Կառավարությունն
ԱԺ-ին է ներկայացրել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու
կարգի մասին» օրինագիծը, որն արդեն մերժվել էր նախորդ ԱԺ-ի կողմից: Արվել
են միայն չնչին փոփոխություններ:
Այս ոլորտն օրենքով կանոնակարգելու պահանջն ընդգրկված է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ 2004-ի հունվարին ընդունված բանաձեւում, որում, սակայն, մի կարեւոր նախապայման կա՝ օրինագիծը պիտի համապատասխանի ԵԽ սկզբունքներին ու չափանիշներին: Սակայն, արդյոք շրջանառության մեջ դրված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը համապատասխանո՞ւմ է այդ չափանիշներին: «Միանշանա՛կ չի համապատասխանում: Իր էությամբ, ոգով ու տառով սա ամենահակաժողովրդավարական օրենք է»,- ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Արդարություն» դաշինքը ներկայացնող Շավարշ Քոչարյանը: Օրինագիծն ուղարկվել է փորձաքննության՝ Վենետիկի հանձնաժողով: Մեր ենթադրությանը՝ գուցե դրանից հետո վերանայվե՞ն օրինագծի մտահոգիչ հոդվածները, պրն Քոչարյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, թե իրականում ուղարկե՞լ են փորձաքննության, քանի որ մարտի 17-ին է այդ նախագիծը մտել ԱԺ, ե՞րբ են թարգմանել, ե՞րբ են ուղարկել… Բայց ինքնին օրենքն իր կառուցվածքով այնպիսին է, որ առանձին հոդվածների մասին չէ խոսքը՝ այն ուղղակի պետք է կառուցված լինի այլ առանցքի վրա: Կա մի առանցք՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելը ե՛ւ սահմանադրական իրավունք է, ե՛ւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթ, եւ օրենքը պիտի ապահովեր այդ հիմնարար իրավունքի իրականացումը, միայն օժանդակ դեր պիտի ունենային սահմանափակումները: Իսկ իրականում այս օրենքի առանցքն արգելքն է եւ ոչ այդ սահմանադրական ու միջազգային պարտավորության կատարումը»: Որպես ասվածի ապացույց՝ մեջբերեց այս օրինագծի հետ մի փաթեթով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծից մի օրինակ. «Նախատեսվում է պատասխանատվություն զանգվածային միջոցառումների կազմակերպիչների եւ մասնակիցների համար: Ի դեպ՝ կազմակերպիչների համար սահմանվում է նաեւ վարչական կալանք, որին միանշանակ դեմ է ԵԽ-ն: Բա՛յց: Չի նախատեսվում պատասխանատվություն պաշտոնյաների համար, որոնք խոչընդոտում են այդ իրավունքի իրականացումը: Իհարկե, օրենքի տեքստում կա գրված, թե «պաշտոնատար անձինք հրապարակային միջոցառումն ապօրինի խոչընդոտելու, միջամտելու կամ դադարեցնելու համար կրում են օրենքով նախատեսված քրեական կամ վարչական պատասխանատվություն»: Ո՞ր օրենքով, եթե փաթեթ են ներկայացրել ու չկա այդ դրույթը»:
Փոխարենը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագծում նախատեսվում են բազմաթիվ ուշագրավ սահմանափակումներ: Ասենք՝ նշված է. «Հրապարակային միջոցառումների ընթացքում արգելվում է բաժանել կամ օգտագործել ոգելից խմիչքներ»: Առաջին հայացքից՝ կարեւոր արգելք է: Մինչդեռ, ըստ Շավարշ Քոչարյանի՝ «Երբ օրենք է գրվում՝ հաշվի է առնվում, թե ինչ ավանդույթներ կան հասարակությունում: Սկսած 1988-ից Հայաստանում եղել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ եւ դրանց ընթացքում երբեւիցե՛ չի եղել, որ խմիչք բաժանեն կամ խմեն: Թեեւ, նույնիսկ զարգացած Եվրոպայում բավական է, որ հավաքվի մեծ զանգված, եւ պարտադիր այնտեղ կլինեն նաեւ մարդիկ, որոնք օգտագործել են ոգելից խմիչքներ: Սակայն Հայաստանում չենք ունեցել այդպիսի ավանդույթ»: Մեր նկատառմանը, թե նախադեպի բացակայությունը երաշխիք չէ, որ նման բաներ չեն կարող լինել ապագայում, ուստի օրենքը գուցե պիտի նախատեսի նաեւ այդ իրավիճակը՝ արժանացավ այս հակափաստարկին. «Այդպիսի միջադեպեր կարող են լինել միայն մի դեպքում՝ օրենքի հեղինակներն ուրեմն ենթադրում են, թե հատուկ կուղարկվեն նման մարդիկ, որ դա առիթ դառնա հանրահավաքը դադարեցնելու: Այլ բացատրություն չունի սա»:
Օրինագծի ուշագրավ նորամուծություններից մեկն էլ այն է, որ երթի համար քաղաքապետարանից թույլտվություն ստանալուց բացի՝ պետք է թույլտվություն խնդրեն նաեւ այն համայքների ղեկավարներից, որտեղով պետք է անցնի երթը: «Զարմանալի բան է՝ դիմել ես քաղաքապետին, թող ինքը տեղյակ պահի թաղապետերին,- ասաց պրն Քոչարյանը:- Պատկերացնենք, թե համայնքապետերից մեկն արգելել է. երթը գնում է մի համայնքով, հասնում մյուսի սահմանին, հետո պիտի թեւ առնի, թռնի օդով ու հայտնվի երրորդ համայնքո՞ւմ: Կատարյա՜լ անհեթեթություն է»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես են մտադիր փոխել օրենքի այս դրույթները, եթե ընդդիմությունը չի մասնակցում օրենսդրական աշխատանքին: Մինչդեռ ժամանակին, երբ դեռ չէին բոյկոտում ԱԺ աշխատանքը, կարողացան կանխել, որ այս նույն նախագիծը չստանա օրենքի ուժ: Մեր նկատառմանը, թե գործնականում զրկված են այս գործընթացի վրա ներազդելու հնարավորությունից՝ պրն Քոչարյանն արձագանքեց. «Նույնիսկ եթե մասնակցեինք էլ՝ չէինք կարող ազդել ԱԺ թվաբանական մեծամասնության վրա: Այնպես որ՝ տվյալ պարագայում մենք ընդամենը շղարշ կծառայեինք օրենքն անցկացնելու համար: Այն, որ նախորդ խորհրդարանում չանցավ՝ պայմանավորված էր լրիվ այլ հարցերով. առանց օրենքի իրենց ձեռքերն ավելի ազատ էին տեսնում, քանի որ կարող էին շարունակել ղեկավարվել նախորդ՝ դեռ 1988-ի օրենսդրությամբ: Այն, ինչ այժմ են նախաձեռնել՝ էլի որեւէ առաջընթաց չի պարունակում սովետական օրենսդրության համեմատ: Բայց չեմ գտնում, թե այս ամենը խոչընդոտ կդառնա ընդդիմության համար զանգվածային միջոցառումներ կազմակերպելիս, ճիշտ այնպես՝ ինչպես մինչեւ այսօր խոչընդոտ չէր նախկին խորհրդային օրենսդրությունը»:
Շավարշ Քոչարյանը, սակայն, նաեւ ասաց, թե օգտագործելու են հնարավոր այլ լծակներ, տեղեկացնելու են ԵԽ-ին այս ամենի մասին. «Եվ տեղյակ եմ, որ եվրոպական կառույցների կողմից արդեն իսկ կա անհանգստություն ու արձագանքներ կան, որ այս օրինագիծը հակաժողովրդավարական է»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ