Վիկտոր
Դալլաքյանը պնդում է, որ երբեք որեւէ անձի սատկացնելու կոչ չի արել
Նախագահ Քոչարյանի «քաղաքական բոմժի հոգեբանություն» եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «ժամանակը կգա եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու» արտահայտությունները պատասխան էին նաեւ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի հասցեին: Մինչդեռ վերջինս «Առավոտի» հետ զրույցում պնդեց, որ երբեւէ չի խոսել «սատկացնելու» մասին, այլ՝ «Ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու» մասին։ Իսկ սա ակնհայտորեն փոխաբերական իմաստ ունի:
Վիկտոր Դալլաքյանը երեկ նկատեց, որ հանրահավաքների ժամանակ ասվել է. «Պետք է ջարդենք ղարաբաղյան կլանի ողնաշարը եւ տապալենք կլանի պարագլուխներին»։ Եթե նրանք կլանի ողնաշարը սեփական ողնաշարից չեն տարբերում, ուրեմն դա իրենց խնդիրն է։ Ես նորից եմ կրկնում՝ ժողովրդի սկսած շարժումը անձնավորված շարժում չի, սա երեւույթի, համակարգի դեմ է։ Սատկացնելն էլ վերաբերում է հրեշին՝ Քոչարյանի ստեղծած համակարգին։ Այսինքն՝ հրեշին պետք է սատկացնել եւ ոչ թե անձերին։ Եթե այդ անձերը իրենք իրենց հրեշ են համարում, դա իրենց պրոբլեմն է»։
Երեկ մեր խնդրանքով անդրադառնալով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ «Այբ-Ֆե»-ին տրված հարցազրույցի որոշ դրվագների, Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ բանակի վրա հասարակական կարգի պաշտպանություն դրված չէ, նա ունի երկիրը արտաքին թշնամուց պաշտպանելու խնդիր։ Հիշեցնենք, թե ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանն ի պատասխան այն հարցի, թե խաղաղ հանրահավաքների դեպքում հնարավո՞ր է բանակը բերվի մարտական վիճակի. «Գիտեք, որ բանակի գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես իմ լիազորությունների ամբողջ թափով օժանդակելու եմ հասարակական կարգի պաշտպանությանը»։ Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ հասարակական կարգի պաշտպանությամբ ոստիկանությունն է զբաղվում, իսկ բանակը հենց Սահմանադրությամբ որեւէ լիազորություն չունի հասարակական կարգին օժանդակելու։ Նման հայտարարությունները, ըստ Վիկտոր Դալլաքյանի, ապացուցում են, որ գործ ունենք խունտայի հետ։
Պաշտպանության նախարարը նույն հարցազրույցում հայտնել էր, որ օրինական ճանապարհով իշխանափոխության դեմ ինքը ոչինչ չունի եւ որպես օրինական միակ ճանապարհ, նշել էր ընտրությունները։ Հակադարձելով ասվածին, Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «2003թ. նախագահական ընտրությունների ամբողջ ընտրակեղծիքների կազմակերպիչը եղել է Ռ. Քոչարյանի շտաբի պետ պաշտպանության նախարարը։ Այսինքն՝ երբ ինքը խոսում է ընտրությունների մասին որպես իշխանափոխության ձեւ, ինքը շատ լավ գիտի, թե այդ ընտրություններն ինչպես են ընթացել։ Հիմա իշխանափոխության տարբեր ձեւեր կան, մասնավորապես՝ ընտրությունները, նախագահին անվստահություն հայտնելը, պաշտոնանկությունը, հրաժարականը։
Բացի դա, Սահմանադրության 26-րդ հոդվածում կա նաեւ կետ, ըստ որի քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունք։ Այսինքն, նաեւ այս կարգի համաժողովրդական շարժումները կարող են իշխանափոխության պահանջ դնել։ Եվ սա լիովին սահմանադրական իրավունք է։ Այսինքն, ընտրություններից բացի, կան իշխանափոխություն իրականացնելու տարբեր եղանակներ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ