Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

Մարտ 23,2004 00:00

Այսօր
առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Կարապետ ավագ քահանա
Գըլըճյանը կայցելի Կոշի գաղութ՝ եւս մեկ ազատազրկվածի մկրտելու:
1993 թ. մայիսից նա գաղութի պետի խնդրան
քով եւ Սրբազանի թույլտվությամբ ամիսը 2 անգամ այցելում է գաղութ: «Այն ժամանակվա պետը՝ Հովհաննես Հարությունյանը, ազատազրկվածներին ներկայացնելով, ասաց՝ ինչպես պետք է ինձ պահեմ, ասաց նաեւ, որ շփվելու եմ մարդկանց հետ, ովքեր Աստված են փնտրում: Ես Աստված փնտրելու հարցում իրենց պիտի օգնեի»,- հիշեց տեր Կարապետը:

Կոշի գաղութում, հոգեւորականի բնորոշմամբ, մարդիկ են, «որոնց մի ոտքը դրսում է», այսինքն՝ առաջին անգամ դատապարտվածներ: Նրանք ընդունել են ու վստահել տեր Կարապետին՝ նույնը ստանալով հոգեւորականից: Առայսօր շարունակվում է նրանց բարեկամությունը, ինչը երեւում է թեկուզ քահանային թողած փոքրիկ հիշատակից: Ազատազրկվածների ձեռքով պատրաստված հաշվիչը (թզբեհը), որի վրա պատկերված են տղաների ազատատենչությունը սահմանափակող փշալարեր, հետաքրքիր մակագրություն ունի. «Ախպերներից՝ տեր Կարապետին»:

Յուրաքանչյուր ամսվա 2 հինգշաբթիներին գաղութի «բնակիչները» համախմբվում են տեր Կարապետի շուրջը, որը նրանց սիրում է՝ ամեն մեկի մեջ տեսնելով աստվածաստեղծ մարդուն: Հավաքվում են փոքրիկ մի սենյակում, որը միաժամանակ եկեղեցի ու ընթերցասրահ է: Ազատազրկվածներն ապահովված են հոգեւոր գրականությամբ: Տեր Կարապետը դժգոհեց խմբագիրների «ժլատությունից» ու կոչ արեց թերթերի չվաճառված օրինակաները տրամադրել գաղութներին, ինչի արդյունքում ազատազրկվածները կկարողանան գոնե մասնակիորեն հագեցնել ինֆորմացիոն քաղցը:

Տեր Կարապետից հետաքրքրվեցինք՝ հաճա՞խ են ազատազրկվածները դիմում խոստովանության համար:

«Հաղորդության խորհրդին պետք է մոտենանք մաքրված հոգով: Շատ է պատահում, որ գաղութում առանձնազրույցների ժամանակ մարդիկ խոստովանեն իրենց մեղքերը: Նույնիսկ այնպիսի բաներ են ասում, որ ոչ դատավորի, ոչ դատապաշտպանի, ոչ էլ քննիչի կասեն: Բայց դա քիչ է, ես իրենց սովորեցնում եմ իրավամբ զղջալ: Զուր չի ասված «սար ու ձոր՝ տերտերի փոր» արտահայտությունը, այն ինչ լսում եմ, մնում է իմ ներսում: Հակառակ պարագայում հոգեւորականը կարգալույծ կարվի»,- պարզաբանեց քահանան:

Տեր Կարապետը նշեց, որ գաղութում նույնիսկ 35-40 հոգով ծնկի են գալիս ու հաղորդություն ընդունում: Սակայն մի քանիսը նախորդ այցելության ժամանակ հրաժարվել էին հաղորդությունից: Տղաները նախօրեին միմյանց հետ հայհոյանքով էին խոսել, հետեւաբար չէին կամենում «անմաքուր հոգով» հաղորդություն ընդունել:

Ի դեպ, ինչպես ազատության մեջ, այնպես էլ փշալարերի ներսում աղանդավորներ կան, սակայն նրանց չեն պարտադրում եկեղեցի հաճախել ու հոգեւոր զրույցների մասնակցել:

Տեր Կարապետից տեղեկացանք, որ Էջմիածնի կողմից նշանակված Հովհաննես սարկավագ Ռուշանյանը այսուհետեւ կաթողիկոսի ներկայացուցիչն է լինելու Արդարադատության նախարարությունում եւ համակարգելու է հոգեւոր սպասարկությունը: Արդյունքում, Կոշի գաղութից բացի, մյուս բանտեր էլ հոգեւորականներ կայցելեն, սակայն ոչ թե առիթից առիթ, այլ պարբերաբար:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել