Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քոչարյանը չի գնա

Մարտ 24,2004 00:00

Եթե ստիպված չլինի ԼՂ կարգավորման որեւէ տարբերակ ստորագրել

Հայաստանյան ներքաղաքական զարգացումներին հայրենի ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ տարբեր բնորոշումներ է տալիս՝ անփոփոխ թողնելով միայն դրա վերջնական նպատակը՝ իշխանափոխություն: Կա՞ն արդյոք նախադրյալներ այդ սպասված իշխանափոխության համար: Ահավասիկ այս հարցի շուրջ զրուցեցինք «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ:

Վերջինս խուսափեց կանխատեսումներ անելուց, պատճառաբանելով, թե 1999-ին ինքն արդեն մի անգամ մամուլում իշխանափոխության վերաբերյալ կանխատեսում արել է, բայց դա չի արդարացել ու հիմա աշխատում է ձեռնպահ մնալ նման թեմաների քննարկումից: Այդուհանդերձ, նա անդրադարձավ իշխանափոխություն պահանջող մեր ընդդիմության քայլերին, որոնցից մեկը վստահության հանրաքվեի պահանջն է: «Այդ ընդդիմությունը Քոչարյանին պաշտոնանկ էր անում 99-ի հոկտեմբերի 27-ից հետո, ապա՝ 2000-ի մարտին, 2003-ի մարտ-ապրիլին, հետո՝ մայիսին: Որ չարեցին ո՞վ է մեղավոր: Ընդդիմությունը Քոչարյանի վստահության հանրաքվե է պահանջում: Բայց վստահության հանրաքվեն չեն անցկացնում՝ Քոչարյանը լա՞վ մարդ է, թե՞ վատ, կամ, ասենք, լա՞վ է, որ նա ղարաբաղցի է, թե՞ լավ չէ: Նախագահին ընտրում են նրա քաղաքական ծրագրի համար, եթե վստահում են այդ ծրագրին: Այդ իմաստով Քոչարյանի կուրսին անվստահություն մեր ժողովուրդը հայտնել է դեռեւս 2003-ի մայիսին՝ մերժելով նրա առաջարկած Սահմանադրության տարբերակը: Ընդդիմությունը թող 2003-ի մայիսն տեր կանգներ ժողովրդի այդ որոշմանը: Իսկ այսօր վստահության հանրաքվեի պահանջ առաջադրելով ընդդիմությունը, ըստ էության, լեգիտիմացնում է Քոչարյանին ու աշխատում հենց նրա օգտին ու դեռ հույս էլ ունի, որ նոր հանրաքվեի արդյունքը կընդունվի: Ես չգիտեմ այդ հանրաքվեն լուծում է, թե՝ չէ, բայց դա մի անգամ արդեն եղել է ու ընդդիմությունը 2003-ի հանրաքվեի արդյունքը դիտարկելով որպես՝ Ռ.Քոչարյանին հայտնած անվստահության դրսեւորում, պետք է այդ հարցը դներ ՍԴ-ի եւ Գագիկ Հարությունյանի առաջ՝ պահանջելով իրավական հարթության վրա ճանաչել այդ արդյունքը: Դա ստեղծված փակուղուց դուրս գալու ելք կլիներ»:

Այն հարցին, թե մեր երկրում ժողովրդի ճնշման տակ հնարավո՞ր է իշխանություն փոխել, Շ.Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Ես մի բան գիտեմ. Ռ.Քոչարյանը եկել է ԼՂ հարցը լուծելու ալիքի վրա, բայց որեւէ լուծման տակ չի ստորագրելու: Երբ նրան առաջարկեն վերջնական տարբերակի ստորագրումը, նա կհեռանա. ի՞ր կամքով, թե՞ ժողովրդի ճնշման տակ՝ էական չէ: Բայց դա կլինի պատերազմով հղի իրավիճակ, իսկ ընտրություններն այդ հրաժարականից հետո արդար կլինեն»: Վերադառնալով իր՝ 99-ին արած եւ չարդարացած կանխատեսումներին, Շ.Հարությունյանը նկատեց, թե դրանք հիմնված էին ոչ այնքան ժամկետների, որքան՝ իշխանափոխության շարժառիթների վերլուծության վրա: Իսկ այդ շարժառիթը ինչպես 99-ին, այսօր էլ՝ մնում է բացառապես ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները: «Ես այն ժամանակ էլ կարծում էի, որ Քոչարյանը կհասկանա իր վարած քաղաքականության սխալն ու մինչեւ վերջ չի գնա: Մյուս կողմից էլ, հույս ունեի, որ ընդդիմությունն ավելի լուրջ ընդդիմություն կլինի: Ես նրանց մասին, անկեղծ ասած, ավելի բարձր կարծիք ունեի»,- խոստովանեց Շ. Հարությունյանը:

Բայց այսօր ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում իշխանափոխության համար ռեալ նախադրյալներ կա՞ն:

«Չեմ կարող ասել: Նախադրյալն այն կլինի, եթե ԼՂ հարցի լուծումը օրակարգում դրված լինի: Քանի դեռ Ռ.Քոչարյանի առջեւ դրված չէ ԼՂ խնդրի լուծման որեւէ կոնկրետ տարբերակի ստորագրման հարց, նա իշխանությունից չի հրաժարվելու, ոչ 2008-ին, ոչ էլ՝ 2018-ին: Այդ մարդը որքան ԼՂ-ն պահի ստատուս-քվոյի կարգավիճակում, այնքան մնալու է իշխանության ղեկին: Անկեղծ ասած, եթե ես իմանամ, որ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում Ղարաբաղի հարցը ի վերջո լուծվելու է հօգուտ մեզ՝ ես կխոնարհվեմ նրա առաջ»,- ասաց Շ.Հարությունյանը:

Նրա տեսանկյունից, իշխանափոխության շարժառիթը Քոչարյանի անձը չէ. «Ես ասում եմ, որ նրա քաղաքականությունը տանում է կրախի: Եթե նա կապացուցի, որ այդպես չէ, ես կողմ կլինեմ, որ երբեք իշխանափոխություն չլինի, իսկ հանուն այն բանի, որ 5 հազար քառակուսի կիլոմետր մեզ մնա՝ Քոչարյանին արժե հանդուրժել: Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ այս խնդրի լուծումը որքան ձգվում է, դա մեզ համար ավելի աննպաստավոր է դառնում»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել