը։ Երկիրն առաջ տանելու համար անհրաժեշտ (ըստ «Նոր ժամանակների») 18 հիմնական կետերից 14-ը եւ ստվերային կառավարության 70%-ն արդեն պատրաստ է եւ կհրապարակվեն իշխանափոխությունից անմիջապես հետո։ Իսկ նոր ժամանակներում բյուրոկրատական ապարատը պետք է ձեւավորեն բացառապես մասնագետները՝ այն էլ կաշառակերությունից զերծ։ Չեն լինելու խնամի-ծանոթ-բարեկամներ, տրանզիտային ճանապարհ ենք ունենալու դեպի ՌԴ, Իրանից գազատար, 2-րդ ատոմակայանը, ԱՄՆ-ի հետ հզոր ներդրումային դաշտ, կարգուկանոն է հաստատվելու, «27»-ի գործը բացահայտվելու է, անգամ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն են վերականգնվելու, կոալիցիա չի լինելու, ՌԴ-ին տրված էներգահամակարգը համատեղ է լինելու, ՀԱՈՒ-ն վերականգնվելու է։ Մի խոսքով՝ «Հայաստանը դառնալու է տարածաշրջանում առաջատար երկիր, որի հետ հաշվի են նստելու»,- մեղրի պես ծորաց Ա. Կարապետյանի շուրթերից։

Ի դեպ, ակտիվի հետ հանդիպումը ուներ նաեւ փակ հատված, որի ընթացքում, ըստ Ա. Կարապետյանի, փորձելու էին հասկանալ, թե ի վերջո ընդդիմությունը պատրաստվում է իշխանափոխության գնալ միայն խաղա՞ղ ճանապարհով, թե՞… «Ամենակարեւոր բաները բարձրաձայն ասեցինք»,- լրագրողներին փոխանցեց նոր ժամանակների առաջնորդը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել