Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏԸ ԳՈՎՈՒՄ Է «ՌՈԲԵՐՏՈՅԻՆ»

Մարտ 26,2004 00:00

ՌՈԲԵՐՏԸ ԳՈՎՈՒՄ Է «ՌՈԲԵՐՏՈՅԻՆ»

«Արարատի քաղաքային բյուջեն անցյալ տարի ցեմենտի գործարանից առաջին
անգամ գումար է ստացել 30 մլն դրամ,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:- Նախկինում
երբեք չեն ստացել եւ հարց է առաջանում, չէ՞, թե ինչո՞ւ չէին ստանում: Մտածեք՝
ո՞վ էր եւ ինչո՞վ էր զբաղված»: Թափանցիկ ակնարկն ուղղված էր Արարատի ցեմենտի
գործարանի նախկին տնօրեն, այժմ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանին:
«Երեւի ինձ վիրավորված զգայի, եթե Ռոբերտ Քոչարյանը գնար Արարատ ու իմ մասին
բան չասեր,- հեգնեց Արամ Սարգսյանը:- Բայց նա ինչ խոսի՝ իր դեմ է դուրս գալիս»:
Որպես ապացույց նախ ասաց. «Այդ մասին Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր այն ժամանակ,
երբ ինձ նշանակում էր երկրի ամենակարեւոր պաշտոնում: Եթե գիտեր, թե Արամ
Սարգսյանը թալանչի է ու նշանակում էր՝ սխալ էր անում: Ու հավանաբար ինչ-որ
բան ուներ փրկելու՝ դրա համար էր նշանակում: Իսկ եթե չգիտեր ու նշանակում
էր՝ էլի՛ ինքն է մեղավոր, քանի որ նման պաշտոնի չեն նշանակում առանց ուսումնասիրելու
համապատասխան փաստաթղթեր»:
Ըստ էության անդրադառնալով մեղադրանքներին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Խորհուրդ կտայի՝ Ռոբերտ Քոչարյանը գոնե մի՛ անգամ կարդար իր ստորագրած օրենքներն ու հրամանագրերը՝ այդ գործը չթողներ միայն օգնականի հույսին: Եվ կտեղեկանար, որ տեղական մարմինների բյուջեի ձեւավորման մասին փոփոխություններն օրենքում կատարվել են անցած տարի: Իսկ մինչեւ այդ՝ ոչ միայն «Արարատ ցեմենտը», այլ մնացած բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները գումարները փոխանցում էին հանրապետական բյուջե, եւ այնտեղից էին ուղարկվում տեղական բյուջե: Ավելին՝ իմ ժամանակ «Արարատ ցեմենտն» աշխատում էր 22-24% շահութաբերությամբ: Իսկ թե հիմա՞ ինչքանով է աշխատում՝ լավ կլինի, որ ինքը ճշտի: Եվ «Արարատ ցեմենտը» տարեկան 12 մլն դրամ է վճարել Արարատի հիվանդանոցի պահպանման համար, նույնքան էլ քաղաքապետին՝ քաղաքի կոմունալ ծախսերը կազմակերպելու համար: Սա ոչ միայն իմ, այլ գործարանի բոլոր նախկին տնօրենների ավանդն է: «Արարատ ցեմենտը» նաեւ երբեք չի եղել իմ սեփականությունը՝ ես այդ պետական գործարանի տնօրեն շատ ավելի կարճ ժամանակ եմ աշխատել, քան Ռոբերտ Քոչարյանը խոսում է այդ թեմայով: Նույնքան խոսեր Ղարաբաղի մասին՝ հիմա լուծված կլիներ այդ հարցը: Բայց ինձ համար նաեւ զարմանալի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը չգովեր «Ռոբերտո» ընկերությանը, որ հիմա «Արարատ ցեմենտի» սեփականատերն է»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել