Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ԲԱՅՑ ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Մարտ 25,2004 00:00

ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ԲԱՅՑ ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ Քանի որ աղտոտված ջրից տուժած առաջին արաբկիրցի հայցվորը բավարարվել է 11 օրվա դիմաց 329 դրամ փոխհատուցմամբ եւ չի բողոքարկել վճիռը, ուրեմն մնացած 1500 հայցվորներին էլ է սպասում նույն փոխհատուցումը։ Երեկ ՀՅԴ նախաձեռնությամբ սկսված դատավարության առիթով հրավիրված քննարկման ժամանակ հայցվորների առաջին տասնյակի փաստաբան Մելանյա Առուստամյանը հայցվորների տխուր հեռանկարը կապեց Քաղդատօրի 52 հոդվածի պահանջի հետ, որով առաջնորդվելով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանը երկու շաբաթ առաջ հայցվորների առաջին տասնյակի համար վճռեց նույնանման՝ ամեն անձին 329 դրամ փոխհատուցում։ Նկատենք, որ այս գործով առաջին հայցվորի ներկայացուցիչ է հանդիսացել Սպառողների միությունը, որն, ըստ Մ. Առուստամյանի, չի կարողացել հիմնավոր պաշտպանել իր հովանավորյալի շահերը, չի կարողացել հայթայթել անհրաժեշտ փաստաթղթերը։ Հետեւանքը եղել է այն, որ դատարանը «կողմնորոշվել» է միայն ջրմուղցիների ներկայացրած «գիտականորեն հիմնավորված հաշվարկով», ինչն էլ, ըստ վերոհիշյալ 52-րդ հոդվածի, հետագա դատական գործերի ընթացքում կրկին ապացուցման ենթակա չէ։ Ի՞նչ անել։ Փաստաբանը մի ելք է տեսնում՝ պետք է վճռաբեկ դատարանը բեկանի 1-ին ատյանի դատարանի կայացրած այս գործով առաջին վճիռը, որպեսզի նոր քննությամբ հնարավոր լինի ավելի «մարդկային» վճիռ կայացնել եւ շարունակությունն էլ կընթանա ըստ այդմ։ Սակայն առաջին հայցվորն իր վճիռը չի բողոքարկել։ Տիկին Առուստամյանը դեռեւս չի կապվել նրա կամ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ, քանի որ իր վարած գործը դեռ պիտի լսվի վերաքննիչում, հետո վճռաբեկում։ Բացի այդ, փաստաբանը վստահ է, որ կարող են միանգամից դիմել Եվրոդատարան, որովհետեւ տեղական օրենսդրությունն ի զորու չէ բավարարել տուժողների հայցը՝ Մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Հայաստանը կոնվենցիայի անդամ երկիր է, իսկ իրավական տեսանկյունից նայելով՝ միջազգային օրենքներն ունեն գերակա դիրք։ Որ դատական վճիռների վրա կարող էր ազդեցություն ունենալ Ջրտնտպետկոմի արդեն նախկին նախագահ, հանրապետական Գագիկ Մարտիրոսյանի միջամտությունը, ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի քարտուղար Աշոտ Գեւորգյանն ու փաստաբան Մ. Առուստամյանը միաբերան ժխտեցին՝ «չենք զգացել»։ Սակայն երկու բանախոսն էլ շատ լավ զգացել էին դատարանի անարդար (նույնն է թե՝ կողմնակալ) մոտեցումը որոշ հարցերի։ Օրինակ, ի՞նչ է նշանակում պահանջել քաղաքացուց՝ գնված շշալցված ջրի կտրոն՝ այն դեպքում, երբ դրամարկղը կտրոնի վրա չի արձանագրում գնված ապրանքի անունը։ Ընդամենը նշվում է գումարի չափն ու ամիս-ամսաթիվը։ Կամ, ո՞վ կարող էր գուշակել սպասվող դատավարության մասին, որ պարտադրեր վաճառողին՝ կտրոն տալ։ Հակասություններ կան պաշտոնական տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների մեջ՝ կապված ջուրն օգտագործելու ժամկետի ու ձեւի հետ։ ՀՅԴ ներկայացուցիչներն այլեւս չունեն նախկին ոգեւորությունը, բայց զենքերը վայր չեն դրել։ «Եթե մենք լռեինք, Շենգավիթում տեղի ունեցած նույնանման աղտոտման ժամանակ «Ջրմուղ-կոյուղին» ցիստեռններով մաքուր ջուր չէր մատակարարի եւ ջրամատակարարումն էլ չէր դադարեցնի»,- «Առավոտին» վստահեցրեց մարզային կոմիտեի քարտուղար Ա. Գեւորգյանը։ Նա մեզ տեղեկացրեց, որ դատարանի սահմանած յուրաքանչյուր հայցվորի համար 1500 դրամ պետական տուրքի վճարումը ՀՅԴ-ն կվերցնի իր վրա։ Եթե գործընթացին մասնակցեն բոլոր 1500 հայցվորներն էլ, ապա ՀՅԴ-ն դատարանին կվճարի 2 մլն 250 հազար դրամ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել