Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ու այլմոլորակայինները

Մարտ 23,2004 00:00

Շաբաթ
օրը ոստիկանները փորձում էին փակել Սարդարապատի թանգարան գնացող ուսանողների
ճանապարհը:
Թվով 500 տարբեր բուհերի ուսանողներ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի գլխավորությամբ, 7 լեփ-լեցուն ավտոբուսներով գնում էին Սարդարապատի Ազգագրության թանգարան-ինստիտուտ: Ուսանողների բողոքն ուղղված էր թանգարանն ամբողջությամբ «ռազմականացնելու» դեմ:

Հիշեցնենք, որ թանգարանը պաշտպանության նախարարությանն է պատկանում, եւ վերջերս ծրագիր է մշակվել այն դարձնել նորագույն ռազմական տեխնիկան ցուցադրող բաժանմունք: Իսկ եղած բացառիկ ցուցանմուշները (մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչեւ մեր օրերը ընկած տարբեր ցուցանմուշներ՝ բրոնզեդարյան մշակույթի բացառիկ նմուշներից մինչեւ արորն ու բրիչը) նախատեսված է ցրել թանգարաններով: «Առավոտն» արդեն հայտնել է, որ անցած շաբաթ թանգարանի աշխատակիցները հանդիպել են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, եւ վերջինս խոստացավ եւս մեկ անգամ ծանոթանալ խնդրի բոլոր կողմերին՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ: Սակայն ուսանողների մտահոգությունն առայժմ, մնում է:

Շաբաթ օրը դեպի թանգարան գնացող ուսանողներին Մուսա լեռան հուշարձանի ներքեւում դիմավորեցին մահակներով զինված կոմուֆլյաժավորներ, ոստիկանության եւ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: Սակայն, հավանաբար, ոստիկաններին ոչ ոք վերեւից չէր հրահանգավորել, թե ինչ պատճառաբանությամբ է հնարավոր խոչընդոտել քաղաքացինեի ազատ տեղաշարժը: Այդ պատճառով ճանապարհը խցանած մահակավորները բավականին հետաքրքիր բացատրություններ էին տալիս. «Գիտե՞ք ինչ բան է սեպտեմբերի 11-ը, ա՛յ այդպիսի տեռակտ է տեղի ունեցել ատոմակայանում»: (Ինչպես ասում են, հեռու տնից-տեղից):

Հետո, տեսնելով, որ պատճառաբանությունը չափից դուրս սահմռկեցուցիչ է, ոստիկաններն ավելի «մեղմ» վարկած էին առաջ քաշել. «Դիվերսիոն խումբ է իջել Հոկտեմբերյան՝ պարաշյուտներով, մենք էլ որսում ենք նրանց,…կարող ա ընկնեք կրակի տակ»: Խոսակցությունն արդեն համարյա մոտենում էր բնության անոմալ երեւույթներին եւ այլմոլորակայիններին, երբ հայտնվեց ճանապարհը փակելու եւս մի բացատրություն՝ «թաղում է»: Տեսարանն այնքան զավեշտալի էր, որ անգամ անցորդներն են զարմացած հարցրել. «Եթե թաքնված տեսախցիկ է, ասեք, իմանանք»:

Տեսնելով, որ արգելելը պարզապես անհեթեթ է դառնում, ոստիկանները վերջապես հայտնեցին, որ դեսանտին բռնելու օպերացիան վերջացել է, եւ ուսանողներին թույլ են տալիս գնալ թանգարան, բայց պայմանով, որ հանրահավաք չի լինելու: Ուսանողները, ձեռք-ձեռքի բռնած, շրջափակեցին թանգարանը: Իսկ թանգարանի աշխատակիցներին, որոնք համարձակվել էին բողոքել «ռազմականացման» դեմ «պատժելու են հետեւյալ կերպ». «Համը հանեցիք, հիմա ձեզ կտան մշակույթի նախարարությանը, գնացեք՝ սոված մնացեք»:

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել