Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՄԻ ԲՈՒՄԵՐԱՆԳ

Մարտ 20,2004 00:00

ԷԼԻ ՄԻ ԲՈՒՄԵՐԱՆԳ Արձագանքելով «Արդարություն» դաշինքի շտաբի ղեկավար Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, թե «ապրիլին տապալվելու է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը»՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է «Տարեգրին». «Ճիշտն ասած, «տապալում» բառն իմ դուրը չի գալիս: Եթե խոսքը գնում է իշխանափոխության մասին, ապա իշխանափոխությունը մեր երկրում կարող է տեղի ունենալ սահմանադրական ճանապարհով, եւ եթե այդ ճանապարհով տեղի ունենա, ոչ ոք, այդ թվում՝ կոալիցիան, դրան դեմ լինել չի կարող: Բայց տապալումը ենթադրում է, հավանաբար, ինչ-որ բռնի գործողություններ, որոնք, ես կարծում եմ, Հայաստանում ոչ միայն հնարավոր չեն, այլեւ՝ նույնիսկ դրանք կատարելու փորձը ցանկալի չէ»: Հետո հավելել է. «Պրոբլեմն այն է, թե այդ գործողություններն ինչ բնույթի են լինելու: Եթե լինելու են բռնի տապալման փորձի էլեմենտներով, ապա նրանք գործ են ունենալու ոչ թե քաղաքական դաշտի հետ, այլ իրավապահ մարմինների»: Ուշագրավն այն է, որ այս խիստ օրինապաշտ հայտարարությունների հեղինակը մի մարդ է, որը 1995-ին մեղադրվում էր զինված հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ, իսկ հետո դատապարտվեց հեղաշրջման կոչեր անելու համար: Եվ իրադրության փոփոխության հիմքով ազատ արձակվելուց հետո չփորձեց էլ, իր իսկ բնորոշմամբ, «օրիորդի կեցվածք» ընդունել եւ պնդել, թե «ես անցնում էի փողոցով, իսկ իրենք…», այլ հայտարարեց, թե շատ էլ լա՛վ են արել: Ստացվում է՝ իրենց կարելի էր փորձել բռնությամբ տապալել իշխանությունը, իսկ այս պարագայում՝ «ցանկալի չէ»: Ընդ որում, ի տարբերություն այդ նախկին փորձի՝ ներկա ընդդիմադիրները բացահայտ հայտարարում են իրենց մտադրությունների մասին եւ գաղտնի հանդիպումներ ու մարտական ջոկատների հետ բանակցություններ չեն վարում, նրանց զենք ու միջոցներ տրամադրելու խոստումներ չեն տալիս: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների հետ գործ ունենալուն, 1995-ին ազգային անվտանգության կառույցը ղեկավարած Սերժ Սարգսյանը, որը եւ բացահայտել էր «Վահան Հովհաննիսյան+30» գործը, երեկ «Այբ-ֆե»-ում հրապարակված հարցազրույցում ասել է. «Ով փորձի անօրինական ճանապարհով իշխանություն փոխել, օրենքի ամբողջ ծավալով ստանալու է… Ովքեր ասում են սատկացնելու ենք, ովքեր ասում են՝ ջարդելու ենք, ուրեմն՝ ժամանակը կգա եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու»: Ինչպես կասեր Ռ. Քոչարյանը՝ «անցել ենք այդ ժամանակներով» ու աչքի առաջ ունենք, որ այդ «սատկացնելը» թերեւս նշանակում է հետո ԱԺ փոխնախագահի պաշտոն տալ կամ երկրի ղեկավարությանը մերձ որեւէ այլ տեղ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել