Ընդդեմ գործադուլի «Աշխատանքային օրենսգրքի» նախագծում, որն այժմ քննարկվում է ԱԺ-ում՝ կանոնակարգված է գործադուլ անելու ընթացակարգը, որ կարեւոր կարող է դիտվել, քանզի պայքարի այդ տեսակը գուցե վերստին տեղ գրավի քաղաքական զինանոցում՝ 40 հազար աշխատատեղեր բացվելուց հետո: Ըստ օրինագծի՝ գործադուլ հայտարարելու իրավունք ունի արհմիությունը. «Գործադուլը հայտարարվում է միայն աշխատողների ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման դեպքում»: Այն պիտի ընդունվի գաղտնի քվեարկությամբ եւ աշխատողների ընդհանուր թվի 2/3-ով: Սահմանված է նաեւ, թե ինչ պիտի պարունակի գործադուլ հայտարարելու որոշումը՝ տարաձայնությունների ցանկը, գործադուլն սկսելու ամիսը, ամսաթիվը եւ ժամը, դրա հնարավոր տեւողությունը, մասնակիցների հնարավոր քանակը եւ այլն: Նախատեսվող գործադուլի սկսման մասին կազմակերպիչները պարտավոր են գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն 7 օր առաջ: Իսկ նախազգուշական գործադուլը չի կարող շարունակվել 2 ժամից ավելի: Ընդ որում՝ դրա մասին էլ գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան 3 օր առաջ: «Աշխատանքային օրենսգրքով» սահմանվում են մի շարք կազմակերպություններ, որտեղ գործադուլի մասին պիտի տեղեկացվի առնվազն 2 շաբաթ առաջ: Որեւէ «հանկարծաստեղծություն» կամ բողոքի անակնկալ ընդվզում բացառվում է, ասենք, փոխադրամիջոցների, կապի, առողջապահական, սննդի, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող հիմնարկներում: Իսկ ոստիկանությունում, զինված ուժերում, ինչպես նաեւ էլեկտրա-ջրա-ջերմա-գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում ընդհանրապես է արգելվում գործադուլը: Ավելին՝ գործատուն կարող է դիմել դատարան՝ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով: Եվ դատարանը գործադուլն անօրինական կճանաչի, եթե դրա նպատակները հակասում են Սահմանադրությանը, այլ օրենքներին, կամ եթե առաջադրվել են ոչ իրատեսական պահանջներ: Դատարանը կարող է նաեւ 30 օրով հետաձգել չսկսված գործադուլը, իսկ արդեն սկսված գործադուլը` կասեցնել: Այս բոլոր պահանջներին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ նոր «Աշխատանքային օրենսգրքի» ընդունումից հետո գործնականում անհնարին է դառնալու օրինական գործադուլի անցկացումը: Ա. Ի.