Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն «քսվեց» Ռուսաստանին

Մարտ 25,2004 00:00

ՆԱՏՕ-ն «քսվեց» Ռուսաստանին

Ռուսաստանը վերջին հուսահատ փորձերն է անում՝ հակազդելու արեւելյան
ուղղությամբ ՆԱՏՕ-ի ծավալմանը: Սակայն, ՌԴ-ի անհանգստությունն, ակներեւաբար,
ավելի շատ «արարողակարգային» նշանակություն ունի: Նախկին գերտերության իրավահաջորդի
համար այնքան էլ հեշտ չէ միանգամից հաշտվել այն մտքի հետ, որ անմիջապես իր
քթի տակ՝ երբեմնի ԽՍՀՄ-ի բաղկացուցիչ մերձբալթյան հանրապետությունների երկնքում
այսուհետ պարեկություն են անելու ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռները: Մյուս կողմից,
Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը
իրադարձությունների բնականոն զարգացման արդյունքն է, որը կասեցնել սկզբունքորեն
հնարավոր չէ եւ իմաստ էլ չունի: Մոսկվայի աղմկոտ անհանգստությունը, սակայն,
ամենեւին տարերային չէ եւ հետապնդում է հստակ նպատակներ՝ թեկուզեւ ալյանսից
առավելագույն տնտեսական, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ քաղաքական (չեչենական
հարց, լոյալություն՝ երկրի ներսում իրականացվող քաղաքականության որոշ դրսեւորումների
նկատմամբ եւ այլն) դիվիդենտներ քաղելու առումով:
ՌԴ Պետդումայում իրար են անցել: «Ինչպես կարելի է, այդպիսի պայմանավորվածություն չի եղել»,- մոտավորապես այս բովանդակության զայրալից արտահայտությունները վերջին օրերին Մոսկվայի քաղաքական շրջանակներում հաճախ են հնչում: Գործադիր իշխանությունը շտապում է հանդարտեցնել «պատրիոտներին»: «Անհանգստանալու կարիք առանձնապես չկա, խոսքն ընդամենը չորս ինքնաթիռի մասին է»,- ասում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, միեւնույն ժամանակ հավաստիացնելով, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոպ Սխեֆֆերից ակնկալում է բացատրություններ ստանալ՝ մերձբալթյան երկրներում օդուժ տեղակայելու ՆԱՏՕ-ի մտադրության կապակցությամբ: Վերջինս, ի դեպ, մի քանի օրից ժամանելու է Մոսկվա: Իհարկե Իվանովն ավելորդ չի համարել մի քանի «հերթապահ» սպառնալիք հնչեցնել. «մենք ուշադրությամբ հետեւում ենք ալյանսի ընդլայնման գործընթացին, եւ մեզ իրավունք ենք վերապահում համարժեք միջոցներ ձեռք առնել, եթե այդ ընդլայնումը սպառնա Ռուսաստանի անվտանգությանը»,- հայտարարել է Իվանովը, հավելելով, թե Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը վերջին ժամանակներում ակտիվացրել են իրենց վարժանքներն ինչպես Բալթիկ, այնպես էլ Սեւ ծովի ավազաններում:

Նշենք նաեւ, որ այսօր ՌԴ Պետդումայի միաժամանակ երեք՝ միջազգային հարաբերությունների, անվտանգության եւ պաշտպանության կոմիտեները համատեղ ընդլայնված նիստ են գումարելու՝ օրակարգում ունենալով «Մերձբալթյան հարցը»: Սպասվում է, որ նիստի արդյունքներով կկազմվի հայտարարության նախագիծ:

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել