ՄՏՔԻ ՏԻՏԱՆՆԵՐ՝ ԴԱՈՒՆԻ ՍԻՆԴՐՈՄՈՎ Այդպիսի հակասական պահանջներ է դնելու կրթակարգը դպրոցականների առաջ Փետրվարին ԿԳՆ-ն ներկայացրեց հանրակրթության պետական կրթակարգի նախագիծը, որը լայնորեն քննարկվեց հանրապետության դպրոցներում: Մարտի կեսերին, ըստ նախարարի, պետք է ավարտվեր առաջարկությունների ընդունումը, եւ նախագիծը հանձնվեր կառավարության դատին: Սակայն նախագիծը, մեղմ ասած, հակասական տպավորություն է թողնում: Բերենք մի քանի օրինակ: Նախագծի «Կարողություններ եւ հմտություններ» հատվածում կարդում ենք. միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա լսարանի առջեւ ելույթ ունենալու, ընդարձակ եւ հակիրճ խոսքով հանդես գալու, արտահայտիչ եւ պատկերավոր խոսքով զրուցակիցների ուշադրությունը գրավելու կարողություն: Ավելին՝ պետք է ունենա գրական երգի տպավորության տակ մեղեդիներ հորինելու, նկարազարդումներ, քանդակներ ստեղծելու, փոքրիկ կինոսցենարներ գրելու ունակություն: Այսինքն՝ Ցիցերոնի եւ Լեոնարդո դա Վինչիի մի կատարյալ խառնուրդ: Իսկ ահա ավագ դպրոցը, ըստ նախագծի, երեւակայությամբ իրողությունների խորքը թափանցելու ունակություն կտա: «Ճանաչողության 8211մտածողության մեթոդներ» բաժնում կարդում ենք, որ միջին դպրոցն ավարտողը պետք է իմանա «եւ-կամ», «եթե – ապա», «առնվազն», «ցանկացած», «գոյություն ունի», «ինչ-որ», «ամենաքիչը», «ամենաշատը» բառերի իմաստը եւ կարողանա դատողություններ կատարել դրանց միջոցով: Իսկ «Կարողություններ եւ հմտություններ» հատվածում նույնը պետք է իմանա ավագ դպրոցն ավարտողը, եւ նաեւ իր իմացությանն ավելացնի հետեւյալ բառաշարքը՝ «այն եւ միայն», «անհրաժեշտ է եւ բավարար», «համարժեք է», եւ տարբեր իրավիճակներին համապատասխան օգտագործելու հմտություն ունենա: Ավագ դպրոցն ավարտելով՝ աշակերտը տարբեր իրավիճակներում պետք է կարողանա կիրառել ալգորիթմական մտածելակերպ, մոդելավորել բնության եւ հասարակական կյանքի պարզ երեւույթները եւ օրենքները, տիրապետել մտածողության համընդհանուր մեթոդներին՝ վերլուծում, անդրադարձում՝ ռեֆլեքսիա, համադրում, վերացարկում, կոնկրետացում, ինդուկցիա, դեդուկցիա: Մինչդեռ, տարրական դպրոցն ավարտող աշակերտների համար նախագիծը ուղենշում է հետեւյալ իմացությունները. դիտարկել եւ նկարագրել բնության մեջ կատարվող պարբերական փոփոխությունները՝ գիշեր-ցերեկ, տարվա եղանակներ: Մի խոսքով, երրորդ դասարանում, մտավոր արատներ ունեցողի նման, հազիվ տարբերելով գիշերը ցերեկից՝ երեխան հետագա տարիներին պետք է հասնի ռեֆլեքսիայի եւ ինդուկցիայի բարձունքներին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ