Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ Է «ՀԱՆՐԱՅԻՆԸ» ԴԱՌՆԱԼՈՒ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ

Մարտ 24,2004 00:00

ԵՐԲ Է «ՀԱՆՐԱՅԻՆԸ» ԴԱՌՆԱԼՈՒ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ Ալեքսան Հարությունյանը փաստորեն հայտարարեց, որ խախտում է օրենքը Ամեն անգամ, երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հրապարակային ելույթ է ունենում կամ հարցազրույց տալիս, այնպիսի մտքեր է արտահայտում, որ ոլորտին քիչ թե շատ տեղյակ մարդը զարմանում է՝ մի՞թե նա ծանոթ է այն օրենքին, որով նշանակվել է իր պաշտոնին եւ որը պարտավոր է կիրառել: Դեռեւս անցյալ տարի, նախագահական ընտրարշավի ընթացքում, պատասխանելով թերթերից մեկի հարցին, թե ինչ կանի, եթե Քոչարյանը չընտրվի, նա պատասխանել էր, թե ինքը (բառացի չեմ հիշում, կշարադրեմ միտքը) թիմի անդամ է եւ բնականաբար՝ թիմով եկել են, թիմով էլ կհեռանան: Իսկ մենք կարծում էինք, թե հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար է նշանակվել, սակայն այդ պատասխանով նա ինքն է հաստատում, որ ոչ՝ թիմային հեռուստատեսություն է պատրաստվում ղեկավարել: Մինչդեռ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» (թեկուզ եւ թերատ) օրենքով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները պարտավոր են անկախ լինել: Հենց այդ պատճառով է նա վեց տարի ժամկետով նշանակվում, այլ ոչ թե 3 կամ 4 եւ ոչ ոք (այդ թվում նրան նշանակողը) չի կարող նրան ազատել պաշտոնից: Այսինքն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը նշանակվում է ավելի երկար ժամկետով, քան ընտրվում է նախագահը, որպեսզի կախված չլինի օրվա իշխանությունից, որպեսզի լինի ոչ թե նախագահի, այլ հանրության թիմի անդամ: Իսկ հանրությունը, ինչպես հայտնի է, միայն Քոչարյանի կողմնակիցներից չի կազմված: Եթե անգամ ընդունենք ընտրությունների պաշտոնական արդյունքները (որոնց միայն ես չէ, որ կասկածում եմ), ապա Քոչարյանին սատարում է հանրության միայն 67,44 տոկոսը: Ստացվում է, որ արհամարհվում է հանրության 32,56 տոկոսը՝ մեկ միլիոն մարդ: Չէ՞ որ նրանք էլ տեղեկություններ ստանալու, այն էլ իրենց՝ հանրային հեռուստատեսությունից տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ իրենց տեսակետները պաշտպանող գործիչների կարծիքները այդ նույն եթերից լսելու նույնպիսի իրավունքներ ունեն: Իսկ հիմա անդրադառնամ Ա. Հարությունյանի վերջին մտքերին. «Հայլուրը» միշտ եղել է իմ հսկողության տակ, եւ որեւէ բան չի փոխվել այն առաջին օրվանից, երբ ես սկսել եմ աշխատել այստեղ» (մեջբերումն ըստ՝ «Առավոտ», 17. 03. 2004): Ապա՝ «Այն կապակցությամբ, թե հետեւո՞ւմ եմ «Հայլուրին», իսկ ինչո՞ւ չպետք է հետեւեմ: Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքականությանը՝ ինչ նկարել, ինչի վրա ուշադրություն դարձնել, միջազգային որ իրադարձություններին հիմնականում անդրադառնալ եւ այլն, բնականաբար, հետեւում եմ» (մեջբերումն ըստ՝ «Հայոց Աշխարհ», 17. 03. 2004): Փորձեմ բացատրել, թե ինչու Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրը չպետք է լինի Ալեքսան Հարությունյանի հսկողության տակ: Բանն այն է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը նման իրավունքներ եւ լիազորություններ չունի: Ներկայացնեմ հիշյալ օրենքի 31 հոդվածի՝ նրա լիազորություններին վերաբերող հատվածը. «Խորհրդի նախագահը՝ ա) կազմակերպում է Խորհրդի եւ նրա աշխատակազմի գործունեությունը. բ) գումարում է Խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները եւ նիստերի արձանագրությունները. գ) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը. դ) համակարգում եւ ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության եւ Խորհրդի բնականոն աշխատանքը»: Գուցե «համակարգում է» եւ «ապահովում է» բառերը մեծ ցանկության դեպքում կարելի՞ է մեկնաբանել որպես «հսկողության տակ պահել», «հետեւել» եւ «գրաքննել»: Բայց ոչ՝ Հանրային հեռուստաընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը գործադիր տնօրենի (ոչ թե խորհրդի նախագահի) լիազորություններից է, եւ այդ մասին նշված է նույն օրենքի 33 հոդվածի, երկրորդ պարբերության ա/ կետում: Իսկ «ինչ նկարելն ու ինչին ուշադրություն դարձնելը» ընթացիկ գործունեությանն են վերաբերում: Հետեւաբար, Ա. Հարությունյանը փաստորեն ինքն է խոստովանում, որ անում է բաներ («հետեւում է» եւ այլն), որոնք օրենքով իրեն վերապահված չեն։ Եվ վերջապես, խորհուրդ կտամ Ա. Հարությունյանին կարդալ նաեւ նույն օրենքի 28 հոդվածի 8-րդ պարբերությունը, որում ասված է. «Հանրային հեռուստառադիոընկերությունում՝ … դ) Հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը … արգելվում է»: Արգելվում է՝ իմպերատիվ ձեւով: Ես չանդրադաձա «հանրայինի» լրատվական թողարկումների ռեպորտաժներին, էթիկական խնդիրներին, նաեւ օբյեկտիվությանը, ինչի մասին նա նույնպես տեսակետ է հայտնել: Ես միշտ համարել եւ համարում եմ, որ էթիկան եւ վարվելակերպը յուրաքանչյուրի կամավոր ընտրությանն են վերաբերում: Կոնկրետ լրագրության մեջ՝ մեկն ընտրում է անաչառությունն ու անկողմնակալությունը, մյուսը՝ ծառայամտությունն ու գործատիրոջ կարծիքին հակառակ կարծիք հայտնողներին միայն ծաղրով ներկայացնելու վարվելակերպը: Բարոյականության հարց է: Այս մասին դեռ հնարավորություն կլինի խոսելու, խոսելու այնքան, մինչեւ բոլորը հասկանան, որ անկողմնակալությունն ու անաչառությունը առաջին հերթին հենց լրատվամիջոցին են ձեռնտու: Եվ վերջում՝ եթե հարգարժան պրն Հարությունյանը գտնում է, որ ինքը ճիշտ է, իսկ ես՝ այնքան էլ ճիշտ չեմ մեկնաբանում օրենքը, ապա պատրաստ եմ այդ հարցերի եւ ընդհանրապես Հանրային հեռուստատեսության գործունեության շուրջ նրա հետ հրապարակային բանավեճի: Պատրաստ եմ անգամ խախտել իմ ուխտը (շատերը գիտեն, որ արդեն երկու տարի մերժում եմ Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց կամ որեւէ խնդրի մասին մեկնաբանություն տալու առաջարկները, քանի որ ուխտել եմ չանել այդ, քանի դեռ «Հայլուրն» ագիտացիայի եւ պրոպագանդայի միջոցից չի վերածվել լրատվամիջոցի): Արդ, պատրաստ եմ անգամ խախտել այս ուխտը եւ բանավիճել նրա հետ հենց Հանրային հեռուստատեսությամբ, պայմանով, որ բանավեճը լինի ուղիղ եթերով: ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել