Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԴՆԵԼ ԿՈՇՏ ՈՒ՝ ՔԱՆԴԵԼ

Մարտ 20,2004 00:00

Երեկ
նախագահ Քոչարյանը խորհրդակցություն էր հրավիրել Երեւանի Կենտրոն թաղապետարանում

Նախագահը գտնում է, որ անհրաժեշտ է «Սովետից ժառանգած կենտրոնացված իշխանությունը դեմոնտաժել եւ տեղական իշխանությունն առանձնացնել այնպես, որ ժողովուրդն իր կենցաղային հարցի համար չհիշի կառավարությանն ու նախագահին»։ Իսկ դրա համար պետք է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները։ Ռ. Քոչարյանն արդեն համոզվել է, որ «տարբեր գերատեսչություններ շատ դժվար են փոխանցում իրենց լիազորությունները, բայց կամք դրսեւորելով՝ այս ճանապարհով շարժվելու ենք առաջ»։ Մեկ այլ դիտարկմամբ՝ մեր քաղաքացիները դեռ լիարժեք պատրաստ չեն պայքարել իրենց իրավունքների համար։ Սակայն նախագահական հասնող բողոքներից ամենաքիչը տեղական իշխանություններից է, որովհետեւ «մարդիկ այստեղ իրար ճանաչում են եւ՝ նորմալ է»։ Ցավալի է, իհարկե, որ բարձրաստիճան հովանավորներ ունեցող բիզնեսմենների կողմից ծառեր կտրելու եւ օբյեկտներ դնելու բողոքները նախագահական չեն հասնում: «Առավոտը» շփվում է օրական նման 2-3 բողոքավորի հետ: Համենայն դեպս Քոչարյանը վստահեցրեց, որ «նա այդ վճռականությունն ունի եւ քաղաքական, եւ անձնական տեսանկյունից, որպեսզի կոշտ դնի ու քանդի սխալ նորմատիվներով կառույցները»։ Իսկ որ դրանց մեծ մասը կառուցվել է նախագծային խախտումներով՝ խոստովանել են նախկին երկու քաղաքապետերը։ Երեւանի ներկայիս քաղաքապետը նոր նշանակվելիս որոշում ընդունեց հետ բերել կառուցապատված կանաչ տարածքների շուրջ 40%-ը, դրա համար օգտագործելով իշխանական ու ընկերական լծակները։

Սպասվում էր, որ քանդման գործընթացը կիրականացվի ձմռանը, որպեսզի գարնան սկզբից կանաչապատվեն ազատված տարածքները։ Սակայն ոչ մի պատ կամ քար չտեղաշարժվեց։ Չի բացառվում, որ քարաշեն սրճարանատերերն այս ընթացքում հասցրել են իրենց խախտումներով կառույցների համար ձեռք գցել սեփականության իրավունքի վկայականներ, եւ քաղաքապետը հենց այդ պատճառով էլ «կոշտ չի դնում» եւ չի քանդում։ Երեկ Ռ. Քոչարյանն այս թեմայով մշուշոտ ակնարկ է արել. «Ավելի ճիշտ կլինի, եթե քաղաքապետարանը բանակցելով, շտկելով ու ավելի հասկանալի ռեժիմով վիճակը բարելավի»։ Եթե նկատի ունենանք, որ խոշոր սրճարանատերերի «տարիքները» անծանոթ չեն նաեւ Քոչարյանին, ինչի մասին նշել են նախկին քաղաքապետերը (վերեւից ճնշումներ կային), ուրեմն պարզ կդառնա նաեւ նախագահի «կոմպրոմիսային» վերաբերմունքն օրինախախտների նկատմամբ։

Մայրաքաղաքային թեմային առնչվող մեկ այլ հարցին ի պատասխան, պարոն Քոչարյանը խոստացավ, որ տարվա երկրորդ կեսին շինարարների դեֆիցիտ է արձանագրվելու, քանի որ քանդվելու են 20-ական թվականների կիսախարխուլ թաղամասերը եւ տեղում կառուցվելու են նոր շենքեր։ Դալմայի այգիներն ու այլ այգիներ կառուցման ծրագրում ներառված չեն, բայց կասկած չկա, որ կշարունակվեն նորակառույցներ հայտնվել եւ Դալմայի այգիներում, եւ Նորքի անտառում, եւ Հաղթանակ զբոսայգում, եւ նրանց տերերի հետ նույնպես ժամանակի ընթացքում բանակցություններով հարցը կլուծվի։

Երեւանի հետ կապված մյուս հարցն առնչվում էր քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու Եվրախորհրդի պահանջին։ Նախագահն այս հարցի մեջ գլխացավանք տեսավ. «Երեւանում ապրում է բնակչության մեկ երրորդը։ Եթե քաղաքապետն ընտրվի ընդդիմությունից, որը կառավարության ու նախագահի հետ կոնֆիգուրացիա (հավանաբար նկատի ուներ կոնֆրոնտացիա՝ առճակատում) ունենա՝ քաղաքական առումով, ապա մեծ խնդիր կստեղծվի երկրի ներսում։ Պետք է ունենալ հակակշռող մեխանիզմներ, որոնք կլիցքաթափեն նման հակամարտություն պարունակող իրավիճակը»։ Այսինքն՝ ԵԽ պահանջը կկատարվի, բայց ոչ հիմա։ Իսկ այժմ ընդդիմության շարժումն ու կոչերը, ըստ նախագահի, «գարնանային սրացումներ են, իսկ ընդհանրապես, քաղաքական դաշտում բոմժի հոգեբանությունը երկրի համար վտանգավոր է»։ Կոնտեքստից կարելի է հասկանալ, որ խոսքը Վիկտոր Դալլաքյանի մասին էր:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել