Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԿԿ-Ն ՆՈՐԻ՞Ց Է ՃԵՂՔՎՈՒՄ

Մարտ 24,2004 00:00

Արմատական
Թռչունիչը եւ Նորիկ Պետրոսյանը հակադրվում են զգուշավոր Ռուբեն Թովմասյանին

«Մենք չենք կարող աջակցել իշխանափոխություն՝ հանուն իշխանափոխության սկզբունքին։ Ժողովրդի մի մասին մյուսի դեմ հանելն անընդունելի է»,- երեկ նման դիրքորոշում է արտահայտել ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Այս առիթով «Առավոտի» հարցերին պատասխանում են ՀԿԿ կենտկոմի անդամներ Խորեն Սարգսյանը եւ Նորիկ Պետրոսյանը։

Խ. Սարգսյան.- ՀԿԿ-ում գոյություն ունի կարգ՝ ամեն ինչ լուծվում է կոլեկտիվ ձեւով։ Ես չգիտեմ Թովմասյանն ինչ է ասել, թերթերն ինչ են գրել։ Մարտի 3-ին ՀԿԿ-ն հայտարարությամբ արտահայտել է իր դիրքորոշումը։ Իսկ 20 օրում մարդու կարծիքը չի փոխվում։ Հայտարարությունը ծնվել է ՀԿԿ քարտուղարների խորհրդակցության արդյունքում։ ՀԿԿ-ի մեծամասնությունը պահանջել է, որ մենք պետք է մասնակցենք իշխանափոխության միտինգներին։ ՀԿԿ-ի ամեն մի ղեկավարն էլ է մտածում, որ պետք է լինի իշխանափոխություն, քանի որ Հայաստանը դատարկվում է։ Իսկ դատարկված Հայաստանում կուսակցությունների մնալ-չմնալը կոպեկի արժեք չունի։ Բացի դրանից, կոմկուսից մեկը եթե հայտարարություն է անում, անկախ կուսակցությունում զբաղեցրած դիրքից, գուցե արժե ասել, որ դա իր անձնական կարծիքն է։

Նաեւ վերջերս բարձրացված այս հակառուսական հիստերիայի շրջանակներում, տեղից ելնողը, որն իրեն քաղաքական գործիչ է հորջորջում՝ իր կարծիքն է ուզում ժողովրդի վզին փաթաթել։ Մեր պապերը եթե մի ճիշտ բան են արել՝ 300 տարի առաջ կողմնորոշվել են եւ կարողացել են այս հողակտորը պահել իբրեւ հանրապետություն։ Անկախ նրանից, թե իշխանափոխությունից հետո ինչ գաղափարակիրներ կգան իշխանության, պարտավոր են հանրաքվեի միջոցով հաշվի նստել ժողովրդի դիրքորոշման հետ։

– Ձեր որակմամբ հակառուսական հիստերիայում գլխավոր թիրախը «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրն է։ Դուք կողմ եք նաեւ այդօրինակ «համագործակցությանը»։

Խ. Սարգսյան.- Եթե այս գործարանները տրվեին ԱՄՆ-ին, Եվրոպային (իմիջիայլոց այլք տրվել են), որոնք մեծ գումարներ են տալիս, ոչ ոք դրա դեմ չէր խոսի։ Բայց՝ ինչի՞ համար է այդ պարտքն արվել եւ դա նպատակին ծառայել է, թե՝ ոչ։ Ավելին, երբ մենք ստուգում էինք այն չարաբաստիկ «մազութի գործ» հասկացողությունը, ՀՀ ֆիննախարար Լեւոն Բարխուդարյանի կողմից ստորագրված էր 45 մլն դոլարի պարտք ՌԴ-ին։ Ու ի պատասխան իմ հարցումների, միայն ստացա «արխիվներն այրված են, չեմ կարող պարտքի հիմքը ցույց տալ»։ Բայց դա յուրացված է։ Լավ կլիներ՝ պետությունը պետություն լիներ, իր ունեցածն էլ իրեն պահեր։ Եթե այսպես է՝ դա չարյաց փոքրագույնն է։

Ն. Պետրոսյան.- Ժողովուրդը գնում է փոխելու, որն իր իրավունքն է։ Արյուն կլինի, չի լինի՝ Քոչարյանին պետք է հարց տալ։ Արյամբ սպառնաց նաեւ Շեւարդնաձեն, բայց հետո հասկացավ։ Դա իշխանությունների խնդիրն է, ժողովրդի կողմից նման խնդիր գոյություն չունի։ Տարօրինակ է, որ ժողովրդին վախեցնում են «հեղափոխություն» բառով։ Դա չի նշանակում անպայման զինված ապստամբություն։ Այսօր ժողովրդի զինվածությունն իր կամքն ու ստորագրությունն է։ Ինչքանո՞վ նա կկանգնի փողոցում եւ կասի՝ քեզ չեմ ուզում, ինչքանո՞վ չի կաշառվի։ Սա է խնդիրը։ Իշխանափոխությունից մեր ակնկալիքն այն է, որ ամենքն իր ձայնի տերը լինի, իմանա իր վարկանիշը հասարակության մեջ։ Մեր վարկանիշն ամենաբարձրն է։

– «Արդարություն» դաշինքի հետ բանակցություններ կա՞ն։

Խ. Սարգսյան.- Մեր ղեկավարը հանդիպել է դաշինքի ղեկավարներին, ի՞նչ հարցեր են քննարկվել՝ դեռեւս պարզված չէ, երեւի բյուրոյում կներկայացվի։ Հանդիպումներ են եղել նաեւ Բազեյանի եւ Արամ Սարգսյանի հետ։

ՀԿԿ-ն ողջունում է ընդդիմության քայլերը, միանում է ընդդիմության շարժմանը, մասնակցելու է միտինգներին, եւ իշխանափոխությունը լինելու է։ Իսկ Ռ. Թովմասյանի դիրքորոշումը կպարզենք՝ մեզ մոտ երկու կարծիք լինել չի կարող։ Իշխանափոխությունը՝ համաժողովրդական պահանջ է։

Ն. Պետրոսյան.- Ընդդիմությանը վարկաբեկելու համար, ասում են, թե ծրագիր չունեն։ Դա ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու ամենաանբարոյական ձեւն է։ Ընդդիմության ներկայացուցիչների 99%-ը անվճար սովորել ու բուժվել է։ Դա ամենալավ ծրագիրն է։ Այսօրվա իշխանությունն ասում է ձեզ աշխատանք կտամ։ Ստրկատիրական համակարգում էլ էին աշխատանք տալիս։ Այստեղ շահագործողի եւ շահագործվողի հարաբերությունները պետք է հստակեցնել։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը գա Հյուսիսային պողոտան ալան-թալան անի, ժողովրդին շահագործի ու նախագահին պարզերես անի, թե աշխատատեղ է ստեղծել։ 21-րդ դարում մտածել ֆիզիկական գոյության մասին, դա հենց այն է, որ նշանակում է բոմժ։ Դա հիմա մեր պետական քաղաքականության մեջ է։

Ոչ թե նախագահի տղաները պետք է կարողանան տուռնիկի վրա 10 անգամ ձգվել, այլ հարց տվող ուսանողները։ Սպորտով 50-60 տարեկան նախագահը չէ, որ պետք է զբաղվի։

Եվ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ։ Ժողովուրդը ինքը թող ընտրի Քոչարյանին, ավելի վատ Քոչարյանի, բայց ինքն ընտրի։ Մենք էլ որպեսզի մտածենք, որ ժողովրդի բարոյականությունը դեռ չի բավականացնում ճիշտ ընտրություն կատարելու։ Մենք էլ իմանանք, թե ինչ լեզվով խոսենք ժողովրդի հետ։ Բայց ժողովուրդը մեր միջոցով առաջնորդներ է փնտրում։ ՀԿԿ-ն պատրաստ է այդ առաջնորդը լինելու։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել