Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունիում աշխատատեղեր են բացվում

Մարտ 20,2004 00:00

Մարտունիում աշխատատեղեր են բացվում Այդ թվում՝ 4 դագաղի խանութ Երեկ խմբագրություն էր այցելել Մարտունու ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը։ Պրն Հարությունյանը եկել էր սիրտը բացելու. «հավատ չկա, հավատ, մի տեղ չկա, մեկը չկա, որ իմանաս ո՞ւմ դիմես, ո՞ւմ բողոքես, ո՞վ հարց կլուծի»։ Զրույցից հետաքրքիր տեղեկություններ ստացանք։ Մասնավորապես, ըստ Ռ. Հարությունյանի, վերջին շրջանում «Մարտունիում 4 դագաղի խանութ է բացվել, 11 դեղատուն, 13 աէրոկասսա»։ Ռ. Հարությունյանի վերլուծություններով, դա նշանակում է, որ. «աճել է մահացածության թիվը, հիվանդների եւ գնացողների»։ Մյուս կողմից, ամենեւին էլ բացառված չէ, որ 13,9 տոկոս տնտեսական աճն ապահովվում է հենց այդ՝ մանր ու միջին դագաղային բիզնեսով։ Պրն Հարությունյանը պատմում է նաեւ, որ մարտի 6-ին, կառավարության անդամները (առողջապահության, բնապահպանության նախարարներ, գյուղնախարարության, կրթության նախարարության, ջրային տնտեսության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզպետը)՝ թվով 8-10 հոգի, Մարտունիում հանդիպել են ազգաբնակչության հետ։ 110 տեղանոց դահլիճում հիմնականում ներկա էր էլիտան՝ հիմնարկների պետեր, գյուղապետերն իրենց տեղակալներով։ Արդյունքում ստացվել է՝ «պարտխոզակտիվի» ժողով։ Իսկ իր մտահոգությունները բարձրաձայնած Ռ. Հարությունյանը «սպիտակ ագռավի» դերում է հայտնվել։ Հարությունյանին հետաքրքրել է, թե ինչու արդեն 13 օր է չի աշխատում կեղտաջրերի մաքրման կայանը, ինչի հետեւանքով քաղաքի կեղտաջրերը լցվում են Սեւանա լիճ։ Շուրջ 10 տարի աղբը թափվում է անտառներում, լճում։ Ձնհալի արդյունքում վարարած ոռոգման ջուրը 7-10 դրամով է վաճառվում ժողովրդի վրա, մինչդեռ անգամ մեկ դրամի ծախս չի պահանջվել։ Բայց Հարությունյանի համար ճակատագրական դարձած հարցը մարզպետին ուղղվածն էր։ Բանն այն է, որ դեռեւս 2003 թ. Մարտունու մի խումբ բնակիչներ դիմել էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, որ Մարտունու քաղաքապետ Ռաշիդ Մհերյանը, մի շարք անօրինականություններ եւ խախտումներ է թույլատրում։ Արդյունքում, դատախազությունը ստուգումներ է անցկացրել Մարտունու քաղաքապետարանում։ Հայտնաբերվել են մի շարք օրինախախտումներ, մասնավորապես, բյուջեի պլանավորման գործընթացում բաժինների կողմից չի ներկայացվել տեղեկանքներ սկզբնական հաշվարկների վերաբերյալ։ Ըստ ստուգումների ակտի՝ «Բաժիններում չի վարվում որեւէ հաշվառում, բացակայում են գրանցամատյանները։ Առեւտրի բաժնում բացակայում է առեւտրի օբյեկտների ցանկը, նախորդ տարիների չվճարած պարտքը եւ նմանօրինակ այլ փաստեր»։ Մի խոսքով, ստուգումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել։ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել մարզպետարանին՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար։ Վեց ամիս հետո գործը կարճվել է։ «Ինչո՞ւ»,- հարցին ի պատասխան Ռադիկ Հարությունյանը ծեծի է ենթարկվել քաղաքապետի կողմից։ Ընդ որում, Հարությունյանը ծեծի է ենթարկվել նախարարների աչքի առջեւ։ «Հիմա փորձում են գործը շուռ տալ,- ասում է Հարությունյանը,- բայց ես տեսաերիզ ունեմ։ Ժողովրդի շահերից խոսում ես՝ ծեծվում ես, չես խոսում՝ էս վիճակն է։ Բա ո՞նց կլինի մեր ախրը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել