Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏՂԱՆ

Մարտ 24,2004 00:00

Օրերս մայրաքաղաքի Շահումյանի անվան հրապարակը բազմամարդ էր: Անցորդները հետաքրքրությամբ սպասում էին մոսկվաբնակ 14-ամյա Բրյուս Խլեբնիկովի (Հացագործյան) ցուցադրական ելույթներին:

Այդ պատանին, որ երկրորդ անգամ է հայրենիք եկել, այս անգամ՝ Հանրային հեռուստատեսության մարզական բաժնի մեր գործընկերների հրավերով, բոլորին զարմանք ու հիացմունք պատճառեց իր ֆիզիկական գերբնական տվյալներով: Սկզբում նա մազերով մի քանի մետր տեղից շարժեց 14 տոննա կշռող մարդատար ավտոբուսը, այնուհետեւ հզոր բազուկներով «սանձեց» հակառակ ուղղությամբ ընթանալ պատրաստվող ՎԱԶ 2107 եւ ՎԱԶ 2106 ավտոմեքենաները, որոնք զարգացրել էին մոտ 80 կմ/ժամ արագություն:

Որդու ելույթին սրտի թրթիռով ու հպարտության զգացումով հետեւում էր նաեւ մայրը՝ տիկին Նելլին, որը Բրյուսի մշտական ուղեկիցն է, եւ Մոսկվայում նրա գլխավոր հովանավոր, բարեգործ Լեւոն Մանուկյանը: Նախապես տեղեկացել էինք, որ Բրյուսը արդեն Գինեսի գրքում 26 ռեկորդ է գրանցել եւ շուտով միջազգային մի նոր դիպլոմ է ստանալու ամենից ավելի շատ ռեկորդներ սահմանելու համար: Տիկին Նելլիից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ եւ ինչպե՞ս են բացահայտվել որդու այդ անսովոր որակները:

– Գիտե՞ք, Բրյուսի լույս աշխարհ գալն էլ անսովոր էր: Նա ծնվել է գնացքում: Չորս տարեկանում նրան տվեցի կարատեի: Մեկ տարի անց սկսեց մարզվել ուշուով: Ունակությունները շատ արագ էին բացահայտվում: Վեց տարեկանում նա մտավ Մոսկվայի ուշուիստների առաջին տասնյակ: Բրյուսի ներքին էներգիան, ասես, անսպառ է: Նա ինքն է որոշում, թե այն ինչպես սպառի: Առաջին անգամ վեց տարեկանում ձեռքերով տեղից շարժեց «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա: Եկան, նկարեցին, գրեցին թերթերում: Հետո անցավ ՋԻՊ-երին, ուղեւորներով լիքը ավտոմեքենաների: Ութ տարեկանում հաջողությամբ մասնակցեց Օստանկինոյի հեռուստաաշտարակ վազքով բարձրանալու մրցումներին, իննում ատամներով տեղից շարժեց 3 տոննա կշռող ՋԻՊ ավտոմեքենա:

Նա անընդհատ իր համար նոր սահմաններ է գծում: Տասը տարեկանում արդեն մազերով տեղաշարժեց երկու BMW, օդում լարան(շպագատ) դիրքով պահեց 160 կգ, 11 տարեկանում Ժուկովսկու օդանավակայանում մազերով քաշեց 12 տոննանոց կործանիչ եւ ձեռքերով՝ մեկ այլ օդանավ: Դա մեկ օրում երկու ռեկորդ էր: Սակայն նրա ամենամեծ ձեռքբերումը 12 տարեկանում էր, երբ Ասլան Աբաշիձեի հրավերով Բաթումում մազերով տեղաշարժեց 105 տոննա կշռող նավը: Բրյուսը ցանկանում էր նաեւ ձեռքերով տեղից շարժել 360 տոննանոց նավ, սակայն Աբաշիձեն չթողեց: Բրյուսի այսպիսի բացահայտումներն այնքան շատ են, որ բոլորը հիշել ու թվարկել հնարավոր չէ:

– Իսկ դուք չե՞ք վախենում, որ մի օր այդքան մեծ ծանրաբեռնվածությունները կարող են ազդել տղայի առողջության վրա: Չէ՞ որ նա ընդամենը 14 տարեկան է:

– Ինձ էլի են այդ մասին ասել: Բայց, գիտե՞ք, Բրյուսն այդ ամենն անում է սեփական ցանկությամբ: Նրան ոչ ոք ոչինչ չի ստիպում: Նա գիտե, թե ինչ է ուզում, գիտե, թե ինչ կարող է անել ու երբեք իրեն չի վնասի:

– Անսովոր ֆիզիկական տվյալներ են: Բժիշկները նրան երբեւէ հետազոտե՞լ են:

– Ճիշտն ասած՝ ոչ:

Ավելի ուշ իմացանք նաեւ, որ Բրյուսը հիմա Մոսկվայում զբաղվում է հունա-հռոմեական ըմբշամարտով: Մարզիչը ճանաչված մասնագետ Արամ Սարգսյանն է: Ու տղան մի երազանք ունի. Հայաստանի դրոշի ներքո մասնակցել օլիմպիական խաղերի եւ դառնալ չեմպիոն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել