Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխականը մենք ենք»

Մարտ 25,2004 00:00

«Հեղափոխականը մենք ենք» Պնդում է Հրայր Կարապետյանը եւ հայտարարում, թե հիմա դրա ժամանակը չէ «Մենք ենք Հայաստանում գործող միակ հեղափոխական կուսակցությունը եւ մենք գտնում ենք, որ այսօր հեղափոխություն պետք է անել մեր գործունեության մեջ ամեն քայլափոխի եւ ոչ թե քաղաքական բախումների եւ հեղաշրջումների միջոցով»,- «Առավոտին» ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, որն այն կարծիքին է, թե սոցիալական իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ, որ առիթ դառնա սոցիալական հեղափոխության։ Հրայր Կարապետյանը նշեց նաեւ, որ Դաշնակցությունը ընդդիմության մեջ չի տեսնում այսօր իշխող գաղափարախոսությունից տարբերվող գաղափարախոսություն. «Ժամանակին Դաշնակցությունը իշխանություններից արմատապես տարբեր գաղափարախոսություն է ունեցել եւ այդ պատճառով է դարձել ընդդիմություն։ Մենք երբեք չենք դրել պաշտոնյաների փոփոխության խնդիր»։ (Այս հարցում պրն Կարապետյանը ճշգրիտ չէ։ ՀՅԴ-ն նման խնդիր բազմիցս դրել է։ Օրինակ, 1992 թվականին ընդդիմադիր դաշինքի հանրահավաքների ժամանակ դաշնակցությունը դաշինքի անդամ ԱԻՄ-ի, ՀՌԱԿ-ի, ԱԺՄ-ի եւ մյուսների հետ պահանջում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը- Մ. Ե.)։ Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը մերժելով հեղափոխական լսումները, գտնում է, որ ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար հարկավոր է կարգի բերել օրենսդրական դաշտը. «Մենք դրա համար պայքարում ենք: Կոռուպցիայի դեմ պայքարում, «Ընտրական օրենսգրքի», սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերում մենք կարող ենք լիովին համագործակցել ընդդիմության հետ»։ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նաեւ նշեց. «Մի շարք հարցերի հետ կապված մեր տեսակետն արտահայտելիս մենք բազմիցս հայտարարել ենք, որ իշխանության քայլերը այլ կերպ պիտի լինեին, բայց սա չի նշանակում, որ մենք այսօր ընդդիմադիր ենք։ Մենք ուղղակի գտնում ենք, որ իշխանության մաս կազմող որեւէ կուսակցություն զգոնությունը չպետք է թուլացնի, այլ պետք է ճանապարհներ գտնի հարցերը շտկելու եւ լուծման առաջարկներ ներկայացնի։ Դաշնակցությունը միշտ էլ այդ ուժն է եղել եւ սրանից հետո էլ կլինի այդ ուժը։ Բայց նաեւ գտնում ենք, որ ընդդիմության առաջարկած ճանապարհն այսօր անընդունելի է»։ Արդեն տեղեկացրել էինք, որ նախարարներից եւ ընդդիմությունից բացի, մարտ ամսին դեպի գյուղ մղվեցին նաեւ կոալիցիոն կուսակցություններն առանձին-առանձին։ Վերջիններս մարզերում հանդիպումներ եւ զրույցներ ունեցան ինչպես իրենց տարածքային կազմակերպությունների, այնպես էլ ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Քանի որ այցերն արդեն ավարտված են, ՀՅԴ խմբակցության քարտուղարին խնդրեցինք մանրամասնել այցելություններից ստացված տպավորությունները։ Հրայր Կարապետյանը նկատեց, որ տարիներ առաջ ժողովրդի կողմից բարձրացված սոցիալական հարցերը շատ ավելի ցավոտ էին, քան այսօր. «Իհարկե, կան խնդիրներ, որոնք կապված են նաեւ մեր երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի, սոցիալական քաղաքականության հետ (իսկ ի՞նչ է պատահել մեր տնտեսական իրավիճակին, եթե ինչ-որ բան այնպես չէ ինչո՞ւ է Ռ. Քոչարյանը շարունակ շեշտում տնտեսական 13,9 տոկոսանոց աճը- Մ. Ե.)։ Սակայն կան խնդիրներ, որոնց մեծ մասը կարոտ է հետեւողական եւ կոնկրետ լուծման։ Ես համաձայն չեմ, որ այդ խնդիրներն այնքան գլոբալ խնդիրներ են, որոնք անլուծելի են իշխանության գործունեության արդյունքում։ Ընդհակառակը, համոզված եմ, որ այդ խնդիրները կարելի է լուծել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել