Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Մարտ 20,2004 00:00

Գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում

Ամփոփենք անցած շաբաթ տեղի ունեցած տեղաշարժերը ոստիկանության համակարգում, որոնք, ըստ որոշ կարծիքների, միտված են ընդդիմության սպասվելիք ցույցերը ճնշելուն, հանրահավաքների մասնակիցներին ծեծելուն եւ զանգվածային «վարչական կալանքները» առավել արդյունավետ կազմակերպելուն։

Երեւան քաղաքի ոստիկանապետ, գնդապետ Արամ Զախարյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետական պահպանության պետ։ Նախկին պետը՝ գնդապետ Ֆելիքս Դալլաքյանը, առողջության հետ կապված, ազատվեց աշխատանքից։ Երեւան քաղաքի ոստիկանապետ նշանակվեց գնդապետ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետ Ներսես Նազարյանը։ Նրա տեղը ոստիկանապետ նշանակվեց 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ, նույնպես գնդապետ Նվեր Հովհաննիսյանը։ Վերջինիս տեղը զբաղեցրեց գնդապետ, Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Միրիջանյանը։ Հետաքրքիր է, որ հատկապես ուժեղացվեց Կենտրոնը, որտեղ եւ ծավալվելու են հիմնական քաղաքական իրադարձությունները։ Կենտրոնի ոստիկանապետ նշանակվեց Արաբկիր համայնքի նախկին ոստիկանապետ, գնդապետ Հովիկ Թամամյանը (որին հակիրճ Թամամ են ասում)։

Արաբկիրը եւս թափուր չմնաց։ Նրա ոստիկանապետ նշանակվեց Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ, գնդապետ Գագիկ Ավետիսյանը։ Վերջինիս փոխարեն նշանակվեց Արտաշատի ոստիկանապետ, գնդապետ Գագիկ Վարդանյանը։ Ի դեպ, նա հայտնի է որպես «Լաչինի Գագո» եւ մինչեւ Արտաշատ գալը աշխատել է Լաչինում ոստիկանապետ։ Հիշեցնենք նաեւ, որ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ կրակոցներ տեղի ունեցան Արտաշատում, նա տեղի ոստիկանապետն էր եւ, ինչպես երեւում է, փայլուն ձեւով ապահովում էր հասարակության անվտանգությունը։

Քաղաքի հյուսիսում՝ Նոր Նորքում, «պատմական» փոփոխություն տեղի ունեցավ։ Տեղի ոստիկանապետ Զարմեն Եպիսկոպոսյանը («Բետեեռ» մականունով) ազատվեց աշխատանքից եւ փոխադրվեց ՀՀ ոստիկանության պետական պահպանության պետի տեղակալի պաշտոնին։ Նրա տեղը նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արմեն Երիցյանի կնոջ եղբայրը՝ գնդապետ Լեւոն Յազիչյանը, որը 2000թ. ներկայիս «6-ի» պետ, այն ժամանակվա Երեւանի ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանի եւ նշանավոր օրենսդիր Կոմբիկերի Վլադի միջեւ տեղի ունեցած սկանդալային վեճի հետեւանքով հայտնվեց ՀՀ ոստիկանության կադրերի տրամադրության տակ։

Ի դեպ, ոստիկանների մեջ թեւավոր խոսք կա. «Քցում են կադրերի տրամադրության տակ, իսկ կադրերը տրամադրություն չունեն»։

Մաշտոցի ոստիկանապետ, գնդապետ Մարգար Օհանյանը նշանակվեց Երեւանի պետավտոտեսչության պետ, իսկ Մաշտոցի ոստիկանությունը չհասցրեց ծանր կորուստ ունենալ, քանի որ պետ է նշանակվել գնդապետ Արամ Տեր-Թովմասյանը («Մուննաթ» մականունով)։ Ի դեպ, վերջինս էլ հայտնի է նրանով, որ կադրերի տրամադրության տակ էր հայտնվել նրա համար, որ Շենգավիթի ՆԳ բաժնի պետ աշխատելու ժամանակ, ինքն ու «6-ի» աշխատակից եղբայրը վիճաբանել էին պետավտոտեսչության աշխատողների հետ։

Երեւանի պետավտոտեսչության պետը, գնդապետ Ավետիք Էվինյանը նշանակվել է պետավտոտեսչության վարչության 2-րդ ՄՌՈՒ-ի (Գրանցման քննական բաժանմունքի) պետ։

Չեն մոռացվել նաեւ փոխոստիկանապետերը, օրինակ, Երեւանի փոխոստիկանապետը։ Գնդապետ Հունան Պողոսյանը նշանակվել է Արարատի տարածաշրջանի վարչության պետ, իսկ նախկին պետը՝ Գարիկ Կարապետյանը, մինչեւ երեկ հայտնի չէր, թե ուր եւ ինչ պաշտոնի է նշանակվել։ «Գնդապետների» իշխանափոխությունը շարունակվում է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Երեկ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ոստիկանության
ղեկավար կազմի հետ: Քննարկվել են համակարգի գործունեության առնչվող հարցեր:
Այլ մանրամասներ չեն հաղորվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել