Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՃՌՈՐՈՇԸ 2004-Ն Է

Մարտ 23,2004 00:00

Այս
տարի է դաշնակցությունը որոշելու, թե արժե՞ վերանայել իրենց մասնակցությունը
կոալիցիային
ՀՅԴ ընդհանուր ժողովին հաջորդած ասուլիսում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շեշտելով, թե կոալիցիայի կուսակցությունների հետ «5 կետի շուրջ ենք որոշել համագործակցել, եւ ընդամենը այդքան՝ ոչ ավելին», նաեւ նշեց, թե Հայաստանում ՀՅԴ քաղաքականությունը ճշտող կառույցը Գերագույն մարմինն է. «Կոալիցիայի մասով նրանք, կարծում եմ, երբեմն պարտավոր են վերանայել իրենց կեցվածքը՝ կրկին այն համատեքստում, որ դա ինքնանպատակ չէ, եւ իրենց ներկայությունը կոալիցիայում արդյոք նպաստո՞ւմ է այն նպատակների իրականացմանը, որ դրել են իրենց առաջ»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից փորձեցինք պարզել, թե ե՞րբ են պատրաստվում տալ այդ գնահատականը, թե արդյոք կոալիցիայում լինելն արդյունավե՞տ է իրենց նպատակներն իրականացնելու տեսակետից: «Այդ տրամաբանությունը գործել է կոալիցիայի մեջ մտնելու պահից ի վեր,- պատասխանեց պրն Ռուստամյանը:- Հրանտ Մարգարյանը խոսել էր պարբերական գնահատումների մասին: Եվ գնահատման հերթական փուլի մեջ ենք հիմա: Մեր իսկ դիտարկումները հանգեցնում են նրան, որ իսկապես ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կատարել անցած ճանապարհի գնահատում եւ տեսնել, թե որքանով ենք արդյունավետ լուծել այն խնդիրները, որ կոալիցիան դրել էր իր առջեւ: Այս առումով, կարծում ենք, որ հենց այս տարին՝ 2004-ը շատ կարեւոր է լինելու կոալիցիայի գործունեության հեռանկարն ապահովելու առումով, եւ խնդիրների լուծման արդյունավետությամբ է պայմանավորված լինելու կոալիցիայի լինել-չլինելը: Ավելի ստույգ՝ առնվազն մեր լինել-չլինելը կոալիցիայում: Ընդհանուր ժողովն արդեն իսկ տվել է բավական լուրջ գնահատումներ անցածի վերաբերյալ եւ խնդիրներ առաջադրել, որոնք պետք է կատարվեն:

Հստակ է, թե հարցերը որ ոլորտներին են վերաբերելու՝ օբյեկտիվորեն առկա է որոշակի դժգոհություն ժողովրդի մեջ, որ մենք էլ ենք տեսնում մարզերում մեր հանդիպումների ժամանակ: Տեսնում ենք, որ կուտակվել են բավական լուրջ խնդիրներ եւ, բնականաբար, դժգոհությունն առաջին հերթին ուղղված է իշխանությանը: Եվ հանգել ենք հետեւյալին, որ կոալիցիայի հաջողության բանաձեւը պետք է հետեւյալը լինի՝ այն պետք է կարողանա լուծել ավելի շատ խնդիրներ, քան դրանք կուտակվում են: Այս դինամիկայի դրական լինելուն խոչընդոտող որոշ հարցեր կան այսօր, որոնք առաջադրել ենք մեր գործընկերներին: Դա ե՛ւ սոցիալական ուղղվածության շեշտադրումն է, որը դեռ լիարժեքորեն չի կատարվել, ե՛ւ տնտեսության մեջ որոշակի լուրջ փոփոխություններ իրականացնելը, որ ենթադրում է ստվերայնությունը պակասեցնելը, կլանային համակարգը եւ մենաշնորհային, արտոնյալ վիճակները վերացնելուն ուղղված հրատապ քայլեր: Գլխավոր հարցը, որ ունենք մենք՝ կոռուպցիայի դեմ պայքարն իրական հողի վրա դնելն ու իրականացնելն է: Եվ, ի վերջո՝ գործադիր իշխանության մեջ ցանկացած կադր պիտի հասկանա, թե այդ խնդիրների լուծման արդյունավետությամբ է պայմանավորված կառավարությունում իր լինել-չլինելու հարցը: Կադրային քաղաքականության այս մոտեցումն էլ պիտի ընդունվի կոալիցիայի կողմից: Եվ այս տարին իսկապես շատ վճռորոշ կլինի այդ խնդիրների վերջնական պատասխանը ստանալու, մեր մարտավարական մոտեցումները ճշտելու առումով»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել