Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՎ $30 ՄԼՆ ՎԱՐԿԸ

Մարտ 25,2004 00:00

ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՎ $30 ՄԼՆ ՎԱՐԿԸ

Ըստ մեր աղբյուրների, Գագիկ Մարտիրոսյանի ազատումը ՀՀ կառավարությանն
առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնից, անմիջականորեն
կապված է ԱԺ վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնության օգտագործման
արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կատարած որոշ
բացահայտումների հետ։ Հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանին երեկ խնդրեցինք
հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը։ Վերջինս խորհուրդ տվեց սպասել մինչեւ
ԱԺ հերթական եռօրյան, որի ընթացքում հանձնաժողովը խորհրդարանին կներկայացնի
իր ուսումնասիրությունների արդյունքները։
Այնուամենայնիվ, մեր որոշ հարցերի պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովը շատ լուրջ խնդիրների առաջ էր կանգնած, որովհետեւ նյութի ծավալը հսկայական է եւ մենք ուղղակի մարդուժի եւ տեխնիկական պատճառներով բավական դանդաղ ենք շարժվել առաջ։ Սակայն ժողովրդին հուզող ամենակարեւոր ծրագրերից մեկի ուսումնասիրությունն արդեն պատրաստ է։ Դա վերաբերում է, այսպես կոչված, համայնքային զարգացման ծրագրին, որը նշանակում է Համաշխարհային բանկից ստացված 30 մլ-նանոց վարկ՝ ջրամատակարարման բավարարման համար»։ Մենք պնդեցինք, որպեսզի պրն Հովհաննիսյանը ասի՝ իրո՞ք Գագիկ Մարտիրոսյանի պաշտոնանկությունը կապված է հանձնաժողովի կողմից արված ինչ-ինչ բացահայտումների հետ։ Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Գագիկ Մարտիրոսյանը երկու անգամ հրավիրվել է մեր հանձնաժողովի նիստերին՝ մարդասիրական օգնությունների հետ կապված եւ վարկային ծրագրի կապակցությամբ։ Իր իսկ խոստովանությամբ, մեր հանձնաժողովը շատ լուրջ աշխատանք է կատարել եւ ինքը տեսավ, որ մենք վեց կարեւորագույն խնդիրներ ենք բարձրացրել, դրանց մի մասում նա ընդունեց իրենց կողմից թույլ տրված թերացումները եւ դրանց ուղղման պատրաստակամության մասին հայտնեց։ Սակայն մեր հետազոտությունները շարունակվում են։ Իսկ թե պաշտոնանկությունը որքանով է կապված մեր զեկույցի հետ, կտեսնեք զեկույցի հրապարակման ժամանակ»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել