Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱ

Մարտ 23,2004 00:00

«Հանրապետական» կուսակցության գրասենյակում 2003 թվականի Հայաստանի երեք լավագույն մարզիկներին կուսակցության կողմից պատվո թոշակ հանձնելու արարողությունից հետո, օգտվելով առիթից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուշադրությունը հրավիրեցինք «Նաիրի» ստադիոնի հետագա ճակատագրին:

Ժամանակին լինելով մայրաքաղաքի մարզական խոշոր կենտրոններից մեկը, այն ծառայել է երեւանցիների առողջության պահպանման ու ամրապնդման գործին: Հետագայում մարզաբազան զրկվել է խնամքից, հոգատար ձեռքից ու աստիճանաբար մատնվել անգործության: Ավելին, վերջին տարիներին մարզաբազան մաշվածությունից արդեն սկսել է քանդվել: Այդ ժամանակ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստադիոնը գնեց եւ մեծ ներդրումներ կատարելով՝ այն ուզում է դարձնել եվրոպական բոլոր չափանիշները բավարարող մի հսկայական մարզահամալիր, որը կծառայի ոչ միայն ֆուտբոլի զարգացմանը, այլեւ բազմաթիվ այլ մարզաձեւերի, մարդկանց ակտիվ հանգստի կազմակերպմանը:

Նախատեսվածին համապատասխան կառուցելու դեպքում, ի դեմս «Նաիրիի», Երեւանը կունենա լիարժեք մի մարզաբազա, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել նաեւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ՝ մեր հավաքականների եւ ակումբների մասնակցությամբ: Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՈՒԵՖԱ-ն ընդունի ստադիոնը: Իսկ ՈՒԵՖԱ-ն չափազանց խիստ պահանջներ է ներկայացնում: Դրանցից մեկն էլ, որին շատ մեծ կարեւորություն է տրվում, ստադիոններում հանդիսականների եւ ֆուտբոլիստների անվտանգության ապահովումն է: Ցավոք, այս խնդիրը «Փյունիկի» ղեկավարությանը կանգնեցրել է փակուղու առջեւ, քանի որ ստադիոնը սեփականաշնորհելուն գրեթե զուգահեռ դրա շուրջբոլորը՝ պարիսպներին վտանգավոր մոտիկությամբ, բենզալցակայաններ կառուցելու համար հողհատկացումներ արվեցին ու լցակայանները սնկի նման աճեցին: Այդ գործընթացը հիմա էլ շարունակվում է: Ստացվել է մի այնպիսի վիճակ, որ ակումբը ստիպված հրաժարվել է իր ծրագրերի մի մասից ու նպատակահարմար չի համարում նախատեսած ներդրումներն ամբողջությամբ իրականացնել, որովհետեւ որքան էլ ապագա մարզահամալիրը հոյակերտ լինի, միեւնույն է, ՈՒԵՖԱ-ն այն չի ընդունի, միջազգային խաղեր անցկացնել թույլ չի տա: Մինչդեռ, ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանը չունի շատ թե քիչ նորմալ ստադիոն:

– Հողհատկացումներով զբաղվում է քաղաքապետարանը: Դա նրա գործն է,- ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:- Ինչ խոսք, «Նաիրի» ստադիոնի վերակառուցումը ողջունելի նախաձեռնություն է: Բայց եթե շրջակայքում հողհատկացումներ են արվել, դա էլ արդեն սեփականություն է: Բայց զանգվածային լրատվամիջոցները կարող են խնդիրը վեր հանել:

– Կներեք, բայց անցած տարի «Առավոտը», «ՀայTV»-ն եւ UEFA.COM-ը միասին անդրադարձել են խնդրին, սակայն քաղաքային իշխանությունները քար լռություն են պահպանում:

– Այդ դեպքում ճիշտ կլինի, եթե ֆուտբոլի ֆեդերացիան կամ ակումբը դիմեն կառավարություն: Հարցը կմտցնենք նիստերի օրակարգ, կքննարկենք ու կփորձենք համապատասխան լուծում գտնել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Դե ինչ, վարչապետը պատրաստակամություն հայտնեց «Նաիրի»
ստադիոնի հարցը կառավարության նիստում քննարկել, եթե այն պաշտոնապես բարձրացնեն
շահագրգիռ ատյանները: Հուսանք, որ դա չի ուշանա եւ կառավարության անդամներն
էլ քաղաքապետարանի հետ միասին կաշխատեն անպայման խնդրին դրական լուծում տալ,
շտկել նախկինում կատարված անհեռատես քայլը, քանի դեռ ժամանակ կա ու «Նաիրիում»
շինարարական աշխատանքները հնարավոր է նախապես ծրագրված հուն տեղափոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել