Տառապում են, որ կորցրել ենք ԽՍՀՄ-ը Ասում է դիրիժոր Մուրադ Աննամամեդովը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մարտի 26-ին կայանալիք համերգը կղեկավարի դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Յարոսլավլի ակադեմիական նահանգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Մուրադ Աննամամեդովը։ Հայ արվեստագետներն ու դասական երաժշտության երկրպագուները դիրիժորին վաղուց շնորհել են «տերտերյանագետ» կոչումը։ Մ. Աննամամեդովի ղեկավարությամբ հնչել են անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի բոլոր սիմֆոնիաները (բացառությամբ թիվ 2-ի)։ Դիրիժորը հիշեց, երբ տարիներ առաջ հանդիպել է կոմպոզիտորին, վերջինս կեսկատակ-կեսլուրջ ասել է. «Անկասկած, քո արվեստով կգոհացնես հայ ունկնդրին, միայն նա չի հանդուրժի ազգանվանդ «մամեդով» մասնիկը»։ Խորհրդային տարիներին ազգությամբ թուրքմեն դիրիժորը հաճախակի էր այցելում Հայաստան։ Այսօր նա կարոտով հիշում է այդ ժամանակները։ «Տառապում եմ, որ կորցրել ենք ԽՍՀՄ-ը։ Նախկին 15 հանրապետությունների արվեստագետներս ստեղծագործում էինք ինչպես մեկ ընտանիքի անդամներ։ Եվ դա դրական էր անդրադառնում յուրաքանչյուրիս ստեղծագործական կյանքի վրա»։ Պետությունը ավելի քան աջակցում էր։ «Թեեւ մեր օրերում, պետք է նշեմ, որ արվեստագետը ինքը կարող է ավելի հեշտ հարթել իր ճանապարհը»,- նկատեց դիրիժորը։ Նշեց նաեւ, որ գլխավոր ցավն այսօր օրեցօր աճող կոռուպցիան է բոլոր՝ նաեւ մշակույթի ոլորտում։ Մեր խնդրանքով համեմատելով իր ղեկավարած ու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մակարդակները, դիրիժորն ասաց. «Ձեր նվագախմբի լարային կազմում պարզապես բարձրակարգ երաժիշտներ են։ Իսկ մեզ մոտ փողային կազմն է աչքի ընկնում»։ 2002թ.՝ իր նախորդ այցի ընթացքում, դիրիժորը հանդիպել էր նաեւ Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողների հետ, ինչը չի պատրաստվում անել այս օրերին։ «Առավոտի»՝ «Հնարավոր չէ՞ ժամանակը ռացիոնալ օգտագործել ու վարպետության դասընթացներ անցկացնել Երեւանի պետկոնսերվատորիայում» հարցին Մ. Աննամամեդովը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ սիրում դասավանդել։ Կաբինետային աշխատանքը ինձ համար չէ։ Իմը բեմն է»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ