Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԽՐԱԽՈՒՍԵՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Մարտ 20,2004 00:00

Վարչապետն ուզում է դա ավանդույթ դարձնել

Երբ անցած տարի առաջին անգամ Եվրոպայի թիմային չեմպիոն դառնալու առիթով Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել էր շախմատի Հայաստանի կանանց հավաքականին, որպես «Հանրապետական» կուսակցության նախագահ նա կուսակցության անունից մեր լավագույն մարզիկներին նյութական աջակցություն ցույց տալու պատրաստակամություն էր հայտնել: Հետամուտ լինելով գաղափարին՝ այնուհետեւ որոշվել էր ամսական համապատասխանաբար 100, 75 եւ 50 հազար դրամ խրախուսանք տրամադրել տվյալ տարվա Հայաստանի լավագույն մարզիկներին:

Երեկ կուսակցության գրասենյակում Անդրանիկ Մարգարյանն ընդունեց 2003 թվականի Հայաստանի մարզիկների լավագույն եռյակին՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին եւ ծանրորդ Աշոտ Դանիելյանին:

Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց. «Մենք ունենք խրախուսման ֆոնդեր, պետբյուջեով նախատեսված միջոցներ, որոնցով ամեն տարվա վերջին պարգեւատրում ենք լավագույն մարզիկներին: Բայց, թերեւս, այսօր առաջին անգամ է, որ ի դեմս «Հանրապետականի», կուսակցությունն է թոշակի տեսքով դրամական մրցանակներ սահմանում մարզիկներին»:

«Այն, ինչ նախաձեռնեցինք անցած տարի շախմատիստների հետ հանդիպման ժամանակ, ուզում եմ դառնա ավանդական: Մենք նպատակ ունենք աջակցել պետությանը, մարզական կազմակերպություններին, սպորտպետկոմին,- ասաց Անդրանիկ Մարգարյանը:- Ցավոք, պետությունն այսօր նրանց ձեռքբերումները արժանի գնահատելու հնարավորություն չունի: Մեր կուսակցության հիմնական նպատակներից է սիրողական, հատկապես՝ մանկապատանեկան սպորտի զարգացմանն աջակցելը:… Սպորտին մեծ տեղ է հատկացվել ինչպես մեր կուսակցության, այնպես էլ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրերում: Եվ պատահական չէ, որ «Հանրապետականի» կառուցվածքում կա սպորտի հարցերով հատուկ հանձնաժողով: Սպորտպետկոմը կազմել է սպորտի զարգացման եռամյա ծրագիր: Հուսանք, որ արդյունքները կտեսնենք մոտ ապագայում»:

«Պատվո թոշակ ստացողները կարող են ամեն ամսվա սկզբին գալ գրասենյակ եւ ստանալ գումարները»,- ասաց վարչապետը: Հետո ավելացրեց նաեւ, որ, ճիշտ է, դրանք այն գումարները չեն, որ սոցիալական հարցեր լուծեն, բայց առայժմ կուսակցության հնարավորություններն այսքան են: Առաջին խրախուսական գումարները անձամբ հանձնելուց հետո վարչապետը հայաստանցի մարզիկներին օլիմպիական այս տարում մաղթեց հաջողություններ, Աթենքում՝ մեդալներ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել