Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱ ԱՆՎԵՐՋ ՄԻԱՅՆԱԿ ԽԱՂԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»

Մարտ 20,2004 00:00

Նվիրում եմ Տիգրան Հայրապետյանի 40-ամյակին

Ո՞վ էր Տիգրան Հայրապետյանը։ Մեզանից մե՞կը։ Ախր, ինքը չափազանց շատ էր մեզանից մեկը լինելու համար։ Մարգարե՞ էր. բայց մարգարեն մեկ առավելություն ունի, տասնյակ անկատարություն եւ նույնքան խոցելիություններ։ Մարգարեն հավատում է ինքն իրեն, իր ասածներին եւ այն ամենին, ինչ կանխատեսում է։ Կանխատեսման ճշգրտության չափը, իրողություն դառնալու աստիճանը որոշում է կանխատեսողի բարոյականությունը, որով նա տարբերվում է հարյուրավոր քաղաքական գործիչներից, որոնք վախենում են երեք իրար հաջորդող իրադարձությունների տրամաբանությունից կանխատեսել չորրորդը՝ այն համարելով պարապ զբաղմունք։ Տիգրանը կանխատեսում էր վատը, որպեսզի չիրագործվի վատթարագույնը, իսկ վերջինը նախատեսում էր իր համար։ Քաղաքագե՞տ էր։ Անշուշտ։ Եվ մեծ քաղաքագետ։ Անկախացած հանրապետության առաջին խոշոր քաղաքագետը եւ առաջին դասականը։ Հայաստանում նոր-նոր զարգացող գիտությանը նա լեզու տվեց, իսկ դասականը այլ բան չէ, քան լեզվի տարերքի հայտնաբերող։ Ողբերգական մա՞հն է հարկադրում այդպես դատել. այո։ Ի՞նչն է մեզ դարձնում այդքան պաթետիկ, այդքան բարձրագոչ, այդքան մենակ եւ այդքան անպաշտպան, որքան մահը։ Կա՞ արժեւորման ավելի մեծ չափանիշ, քան մարդու մահը, կա՞ գոյության ավելի հուսալի, անբռնազբոս ձեւ, քան անմահությունը։ Մեռած անմահներ չեն լինում, լինում են ողջ անմահներ։

Գրելուց առաջ որերորդ անգամ թերթեցի Տիգրանի «Անապատի հազար տարի» գիրքը եւ ապշեցի նույնիսկ վերնագրի կանխատեսման իրողությունից, «անապատ» եւ «հազար տարի» կապակցությունների սիմվոլիկայից։ Ակնարկը չափազանց թափանցիկ է՝ իր ժողովրդին առաջնորդող Մովսես մարգարեի անապատային 40-ամյա դեգերումների այլաբանությունը։ Եվս, ինչպես Չարենցը կասեր՝ «մի երկնային առնչության պատմություն»։ Թվարկեմ Տիգրանի հոդվածների վերնագրերի մի փունջ եւ կհասկանաք, թե ինչ են նշանակում «անապատ» եւ «հազար տարի» արտահայտությունները։ Ահա՝ «Այսպես պետություն չի կայանում», «Բռնապետությունը հայրենիքը չի փրկի», «Փոխարինելո՞ւ է արդյոք «Դաշինքը» ներկա վարչակարգին», «Կրկին պատերազմ թե խաղաղություն երկընտրանքի առջեւ», «Հայաստան, յո՞ երթաս կամ ո՞վ է բռնելու չարագործի ձեռքը», «Ո՞րն է հեղափոխության այլընտրանքը», «Ղարաբաղ. քաղաքական հետնախորշերի «լվացման» միջավայր», «Զրոյի ձգտող ժողովրդավարական պրոգրեսիան», «Զգուշացեք ներքին արնաթողությունից», «Իշխանության լեգիտիմության վերականգնման հրամայականը», «Ռուսները նորից խաբեցին…», «Հայաստանում հեղաշրջման իրականացման տարբերակների շուրջ», «Հայրենասիրական ամբոխավարությունից անդին», «Հայրենիքի սահմանները առեւտրի առարկա լինել չեն կարող», «Ռոբերտ Քոչարյանը ՀՀ բազիլեոս բազիլեուս, թեոս մագնուս եւ կամ սահմանադրական կարգի պաշտպան», «…հերթական հեղաշրջմանն ընդառաջ», «Ընդդեմ նոր սպանությունների, հանուն արդար ընտրությունների» եւ այլն, եւ այլն։

Հասկանալի չէ՞ կամ հասկանալի չդարձա՞վ, թե ինչ են նշանակում «անապատ» եւ «հազար տարի» արտահայտությունները։ Հիշատակված բոլոր հոդվածները հրապարակվել են օրաթերթերում, որտեղ, թվում է, դրանք պիտի թիթեռնիկի կյանք ունենային, սակայն փորձենք կրկին տպագրել միեւնույն օրաթերթերում ուրիշ ստորագրությամբ եւ տարբեր տարեթվերով, կհամոզվեք, որ նույնքան հրատապ են, ինչպես գրության օրերին եւ ոչ ոք չի կասկածի, որ դրանք 5-10-12, հազար տարվա վաղեմություն ունեն։ Բա անապատը ուրիշ ինչպե՞ս է լինում։ Սա է անապատի, մեծ դատարկության պարգեւած անմահությունը, այստեղ պետք է որոնել հայ ժողովրդի հինգ-տասն-հազարամյա հարատեւության գաղտնիքը՝ մեծ դատարկություն եւ մեծ անշարժություն։ Դարերն այստեղ ոչինչ չեն փոխել, ուր մնաց այն հինգ տարին, որ մեր երկրային անցողիկ կյանքում անցնում ենք առանց Տիգրանի, մնացյալ հազար տարին նրա հետ անցնելու միեւնույն դատապարտվածությամբ։ Փոխվել են միայն մասշտաբները. Տիգրանը գրում էր «Հայաստան եւ աշխարհ», «Հայաստան-Միջին Արեւելք», «Հայաստան եւ տարածաշրջան», իսկ մեր քաղաքագիտական միտքը սպառվում է «Երեւան եւ նախագահի նստավայր» ճանապարհին։

Խոսքս ավարտեմ մեջբերմամբ, որ ամենայն հավանականությամբ ծնվել է Տիգրանի մտքում մի դառնաղի պահի. «Դուք, հավանաբար, ացտեկյան, փյունիկյան կամ խազարական այն վայրագ քրմերից եք սերում, որոնք իրենց կուռքերի անսասանության ապահովման համար կոտորել էին տալիս հաղթանակած բանակի զինվորներին անգամ»՝ որպես հիշեցում եւ նախազգուշացում օրավուր կռապաշտացող մեր կյանքի շինարարներին, որպեսզի որեւէ քայլ անելուց առաջ եւս մեկ անգամ վերստուգեն իրենց մտահղացման բարոյական լինելը եւ անսան բարոյականության մաքուր ձայնին, ինչպես Տիգրան Հայրապետյանը։

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել