Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կռիվ հերթացուցակների համար

Մարտ 23,2004 00:00

Թղթատարություն պահանջող գործընթացը ոչ միայն քաոս է ստեղծել
մի շարք կառույցներում՝ անձնագրային ծառայությունում, տնային կառավարչություններում,
այլեւ ավելի է խորացրել քաղաքապետ-մարզպետ հակասությունը:
Մարզպետի հայտարարած անօթեւանների թվի հետ քաղաքապետը ոչ մի կերպ չի համաձայնում՝ մեղադրելով, որ «որոշ մարդիկ» թիվը աղավաղված են ներկայացնում՝ ելնելով կուսակցական խնդիրներից: Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին այլ թիվ է ներկայացնում: Ստացվում է, որ կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ծավալով շինարարություն է անհրաժեշտ սկսել Գյումրիում: Փաստորեն, քաղաքաշինական ծրագրերի լինել-չլինելը կախված է հենց անօթեւանների թվից: «Առավոտը» Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված անօթեւանների թվի կտրուկ նվազումը, ինչո՞ւ 7800-ը դարձավ 2870 (մարտի 1-ի դրությամբ): Եվ քաղաքապետն ինչպե՞ս է բացատրում տնային կառավարչություններին հասցեագրված բողոքները:

«Առավոտին» էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով կառավարչությունների աշխատակիցների վատ սպասարկումից եւ «մեծ ախորժակից»: Անօթեւաններից շատերը ավելորդ ձգձգումների, հետեւաբար եւ գոյացած հերթերի պատճառով չեն հասցրել վերահաշվառվել: Արդյունքում՝ անօթեւանների թիվը նվազել է արհեստականորեն: Քաղաքապետի կարծիքով, այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ բնակիչները. նրանք, ովքեր հերթագրված են 15-ից բարձր կետերում (այսինքն՝ համեմատաբար քիչ արտոնություններ ունեն. հաշմանդամ չեն կամ երկրաշարժին չեն կորցրել ընտանիքը կերակրողին), մտածելով, որ իրենց բնակարան ստանալու հերթը դեռ չի հասել՝ քաղաքապետարան չեն ներկայացել: Իսկ չարչրկվող 7800 թիվը Վարդան Ղուկասյանը պատճառաբանեց գործընթացի շարունակական լինելով: Քանի դեռ իրենք նորակառույցները չեն ընդունել ու մարդկանց չեն բնակեցրել, իրավունք չունեին նրանց անունները հերթացուցակներից հանել: Նույնը վերաբերում է նաեւ բնակարանի գնման վկայագիր ստացած բնակիչներին: Շատերը վկայագրերը ձեռքներին փնտրտուքի մեջ են եւ հայտնի չէ, թե երբ նրանց կհաջողվի բնակարան գնել: Վարդան Ղուկասյանը չի համաձայնում նաեւ արձանագրված 2870 թվի հետ: «Եթե ֆիզիկապես մեկ ամսվա մեջ չենք հասցրել, բայց մարդը ամբողջ կյանքը այս քաղաքում է ապրել, բնակարան է կորցրել, ամենակարեւորը՝ հիմա էլ Գյումրիում է գտնվում, ուրեմն ի՞նչ է, զրկվա՞ծ է անօթեւանի կարգավիճակից, ո՞վ է էդպիսի բան ասել»,- զայրանում է քաղաքապետը:

Կառավարչություններում ստեղծված քաշքշուկներն էլ, ըստ Վարդան Ղուկասյանի, շատ հաճախ քաղաքացիների ու աշխատակիցների միմյանց ճիշտ չհասկանալու պատճառով են: Քանի որ կառավարչությունը այսօր հարկային տեսչության դեր է կատարում. աղբի, գույքի եւ այլ հարկեր է հավաքում, ուստիեւ տեղեկանքներ տրամադրելուց բնակիչներից պահանջում են նախկին պարտքերը մուծել, որի արդյունքում էլ նման դժգոհություններ են առաջանում: Բնակիչների պնդմամբ էլ աշխատակիցների նպատակները իրենք հոյակապ են հասկանում. գանձվող գումարը հենց տեղեկանքների համար է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել