Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՔՈ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՅՆՈՒԿ»

Մարտ 20,2004 00:00

Ստեփան
Դեմիրճյանին վստահեցրին հրազդանցիները
«Արդարություն» դաշինքի անդամները դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ երեկ հանդիպեցին Հրազդան քաղաքի բնակիչների հետ։ ՀԺԿ նախագահը մասնավորապես ասաց. «Մեր հանդիպումները մարզերում, նաեւ այսօրվա հանդիպումը ձեզ հետ ցույց է տալիս, որ հստակ ձեւավորված է իշխանափոխության հասարակական պահանջ։ Դա ընդդիմության պահանջը չի, դա մեր ժողովրդի ճնշող մեծամասնության պահանջն է»։ «Այո»,- արձագանքեցին ու ծափահարեցին հրազդանցիները։ Նրանք նաեւ հավաստիացնում էին. «Թասիբը մեզի խեղդուկ, մենք՝ քո թիկունքին կայնուկ»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ «Արդարություն» դաշինքը շատ լավ գիտակցում է իր պատասխանատվությունը եւ ամեն ինչ անելու է ժողովրդի սպասելիքներն իրականացնելու համար։ Դաշինքի անդամ բոլոր ելույթ ունեցողները հատուկ դիմում էին ուժային կառույցներին եւ հայտարարում, որ նրանք եւս ժողովրդի մասնիկն են եւ երբեք դուրս չեն գա ժողովրդի դեմ. «Մենք համոզված ենք, որ մեր իրավապահ մարմինները երբեւիցե չեն գնա մեր ժողովրդի դեմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր կընտրեն անօրինականությունների ճանապարհը, պատասխան են տալու մեր ժողովրդի եւ օրենքի առջեւ»,- ասաց ՀԺԿ նախագահը։

«Արդարություն» դաշինքի իշխանափոխության գործընթացը համակարգող շտաբի ղեկավար Վիկտոր Դալլաքյանը մանրամասն բացատրեց, թե ինչպես կարելի է բացառապես սահմանադրական ճանապարհով «Հայաստանը ազատել ղարաբաղյան կլանի օկուպացիոն ռեժիմից»։ Վիկտոր Դալլաքյանը հրազդանցիներին ասաց. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը, ցանկացած ժամանակ, ցանկացած եղանակով կարող է վերադարձնել իրենից բռնազավթած իշխանությունը։ Եվ դա միանգամայն սահմանադրական ճանապարհ է։ Հաղթանակ բոլորիս»։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը իր հերթին վստահեցրեց. «Փորձելու ենք համախմբել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին։ Բայց եթե անգամ որոշ քաղաքական ուժեր ձգձգեն պրոցեսը, մենք ապրիլի 10-12-ից այն կողմ անցնելու իրավունք չունենք»։ «Վա՜յ, ապրեք»,- ասացին ու ծափահարեցին հանդիպման եկած հրազդանցիները։ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ ընդդիմության խնդիրը մեր հայրենիքը հզորացնելն է. «Որպեսզի կարողանանք դիմակայել արտաքին վտանգներին։ Վարչախումբը փորձում է իշխանության բռնազավթման եւ ամեն գնով այն պահելու փաստը արդարացնել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման անհրաժեշտությամբ։ Ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ այն իշխանությունը, որը չի ընտրվել հանրության քվեով, թույլ է եւ ստիպված է իշխանությունը պահելու համար դառնալ խամաճիկ արտաքին ուժերի ձեռքին։ ԼՂՀ հարցը հայանպաստ կարող է լուծել միայն այն իշխանությունը, որը ունի ժողովրդի վստահության քվեն, թիկունքին ունի ժողովուրդ»։

Հրազդանցի Ռաֆիկ Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը որպես հայ մարդ իրեն վիրավորված է զգում, երբ Ռոբերտ Քոչարյանը շարունակ խոսում է նոր աշխատատեղերի մասին։ «Իսկ որքանո՞վ են Հրազդանում ավելացել աշխատատեղերը»,- հարցրեց պրն Գրիգորյանը։ Մարդիկ տեղերից արձագանքեցին՝ «ոչ մի հատով», իսկ տիկին Անժելան բազմության միջից կանչեց. «Չարենցավանի գործարանը քանդվում ա, բուլդոզերը դրած հետեւից քանդում են, ինչ ա որ Սերժի ախպոր տղեն պտի առնի։ 2000 մարդ է աշխատել Չարենցավանի էդ գործարանում, էսօր բանվոր չկա, էսօր սոված նստած ենք տները»։

Հրազդանցի Պատվական Բագրատի Հարությունյանը (ինքն այդպես ներկայացավ) հանդիպման ավարտին բառացիորեն խլեց խոսափողը, հայտարարեց. «Հըլը մի ասեք՝ այստեղ ո՞վ է Ռոբերտ Քոչարյան ընտրել։ Թող ձեռք բարձրացնի (ոչ մի ձեռք չբարձրացավ- Մ. Ե.)։ 99 տոկոսը իրեն չի ընտրել։ Մարդկանց 2 հազար դրամով խաբել-առել են։ Էսօր ասում է՝ 40 հազար աշխատատեղ է բացվել։ Աղոթքատեղ, ոչ թե աշխատատեղ։ Մեր էս հսկա ժողովուրդը սովամահ է լինում։ Ի վիճակի չէ իր հարեւանին մեկ հատ կարտոֆիլ տալ, որ հարեւանի երեխան ապրի»,- նկատի ունեցեք, որ այս ամբողջը հնչում էր հրազդանցու բարբառով։ Ի վերջո, Պատվական պապիկը պատգամեց Ստեփան Դեմիրճյանին. «Փրկեք էս անտեր ժողովրդին»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել