Հռչակավոր ուսումնարանի շենքային պայմանները անտանելի են
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում անձրեւոտ օրերին գրեթե անհնար է լինում դասեր անցկացնել լսարաններում, քանի որ տանիքից անընդհատ կաթկթող ջրի պատճառով ամենուր դույլեր են շարում, իսկ հողե կիսաքանդ պատերն էլ իրենց վրա են կրում այս ամենից ոգեշնչված ուսանողների վառ երեւակայության հետքերը: Շենքի անմխիթար պայմանները, ինչ խոսք, չեն կարող հոգեբանորեն չճնշել ուսանողներին, սակայն նրանք հերոսաբար շարունակում են ստեղծագործել եւ մասնակցել տարբեր ցուցահանդեսների։ Ավելին, դիմորդների հոսքն ուսումնարան չի նվազել, այլ տարեցտարի աճել է. այսօր այնտեղ կրթություն է ստանում 488 ուսանող։
Ուսումնարանի փոխտնօրեն Ալբերտ Գեւորգյանի խոսքերով, 1983 թվականից շենքը չի վերանորոգվել, իսկ իրենք միջոցներ չունեն անգամ տանիքի նորոգման համար։ Պրն Գեւորգյանի կարծիքով, շենքը հնարավոր չէ վերականգնել. այն պետք է հիմնովին քանդել եւ նորը կառուցել կամ էլ նոր շենք տեղափոխվել։ ՀՀ ԿԳ նախարարության միջին եւ նախնական մասնագիտական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Պիպոյանի հավաստմամբ, նախարարությունը տեղյակ է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում տիրող վիճակին, որը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում ուսանողների կյանքի համար։ Սակայն, ըստ պարոն Պիպոյանի, այս պահին «նախարարությունը գտնվում է ծանր վիճակում եւ չունի անսահմանափակ միջոցներ, որպեսզի նոր շենք կառուցի, իսկ պետությունն էլ արդեն 10-15 տարի ոչ մի լումա չի հատկացրել կրթօջախների վերանորոգման համար»։ Ս. Պիպոյանը նաեւ նշեց, որ ԿԳ նախարարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում փորձում է այլընտանքային լուծումներ առաջարկել ուսումնարանին նոր շենք տրամադրելու հարցում, նույնիսկ դիմել է Լինսի հիմնադրամին, բայց՝ ապարդյուն։ Ըստ նրա, լավագույն դեպքում նախարարությունը կարող է դադարեցնել դասերը, ինչը, խոստովանենք, հարցի օպտիմալ լուծում չէ։ Նա գտնում է, որ ուսումնարանի ղեկավարությունը եւս պիտի հոգա շենքի մասին։ Պիպոյանի խոսքերով, «յուրաքանչյուր սուբյեկտ՝ իրավական, թե ֆիզիկական, ինքն էլ իր հերթին պետք է զբաղվի իր խնդիրների լուծմամբ եւ նորանոր դռներ թակի»։
Հետաքրքիր է, որ 2003թ. նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2004թ. հունվար-փետրվար ամիսներին ԿԳ նախարարության կողմից իրականացվող ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացի արդյունքում Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը եւս հայտնվել է լիցենզիա չստացած կրթօջախների շարքում։ Լիցենզավորման ծառայության պետ Ռոբերտ Փոլադյանը դեմ է եղել նման շենքային պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունը լիցենզավորելուն։
ՀԱՍՄԻԿ ՂԱՐՍԼՅԱՆ