Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆՎԵ՞ՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ»

Մարտ 20,2004 00:00

«ՆՄԱՆՎԵ՞ՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ» Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հակադարձում է Երեւանի մամուլի ակումբի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի հետ իրենց համատեղ հայտարարությանը հետեւած գնահատականներին: – Քննադատության ենթարկվեցիք, որ Բուդապեշտում հայ սպայի կացնահարումից հետո դատապարտումի բառ անգամ չասացիք, մինչդեռ հետո հայտարարությամբ մտահոգություն հայտնեցիք Հայաստանում հնչած մի քանի պնդումների առնչությամբ: – Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո շատ էին արձագանքները: Եվ բնական է, որ յուրաքանչյուրս էլ իր մեջ դատապարտում էր կատարվածը: Ի՞նչ, հերթական հայտարարությունն անեինք, թե մենք է՞լ ենք մեղադրում, երբ դատապարտում էր ամբողջ հասարակությունը: – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչին այս 4 կազմակերպությունների հայտարարության շեշտադրումները բերել էին համոզման, թե գործել եք «ինչ-որ մեկի հրահանգով կամ դրդմամբ», նաեւ, որ «այստեղի ծնունդ» չէ այն՝ ներմուծված գաղափար է: -Ցավն այն է, որ Հայաստանի քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը չեն պատկերացնում, թե կարելի է անել ինքնուրույն քայլեր, եւ ամեն ինչ վերագրում են դրսի թելադրանքին: Իր «Անցյալից» երկում Լեոն բավական փաստարկված նկարագրում է, թե ինչպես էին հայ հեղափոխական կուսակցությունները դրսի թելադրանքով կազմակերպում զինված բախումներ Արեւմտյան Հայաստանում, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ուշադրությունը հրավիրեն այդ բախումների վրա: Ավելի՛ն: 1903-1905 թվականներին հայ-ադրբեջանական բախումները, որոնց ակտիվորեն մասնակցում էր ՀՅԴ-ն՝ հրահրված էին ցարական Ռուսաստանի կողմից: Իսկ Հովհաննես Թումանյանը փորձում էր հաստատել խաղաղություն: Ուրեմն՝ ո՞վ էր դրսից թելադրված՝ Հովհաննես Թումանյա՞նը, թե՞ այդ բախումների մասնակիցները: 1914 թվականի կամավորական շարժումը, ի դեպ, դրսի թելադրանքի արդյունքն էր: Հիմա էլ այդ նույն քաղաքական կուսակցությունները հիմնականում գործում են դրսի թելադրանքով, ու չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է հայտարարություն անել առանց դրդման, միայն սեփական խղճի թելադրանքով: Իսկ մեր հայտարարությունը թելադրված էր այս հիմնական փաստարկով՝ պիտի շարունակենք ապրել այս տարածաշրջանում, իսկ դրա համար պետք է խաղաղություն մեր բոլոր հարեւանների հետ: Ու բացի այդ՝ արդյոք Հայաստանը շահեց ղարաբաղյան պատերազմը հակաադրբեջանական հիստերիայո՞վ: Իմ կարծիքով՝ ո՛չ: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիա է՝ արդյոք մենք պետք է նմանվե՞նք նրանց: Իսկ եթե նմանվում ենք՝ ապա ինչո՞վ ենք մենք նրանցից տարբեր. թող սրա՛ մասին մտածեն: Ցավոք, Գուրգեն Մարգարյանի ողբերգական մահը «հայրենասիրական» մրցակցության շահարկման առարկա դարձավ որոշ քաղաքական գործիչների համար, որոնց կարծիքով հարեւաններին ատելը հայրենասիրության ամենափայլուն դրսեւորումն է: Կուզենայի այդ գործիչներին հիշեցնել, թե ինչպես էր հայկական զինվորական պատվիրակությունը ցանկանում ամեն կերպ, մեր պետության նվաստացման գնով իսկ հայտնվել Բաքվում՝ ՆԱՏՕ-ի համաժողովին: Լավ կլիներ այդ ժամանակ մտածեին մեր ազգային արժանապատվության մասին: – Հավասարության նշան դնելով Հայաստանում հնչած մի քանի որակումների եւ Ադրբեջանում մարդասպանին հերոսացնելու գործընթացի միջեւ՝ արդյոք չե՞ք արդարացնում այնտեղ տիրող այդ մթնոլորտը: – Բացարձակապե՛ս: Ընդհակառակը՝ մեղադրելով Ադրբեջանին հակահայկական քարոզչության մեջ, ես չեմ ուզում, որ Հայաստանի հասարակությունը եւ պետությունն էլ նմանվեն այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանում: Այս առնչությամբ կուզենայի նաեւ հիշեցնել Թումանյանի խոսքերը, թե չկա վատ ժողովուրդ եւ լավ կառավարություն: – Այնուամենայնիվ, Ադրբեջանի որեւէ հասարակական կազմակերպություն չդատապարտեց Սաֆարովի արարքը: Արդյոք սա իրոք վկայությո՞ւն չէ, որ ադրբեջանցիները խրախուսում են գործված ոճիրը: – Նախ պետք է ճշգրիտ իմանալ, թե Ադրբեջանում ինչ վիճակ է տիրում: Եթե այնտեղ իրոք հակահայկական հիստերիա է, ապա հնարավոր է, որ շատերն են դատապարտում (իսկ ես համոզված եմ, որ կան նման մարդիկ), բայց վախենում են այդ մասին խոսել բարձրաձայն: Արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ Հայաստանում էլ ստեղծվի այդ մթնոլորտը: – Այսուհանդերձ, պնդո՞ւմ եք, թե այս առիթով Արմեն Ռուստամյանի կամ Գալուստ Սահակյանի արած հայտարարությունները հենց ռասիզմի կամ շովինիզմի դրսեւորումներ էին: – Որակումները կարող են նաեւ այլ լինել: Բայց ի՞նչ կփոխվի դրանից: Փաստն այն է, որ այդ որակումներն ավելի են խորացնում թշնամանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: – Նման փաստարկ էլ հնչեց, թե ինչո՞ւ են Հայաստանից հակադարձում: Այ, եթե նման հայտարարություններ լինեին Ադրբեջանից, որ մենք գենետիկորեն անհամատեղելի չենք՝ կարելի էր դրական գնահատել ու համոզվել, թե նրանք ցանկանում են իրոք համապատասխանել եվրոպական արժեքներին: – Եթե մենք անընդհատ հետեւենք, թե ինչ են ասում ադրբեջանցի գործիչները, եւ նույն որակումներով նրանց հակադարձենք, չեմ կարծում, թե կարող ենք հասնել որեւէ լավ բանի: Ի վերջո, թող պատասխանեն այս հարցին՝ մեր տարածաշրջանում խաղաղություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ի դեպ, Արմեն Ռուստամյանի հայտարարությանը օրերս առարկել էր նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ ԵԽԽՎ պատվիրակությունում նրա նախկին ղեկավարը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, որն ասել էր. «Եթե հայտարարում ենք, որ մենք եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի ենք, ուրեմն արդարացնում ենք թուրք մարդասպանի արարքը, իսկ դա շատ վտանգավոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել