Լրահոս
Օրվա լրահոսը

Գերադասում են «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը

Մարտ 23,2004 00:00

«Երեւան» վոկալ քառյակը վերջերս վերադարձավ Եղեգնաձոր կատարած համերգային շրջագայությունից։

Սա սկիզբն է քառյակի առաջին ծավալուն նախագծի։ 2004թ. ընթացքում նախատեսված են համերգներ Կապանում, Գյումրիում, Արտաշատում։ Եզրափակիչ ակորդը կկայանա տարեվերջին՝ Էջմիածնում ու Երեւանում։

Քառյակը ստեղծվել է 2003թ., Երեւանի պետկոնսերվատորիայում ջազ-վոկալի դասախոս Արմանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ։ Խմբի անդամները՝ Անի Պողոսյանը, Հռիփսիմե Ելինյանը, Ռուզան Ավետիքյանը ու Արտակ Մարտիրոսյանը թեեւ անկեղծորեն բարձրաձայնում են, որ իրենք տարբեր ոճերի երգիչներ են (ջազ, փոփ, սոուլ, հեղինակային երգ), բայց գտնում են, որ «միասին ավելի հեշտ կանցնենք երգարվեստի բարդ ուղին, իրար հետ կիսելով ե՛ւ հաջողությունները, ե՛ւ անհաջողությունները»։

Խմբի այցեքարտը Արտակ Մարտիրոսյանի «Երեւան» երգն է, որը հնչել է երեւանյան «Կռունկ», «Սայաթ-Նովա» փառատոներում, Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ «Փառատոներում մեր ելույթներն առայժմ արժանացել են բանավոր գովեստների»,- նշում են երգիչները, շարունակելով, որ իրենց համար հանդիսատեսի համակրանքից բարձր մրցանակ լինել չի կարող։ Ըստ նրանց, այսօր կատարողների հիմնական մտահոգությունը հանդիսատես «հավաքելն» է, բայց, «օրինակ, Եղեգնաձորի շրջանում ցուրտ դահլիճը մեր համերգին լեփ-լեցուն էր։ Չենք ուզում ասել, որ մեր նորաստեղծ խումբն արդեն հանրահայտ է, բայց փաստենք, որ շրջանների ունկնդիրը կարոտ է կենդանի արվեստի հետ շփվելուն»։ Խումբը ելույթներ է ունեցել ծերանոցներում ու մանկատներում, իսկ համերգներին թեեւ երգիչները վարձատրվում են, բայց «դա սիմվոլիկ գումար է ստացվում ձայնագրությունների, տեսահոլովակների հոգսերը հոգալու համար»։

«Առավոտի»՝ «Այդ դեպքում ովքե՞ր են ձեզ աջակցում» հարցին երգիչները միաբերան պատասխանեցին՝ «մեր հարազատները», հույսեր փայփայելով, որ «այս «ինքնագործ» վիճակից հավանաբար դուրս կգանք»։ Մեր հաջորդ՝ «Ի՞նչ հույսեր կան հովանավոր գտնելու» հարցին նրանք պատասխանեցին. «Այսօրվա դրությամբ հովանավորներն են գտնում իրենց հովանավորյալներին, հետեւաբար այս հարցում մեզանից ոչինչ չի կախված»։

Մեր՝ «Անգամ ցանկացած հանրահայտ խմբի յուրաքանչյուր անդամ կուզենա հանդես գալ որպես մենակատար ու, որպես կանոն, նմանօրինակ խմբերը վերջիվերջո կազմալուծվում են» դիտարկմանը երգիչները համաձայնեցին, հավելելով, որ իրենք ճշմարիտ արվեստի կողմնակից են, ու իսկական արտիստի համար բեմ բարձրանալ խմբով, թե անհատական, չպետք է լինի առաջնային խնդիր։ Կարեւորը բարձրակարգ կատարումներով հանդիսատեսին գոհացնելն է։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել