Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան սպանության հետքերով

Մարտ 19,2004 00:00

Դաժան սպանության հետքերով Վանաձորում զինծառայողների սպանության գործը կես տարի նախաքննության փուլում է Անցյալ տարվա օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում ՊՆ Վանաձորի N զորամասի առաջին մոտոհրաձգային գումարտակի երրորդ վաշտում սպանվեցին կրտսեր սերժանտ Արման Դավթյանը, եղբայրներ Լեւոն եւ Համլետ Բարսեղյանները։ Այդ կապակցությամբ զինվորական դատախազությունում հարուցվեց քրեական գործ։ Սպանության մեջ մեղադրվում են երկրորդ ջոկի հրամանատար Արման Հովսեփյանը եւ ժամկետային զինծառայող Էմիլ Չիվթչյանը։ Մինչ օրս նախաքննությունն ավարտված չէ։ Ոճրագործության շարժառիթը համարվել էր այն, որ Արման Դավթյանը 50 ԱՄՆ դոլար էր վերցրել Է. Չիվթչյանից՝ նրա արձակուրդի հարցը լուծելու համար, սակայն վերջինս ոչ արձակուրդի հարցն էր լուծել, ոչ էլ փողն էր վերադարձրել։ Ըստ նախաքննական մարմնի, Ա. Հովսեփյանն ու Է. Չիվթչյանը գնացել են հերթապահությունն իրականացնող անձնակազմի համար նախատեսված վագոն-տնակը, ուր այդ պահին մահճակալի վրա նստած էր Արման Դավթյանը, իսկ մյուս երկու մահճակալներին քնած էին Լեւոն եւ Համլետ Բարսեղյանները։ Է. Չիվթչյանը վիճաբանության մեջ է մտել սերժանտ Արման Դավթյանի հետ, որից հետո ինքնաձիգի կրակահերթերով սպանել երեք հոգու։ Սակայն Է. Չիվթչյանի պաշտպանը՝ փաստաբան Սամվել Միրզոյանը տարօրինակ է համարում, որ զենքին անտեղյակ 18 տարեկան զինվորը, որը, ըստ վաշտի հրամանատարի ցուցմունքի, վախենում էր կրակոցից եւ կրակոցի ժամանակ աչքերը փակում էր, առանց պատճառի կրակահերթ է արձակել երկու եղբայրների վրա, որոնք որեւէ դիմադրություն ցույց չեն տվել։ Եվ ինչպես է պատահել, որ 7 քմ սենյակում բուռն վիճաբանության ժամանակ Արմանը եւ Լեւոնը շարունակել են քնել։ Է. Չիվթչյանի ինքնախոստովանական ցուցմունքից բացի, նրա դեմ ցուցմունք էր տվել նաեւ «Աբարանը»՝ Արման Հովսեփյանը, որը, սակայն, առերես հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ սխալ ցուցմունք էր տվել ի սկզբանե, «որովհետեւ տանում էին ոստիկանություն, ծեծում էին։ Պաշտպանը նստած՝ գալիս են, քրֆում են, խփում են»։ Ա. Հովսեփյանը, ըստ վարկածներից մեկի, համարվում է դրդիչ, ինչը համոզիչ չէ պաշտպանական կողմի համար։ Այս տարվա փետրվարի 26-ին, առերես հարցաքննության ժամանակ Ա. Հովսեփյանը հարցնում է Էմիլին. «Դու էդքան կայի՞ր իմ մոտ, որ ես գայի քեզ ասեի՝ արի էթանք Արման Դավթյանի կամ Բարսեղյանների մոտ փող ստանալու։ Դու էդքան կայի՞ր իմ մոտ, որ քեզ էդքան բան ասեի կամ կանչեի, մենք ի՞նչ հարաբերությունների մեջ ենք եղել»։ Ինչ վերաբերում է Է. Չիվթչյանի դրսեւորած վարքագծին եւ, փաստաբանի խոսքերով, «ինքնազրպարտչական ցուցմունքին», ապա կարող ենք տեղեկացնել, որ 2003թ. հոկտեմբերի 23-ի իր ցուցմունքում նա դա պայմանավորում է «ապակողմնորոշված լինելու, վախի» հանգամանքներով, հոգեկան խիստ ընկճվածությամբ։ Է. Չիվթչյանը իր նախկին պաշտպանին՝ Մելս Կարագյոզյանին խոստովանել էր, թե ինքը ստում է, հորինում եւ չգիտի ինչ անի, որ ինքը տվյալ հանցագործության հետ որեւէ առնչություն չունի, ոչ մեկին չի սպանել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել