Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Մարտ 19,2004 00:00

ԱՆՏՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ Առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը յուրաքանչյուր երեքշաբթի այցելում է թափառաշրջիկ երեխաներին: Փոքրիկները հավաքվում են Երեխաների ընդունման ու բաշխման կայանում, որը գործում է Կարապետ Ուլնեցու 61 հասցեում: Այս անգամ քահանան երեխաներին էր հյուրընկալվել իր փոքրիկ դստեր հետ, ու աղջնակը շատ էր հուզվել իր տարեկիցներին տեսնելով: Այժմ Կայանում աշխատում են առողջապահության, իրավական ոլորտի ներկայացուցիչներ ու հոգեբաններ: Տեր Շահեի հավաստմամբ, այստեղ կարճ ժամանակով ապաստան են գտնում «տարբեր հալածանքների, կտտանքների, փչացումների ենթարկված երեխաներ, որոնց օգտագործում են կլանային որջերը»: Հետեւաբար կենտրոն բերված բոլոր երեխաներն առաջին հերթին բուժզննում են անցնում՝ պարզելու համար արդյոք վարակակիրներ չե՞ն: Կայանի «բնակիչները» կամ ընտանիք չունեն, կամ ունեն ամուսնալուծված, բանտում գտնվող ու մարմնավաճառությամբ զբաղվող ծնողներ, որոնց անուշադրության պատճառով իրենք հանապազօրյա հացի փնտրտուքով հայտնվել են փողոցում: «Այս երեխաները փողոցում որոնում են այնպիսի մարդկանց, ովքեր իրենց կգնահատեն, սակայն, ցավոք, նրանք օգտագործվում են տարբեր նպատակներով»,- ասաց տեր Շահեն: Նա տեղեկացրեց, որ Երեխաների ընդունման-բաշխման կայանի պարտականությունների մեջ մտնում է ընդամենը երեխաներին կերակրելը, զգեստավորելը, տարրական գիտելիքներ տալը, սակայն նրանց ապագայի հարցը մնում է առկախ, առանց պետական հոգածության: «Պատահում են երեխաներ, որոնք 14-15 տարեկան են, սակայն տառաճանաչ չեն: Բայց կան նաեւ շնորհալիները: Օրինակ, Օֆելյան բանաստեղծություններ է գրում: Մյուսները նկարում են, աշխատում են կավով: Նրանց հետ նույնիսկ 15 օրում Հիսուսի ծննդի մասին փոքրիկ բեմադրություն ենք պատրաստել,- ասաց քահանան։- Իմ խնդիրը այդ երեխաների համար Աստված գիտության ճանապարհը գտնելն է: Մի բան, որ չի անում հոգեբանը»: Երեխաները մարմնավորել էին Գաբրիել հրեշտակին, Աստվածածնին: Ընդ որում, Աստվածածնի դերը կատարում էր 14-ամյա մի աղջիկ, որը ատում էր տղամարդկանց, քանի որ հարազատներըը ստիպել էին մարմնավաճառությամբ զբաղվել: Աղջիկը նկարչական ձիրք ունի, սակայն, միայն մերկ կանանց է պատկերում: Տեր Շահեից հետաքրքրվեցինք՝ ինչպես են հոգեւորականին ընդունում երեխաները, որոնց մեծամասնությունը ճակատագրի բերումով նորմալ մարդկանց հետ չի շփվել: «Նրանցից շատերին ծնողները տարել են մորմոնների կամ Եհովայի վկաների մոտ: Տառապած երեխաները խեղված են նաեւ հոգեւոր առումով: Նրանք կարոտ են հոգեւոր շփման, ամեն անգամ հարցնում են՝ երբ է հաջորդ հանդիպումը»,- պատմեց տեր Շահեն: Երեխաներն ընդունման-բաշխման կայանում 15821130 օր ապրելուց հետո տեղափոխվում են հանրապետության մանկատներ կամ վերադառնում են իրենց ընտանիքներ: Քիչ չեն դեպքերը, երբ նույն երեխաներին եկեղեցու սպասավորը 1 ամիս անց նորից հանդիպում է փողոցում՝ անլվա, պատառոտված շորերով: «Մինչդեռ խորհրդային շրջանում որբ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելուց հետո վերջիններիս տեղավորում էին համապատասխան պրոֆտեխուսումնարաններում, հետագայում նաեւ աշխատանքի: Չմոռանանք, որ մեր շատ արվեստագետներ ու պաշտոնյաներ այդ պրոֆտեխուսումնարաններից աճած զավակներ են: Այս հարցում պետությունն բաց ունի: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են այդ երեխաներից հանցավոր տարրեր գոյանում»,- նկատեց տեր Շահեն: Երեխաների ընդունման ու բաշխման կայան հաճախելը տեր Շահեի նախաձեռնությունն է: Նա գտնում է, որ ճիշտ կլիներ, եթե կրոնավորներ կցված լինեին նման հիմնարկներին, ինչը ներկայումս արվում է Ռուսաստանում. «Ռուսները մեզանից 10 քայլով առաջ են: Այնտեղ վարդապետները զբաղված են սոցիալական տարբեր բնագավառներով՝ միայնակ ծերերով, թափառաշրջիկներով, մահամերձ հիվանդներով եւ այլն: Ծառայականից բացի, որեւէ սոցիալական բեռ է դրված նրանց ուսերին, ինչի արդյունքում դարձել են հասարակության ամենամեծ մխիթարողները։ Իսկ մեզ մոտ երբ որեւէ հարցով դիմում ես այս կամ այն գերատեսչությանը, իսկույն մտածում են՝ թե կրոնավորը միջամտում է իրենց ոլորտին»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել