Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախեցի գրողները ուշադրության չարժանացան

Մարտ 19,2004 00:00

Ջավախեցի գրողները ուշադրության չարժանացան «Իմ եւ գրչակից ընկերներիս գլխավոր հովանավորը մեր ձեռքերով մշակած բերքից ստացված ֆինանսական միջոցներն են»,- ասում է ջավախեցի բանաստեղծ Եգոր Մովսիսյանը։ Այս օրերին Երեւանում գտնվող Ջավախքի հայ գրողների միության նախագահ, «Պարույր Սեւակ» հրատարակչության Ջավախքի մասնաճյուղի տնօրեն Ե. Մովսիսյանը զրույցի սկզբում ցավով փաստեց հայրենիքում գործող երկու՝ Հայաստանի գրողների եւ Հայ գրողների միությունների զուգահեռ գործունեությունը, որը վատ է անդրադառնում «հայ մտքի միասնության վրա»։ «Ջավախքի հայ գրողները կողմնակից են ընդհանուր հայ մտքի ու ընդհանուր մեկ միության»,- ասաց պրն Մովսիսյանը։ Ըստ նրա, «ավանդաբար եկող» Հայաստանի գրողների միությունը մեծ անելիքներ ունի։ Առաջին՝ պետք է մշակվի հայ համազգային մտքի կառուցողական ծրագիր, որի արդյունքում արտերկրի գրողները հավասարի իրավունքով կօգտվեն հայաստանցի իրենց գրչակիցներին ընձեռված իրավունքներից։ Իր խոսքերով. «Խորհրդային տարիներին գոնե «դեղի համար» տպագրվում էինք Հայաստանում։ Արդեն ավելի քան 12 տարի զրկված ենք նման հնարավորությունից»։ «Առավոտի» հարցին՝ ո՞րն է այս օրերին ձեր՝ Երեւանում գտնվելու առիթը կամ նպատակը, Ե. Մովսիսյանը պատասխանեց. «Նպատակս էր Հայաստանի գրական էլիտային ներկայացնել Ջավախքի մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք սպասում են հայրենիքի աջակցությանը»։ Ե. Մովսիսյանին մտահոգում են հատկապես կրթական ոլորտի հիմնահարցերը։ Ըստ նրա, Ջավախքում ազգային դպրոցներում կրճատվում են մայրենի լեզվի դասաժամերը, ավելի ճիշտ՝ մայրենիի կրճատման հաշվին ավելանում են վրացերենի դասաժամերը։ Իսկ վրացերենի ուսուցիչը տասնապատիկ ավելի է վարձատրվում։ Ե. Մովսիսյանը ցավով նշեց, որ իր բարձրացրած հարցերը հայրենիքում արժանի ուշադրության չարժանացան ոչ միայն Հայաստանի գրողների միության, այլեւ մյուս կառույցների կողմից։ «Հնարավոր վեճերից խուսափելու համար որոշեցինք ինքներս ելք որոնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Հույսներս չենք կորցնում ու առաջիկայում կհամագործակցենք գրողների երկու միությունների հետ»,- ասաց պրն Մովսիսյանը։ Այնուամենայնիվ, այնքան էլ անարդյունք չէր բանաստեղծի այցը հայրենիք. նա այսուհետեւ «Նոր դար» ամսագրի ներկայացուցիչն է լինելու Ջավախքում։ «Պարբերականը իր էջերում կանդրադառնա տեղի մշակութային, գրական կյանքին»,- ասաց Ե. Մովսիսյանը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել