Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սողանք – 2

Մարտ 23,2004 00:00

Չնայած քաղաքաշինության նախարար Արա Արամյանի երեկվա ասուլիսը նվիրված էր հայ-ճապոնական հակասողանքային համագործակցությանը, լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր նախարարի որդին, որը մասնակցել էր «Տրիումֆ» սրճարանի արյունոտ «ռազբորկային»:

Նախարար Արամյանը նախ տեղեկացրեց, որ մարտի 12-ին «Տրիումֆ» սրճարանում, ընկերների եւ այլ խմբի հետ զինված բախումից հետո իր որդու՝ Հայկ Արամյանի առողջությունը լավ է, լրագրողները փորձեցին ճշտել նախարարի կարծիքը խնդրի որոշ բաղկացուցիչների վերաբերյալ: Ներկայացնում ենք Արա Արամյանի խոսքը առանց խմբագրման:

«Առավոտ» – Ինչպե՞ս կգնահատեիք ձեր որդու պահվածքը:

Արա Արամյան – Ցանկացած լրատվամիջոց ունի իր քաղաքական տեսանկյունը եւ կատարում է քաղաքական պատվեր: Եվ անհարկի մեկնաբանություններ են կատարվում՝ ըստ իրենց քաղաքական ուղղվածության, իմ որդու հետ կապված երեւույթի: Ես կարող եմ հիմա հազար օրինակ բերել, թե իմ ընտանիքի լավ լինելու, թե իմ որդիների լավ, դաստիարակված, պարկեշտ լինելու մասին: Բայց գտնում եմ, որ թե լրատվամիջոցների մեկնաբանությունները, տվյալ պահին անհարիր, թե իմ կողմից հիմա արված ցանկացած մեկնաբանություն՝ անհարիր, որովհետեւ ցանկացած լրատվամիջոց կարող է իմ ասած ցանկացած բառը մեկնաբանել եւ տեսաբանել այնպես, ինչպես ինքն իր քաղաքական տեսանկյունից կտեսնի հարիր եւ իր քաղաքական պատվերին հարիր:

Դրա համար ասեմ, որ գործի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Գործը կքննվի եւ մենք կհանդիպենք այն ժամանակ, երբ ամբողջ աշխատանքը կավարտվի եւ կլուսաբանվի ամբողջությամբ, թե ինչ է կատարվել: Ցտեսություն ձեզ, ցտեսություն ձեզ:

«Առավոտ» – Դուք ինչքանո՞վ եք մեղավոր, որ ձեր որդին նման պահվածք է դրսեւորում:

Արա Արամյան – Ես ասացի, որ իմ տղան նման քայլի է դիմել: Չի արել: Ես մեղավոր-անմեղ հիմա չեմ ասում: Եվ ասացի, որ ցանկացած լրատվամիջոցի նման մեկնաբանությունը, որը կատարում է քաղաքական ինչ-որ շարժառիթներով, թե քաղաքական պատվեր, թե քաղաքական ուղղվածություն՝ անհարիր եմ համարում եւ լրատվամիջոցների մեկնաբանումը, եւ մի կողմից: Ես լինելով նաեւ գործադիր մարմնի ներկայացուցիչ, գտնում եմ, որ հիմա որեւէ այլ մեկնաբանություն չունեմ, քան այն, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Մեր դատական, քննման մարմինները կավարտեն իրենց աշխատանքը՝ կլուսաբանվի եւ այն ժամանակ կերեւա ամբողջ գործընթացը: Շնորհակալություն: Ցտեսություն:

«Ազատություն» ռ/կ – Նախագահն ասում էր, որ պետք է համեստ լինեն պաշտոնյաները…

Արա Արամյան – Իմ ընտանիքը, իմ երեխաները ամենահամեստն են այս աշխարհում: Ցտեսություն ձեզ:

«Առավոտ» – Սա գործի հետ կապված չէ: Ձեր տղային որտեղի՞ց նման մեքենա (Արա Արամյանի որդին վարում է BMW մակնիշի ջիփ, որի գինը, որոշ տվյալներով, մոտ է 80-90 հազար ԱՄՆ դոլար է – Ա.Զ.):

Արա Արամյանը հերթական ցտեսությունն էր ասում, իսկ նրա օգնականներից մեկը շատ կամաց ասաց. «էդ մեքենան շուտ են առել»:

«Առավոտ» – Չե՞ք կարծում, որ այդ փորձանքներից խուսափելու լավագույն միջոցը ձեր հրաժարականն է:

Արա Արամյան – Ես կուզեմ, որ ոչ մեկդ չընկնեք նման փորձանքների մեջ:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել