Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ՌԵԱԼ ՉԷ

Մարտ 25,2004 00:00

ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ՌԵԱԼ ՉԷ Վստահ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Եվրոպական Միությունն արդեն մտադրություն է հայտնել «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ընդգրկել նաեւ Հարավային Կովկասի երկրներին: Հայաստանյան փորձագետների կարծիքով, ԵՄ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ պայմանավորված է մասնավորապես Վրաստանում նոր եւ արդեն ժողովրդավար իշխանությունների ընտրությամբ, ինչը նաեւ այս տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների հեռանկար է խոստանում: Հենց այս համատեքստում, թերեւս, պետք է քննարկել նաեւ Վրաստանի նոր իշխանությունների ակտիվությունն ու Հարավային Կովկասում առաջամարտիկի դեր ստանձնելու արդարացի հավակնությունները: Իսկ այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությունը՝ Հարավային Կովկասի երեք պետությունների ինտեգրման եւ ապա՝ որպես մեկ առանձին միավոր ԵՄ-ի հետ համագործակցության շուրջ, մասնավորապես Հայաստանում այսօր դարձել է քննարկման առարկա: Այս իմաստով ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, երբ տակավին չլուծված են մնում Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, երբ՝ մեկ հայերի, մեկ ադրբեջանցիների կողմից փոխադարձ անհանդուրժողական դրսեւորումները նոր թափ են հավաքում: Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: – Անշուշտ, Հարավային Կովկասի պետություններն աշխարհի համար ավելի գրավիչ եւ հետաքրքիր կլինեն, եթե որպես ընդհանուր միավոր ինտեգրվեն Եվրոպական կառույցներում: Բացի այդ, գաղափարն ինքնին բավականին առաջադիմական է, առավել եւս, որ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հենց այդ ուղղությամբ է զարգանում: Արդի աշխարհում տարածաշրջանային ինտեգրացման պրոցեսներ են գնում եւ դրա ամենավառ օրինակը Եվրամիությունն է, երբ բոլոր պետությունները՝ անկախ իրենց տարածքի չափերից, հորիզոնական հարաբերություններ են հաստատում իրար հետ եւ փորձում են համագործակցել, ինչն, ի դեպ, բավական արդյունավետ է ստացվում: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ տարածքով ամենափոքր երկիրն այդ դեպքում կարող է միջազգային կառույցներում կենսունակ լինել եւ պաշտպանել իր շահերը, բացի այն, որ դա պարզապես փոխշահավետ է: Այն, ինչ առաջարկում էր Սահակաշվիլին, ոչ միայն Վրաստանի քաղաքական էլիտայի ցանկությունն էր, այլեւ աշխարհում ընթացող օբյեկտիվ զարգացումների արդյունք: Հասկանալի է նաեւ, որ ԵՄ-ում ինտեգրացիան վերաբերում է ոչ միայն տնտեսական հարաբերություններին, այլեւ՝ քաղաքական, մարդու իրավունքների ոլորտներին, որովհետեւ ԵՄ անդամ պետություններում միեւնույն արժեքային համակարգն է: Բայց նույնիսկ միայն տնտեսական ինտեգրացիայի հեռանկարը, իմ կարծիքով, գրավիչ է մեր տարածաշրջանի համար: Իհարկե, մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանային ինտեգրացիայի համար, թեեւ, եթե Վրաստանի նախաձեռնությունը՝ Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Հայաստան երկկողմ ինտեգրացիայի վերաբերյալ, կենսունակ գտնվի, դա կարող է մեր տարածաշրջանում ստեղծել այն ռեալությունները, երբ Հայաստան-Ադրբեջան գոնե տնտեսական մակարդակում համագործակցությունը դրական տեղաշարժեր կգրանցի՝ նույնիսկ այն դեպքում, եթե ԼՂ հարցը վերջնականապես լուծված չլինի: – Ադրբեջանի իշխանություններն այս համատեքստում հաճախ են կրկնում, թե ժամանակն աշխատում է իրենց օգտին՝ նկատի ունենալով իրենց տնտեսական զարգացումների հեռանկարը: Մինչդեռ Հարավային Կովկասի երկրների ինտեգրացիան նոր հեռանկարներ է բացելու նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի այս համագործակցությամբ, եթե նա դեմ է անգամ Հայաստանին որեւէ տարածաշրջանային այլ ու գործող համագործակցության ծրագրերում ներգրավելուն: – Իհարկե, Ադրբեջանի դիրքորոշումից շատ բան է կախված: Քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ, միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում հնարավոր կլինի կենսագործել տարածաշրջանային համագործակցության ծրագիրը: Բայց եթե Ադրբեջանը շարունակի իր այդ կոշտ դիրքորոշումը՝ համագործակցությունը կապելով ԼՂ հիմնախնդրի հետ, ապա չի բացառվում, որ դա հանգեցնի այնպիսի բարձր լարվածության, որ նույնիսկ, ասենք, Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման գործընթացներն ավելի դանդաղեն, կամ՝ նույնիսկ դրա ավարտից հետո էլ շատ ներդրումային ծրագրեր Ադրբեջան չմտնեն. ի վերջո, արդի աշխարհը շատ փոխկապակցված է: Իմ կարծիքով, Ադրբեջանի՝ Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունը ինչ-որ տեղ կհաջողվի, բայց դա նաեւ կվնասի հենց Ադրբեջանի շահերին: Բայց մի կողմ թողնենք Ադրբեջանի դիրքորոշումը: Հայաստանի մոտեցումներն էլ են ինձ համար անհասկանալի: Ի տարբերություն մեր իշխանությունների՝ ԼՂ հակամարտությունը ստատուսքվոյի վիճակում սառեցնելու քաղաքականությանը, ինչը միանշանակորեն ՀՀ շահերից չի բխում, այդ հարցում լուծումների գնալու անհրաժեշտությունն օրըստօրե դառնում է ավելի արդիական: Ես համաձայն եմ այն կարծիքին, որ այսօրվա դրությամբ Ադրբեջան-Հայաստան համագործակցությունը հնարավոր չէ: Տարածաշրջանային համագործակցության խնդիրը լուծելու համար մենք երկու պայման պետք է ունենանք. առաջին՝ բոլոր երեք երկրները պետք է պատրաստ լինեն ինտեգրվելուն, երկրորդ՝ տարածաշրջանում եւ՝ մասնավորապես Հայաստանում, պետք է ղեկավարեն իսկապես ժողովրդավարական արժեքներ դավանող ուժեր: Պարզ է, որ այսօր չի կարելի ակնկալել, թե ինտեգրացման պրոցեսները կարող են արագ ընթանալ: Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել