Ճանապարհը կառուցված է թղթի վրա Ով է կերել 17մլն դրամը «Մարզկենտրոն Հրազդանից Զովաբեր գյուղ տանող 2 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգումը պետբյուջեին արժեցել է 17 մլն դրամ։ Գրունտային 2 կմ-անոց ճանապարհը նախատեսված էր կոպճապատել՝ ապահովելով ջրահեռացումը»,- 2003թ. դեկտեմբերի 24-ին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ ՀՀ նախագահի խոստումներին վերաբերող «Խոսք եւ գործ» հոդվածում։ Այդ ճանապարհը կապում է Զովաբեր, Ծաղկունք, Դդմաշեն գյուղերը Հրազդանի հետ, որտեղ նշված գյուղերի բնակիչները իրացնում են մթերքը եւ գնում են անհրաժեշտ ապրանքներ։ Ճանապարհը հողային է եւ եղանակի փոփոխության հետ դառնում է անանցանելի։ Նախընտրական ժամանակահատվածում 33 ընտրատարածքից առաջադրված թեկնածու Խաչիկ Պետրոսյանը, որն, ի դեպ, ԱԱ ծառայության պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդին է, որպես նախընտրական խոստում սկսել է Զովաբեր-Հրազդան ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Ճանապարհը վերջապես բարեկարգ տեսնելու ակնկալիքով տարիներ շարունակ պայքարող, սակայն ոչ մի կերպ բյուջեից գումար չստացած գյուղերի բնակիչների մի մասը իր ձայնը տվել է Խաչիկ Պետրոսյանին։ Նա դարձել է պատգամավոր, իսկ նրան ձայն տված ընտրողները դեռ սպասում են։ Ճանապարհի շինարարական աշխատանքները այդպես էլ չեն ավարտվել։ Եվ մարդիկ, որոնք առայսօր ճանապարհ չունեն, պաշտոնաթերթերից տեղեկանում են, իբր այդ ճանապարհը կառուցված է։ ԱԺ պատգամավոր Խաչիկ Պետրոսյանին չի հաջողվել տեսնել։ Նրա աշխատակազմից էլ հայտնել են, որ իրենք ոչնչից տեղյակ չեն։ «Առավոտը» եղավ տեղում եւ տեսավ այդ ճանապարհը, որն այս տարվա առատ ձյան եւ անձրեւաջրերի հետեւանքով վերադարձել է նախնական վիճակին եւ կրկին դարձել անանցանելի։ «Իսկ ո՞ւր է անհետացել 17 մլն դրամը»,- հարցնում են բնակիչները։ «Եթե դրա կեսն էլ ծախսվեր, կարգին ճանապարհ կունենայինք»,- ասում էին զովաբերցիները։ Այնուամենայնիվ, մինչ օրս նրանց ջանքերը՝ իմանալ, թե ով է պատասխանատու այս հանելուկի համար, զուր է անցել։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ