Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՏՔՍ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ»

Մարտ 19,2004 00:00

«ՄԻՏՔՍ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ» Ըստ Դավիթ Հակոբյանի՝ Կարսի պայմանագիրը վիճարկելու փայլուն գաղափարը իշխանամետ մտավորականները «թխել են» մարքսիստներից: Մարտի 16-ին, կառավարության նիստերի դահլիճում մի խումբ մտավորականներ բուռն քննադատություն թափեցին 83 տարի առաջ կնքված ռուս-թուրքական պայմանագրի առիթով։ Արդյունքում, որոշում ընդունվեց ԱԺ-ից պահանջել, որ ՌԴ-ից պահանջի՝ չեղյալ հայտարարել այդ պայմանագիրը։ «Փաստորեն, դուրս եկավ, որ իշխանությունը տուպիկային վիճակից անցում կատարեց մեր դոկտրինային»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ Վերջինս այդ համոզմանն է, որովհետեւ՝ «հավաքվել էր իշխանամետ մտավորական էլիտան»։ Նա պարզաբանեց, որ այս սկզբունքը վերցված է 2001 թ. մարտի 7-ին հրապարակված Մարքսիստական կուսակցության արցախյան հիմնահարցի լուծման այլընտրանքային նոր տարբերակից։ Այն հայտնի է իբրեւ այդ կուսակցության 10 պոստուլատներ եւ կազմում է Դ. Հակոբյանի նոր ազգային դոկտրինայի բաղկացուցիչ մասը։ Ըստ 2-րդ պոստուլատի. «ԱԺ-ին միջնորդել շտապ՝ պատմա-բարոյա-իրավագիտական հիմնավորվածությունով դենուստացիայի (չեղյալ) ենթարկել ի լուր ողջ աշխարհի Բոլշեւիկյան Ռուսաստանի 1921 թ. մարտի 16-ի, հուլիսի 4-5-ի Կովկասյան բյուրոյի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի անեքսիոն պայմանագրերը, որոնց հետեւանք է հանդիսանում արցախյան հիմնահարցը՝ որպես ապագաղութացման խնդրո առարկա»։ 5-րդ պոստուլատը սահմանում է, որ գլխավոր կոնֆլիկտող կողմ պետք է լինի ԼՂՀ-ն՝ «Արցախի հայկական հանրապետություն» անվամբ։ Որի մասին իշխանությունները եւս հայտարարել են։ Այսպիսով՝ սկսված է ոչ միայն նոր դիվանագիտական գրոհ, այլ, ըստ Դ. Հակոբյանի՝ հիմք է ստեղծվում, որ եվրոկառույցները իրավունք չունենան այդ հարցով զբաղվելու եւ հարցը տեղափոխվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապագաղութացման կենտրոն, որտեղ ԼՂՀ-ն կունենա իր ներկայացուցչությունը Պաղեստինի, Թիմորի սցենարով։ Ի մի բերելով մտքերը, Դ. Հակոբյանը հանգեց. «Իշխանությունը գաղտագողի անցում է կատարում Մարքսիստական կուսակցության դոկտրինային»։ – Դուք ինչպե՞ս եք գնահատում իշխանության այդ քայլը։ – Քաղաքական կուսակցությունների համար մանդատը պարտադիր չէ։ Նրանք կոչված են, որպեսզի կուսակցական գործունեությամբ հարստացնեն ազգային քաղաքական միտքը։ Այդ ֆունկցիան մեր կուսակցությունը կատարեց՝ առանց պառլամենտում լինելու։ – Որեւէ հղում չարվեց, որ այդ գաղափարները Ձեր դոկտրինայից են վերցված… – Ես դա համարում եմ Գրողների միության նախագահի, Զորի Բալայանի կողմից մտքի, գաղափարի գաղտագողի սեփականաշնորհում։ Որովհետեւ այդ հրապարակումները նրանց շուտ հայտնի էին եւ նրանք, փաստորեն, զարտուղի ճանապարհներով վերագրում են իրենց՝ նսեմացնելով կուսակցության ֆունկցիան։ Համենայնդեպս, դա մեզ համար մեծ կարեւորություն չէ։ Ամենակարեւորը Չարենցի միտքն է, որով ես առաջնորդվել եմ գաղափարախոսությունը տալիս՝ «Ոչ մի կապանք չի կապկպի ազգի հոգին, եթե հագնի նա զրահը ժամանակի»։ Մեր ֆունկցիան սրբությամբ կատարեցինք, թե հիմա ո՞վ կսեփականաշնորհի՝ պատմությունն ամենքին իր տեղը կդնի։ – Դուք Ձեզ վիրավորված չե՞ք զգում… – Ընդհակառակը, մենք ավելի փարիսեցիական կարգավիճակում ենք, որովհետեւ մեր հիմնական նպատակը՝ ազգին տալ նոր միտքը, կատարեցինք։ Որքանով իշխանությունները կգնահատեն դա՝ մենք երկրորդական ենք համարում։ – Եթե Ձեզ համագործակցություն առաջարկվի, կհամաձայնե՞ք։ – Մեր պոստուլատները կատարելու համար հարկավոր է հզոր նախագահ եւ լուրջ, բարձր մտավոր եւ ֆիզիկական կարողությամբ արտգործնախարար։ Այսօրվա նախարարին մենք երեք տարի անընդհատ հայտարարել ենք անցանկալի անձ։ Եթե հարցը ԱԺ չմտներ՝ հաջորդ մտրակը Արթուր Բաղդասարյանը կստանար։ – Իսկ նախագահն ուժե՞ղ է։ – Նախագահի ուժը յուր շքախմբի մեջ է։ Կարծում եմ, որ այսօրվա նախագահի շքախումբը չափից ավելի տկարամիտ է։ Հարկավոր է շքախմբի ռեստրուկտուրիզացիա։ – Իսկ Դուք կհամաձայնե՞ք նախագահի շքախումբը համալրել։ – Մինիմում արտգործնախարարի պաշտոնում։ Իմ նատուրայով երկրորդ ջութակի դերում ես չեմ կարողանում։ Մտքի էներգիան ես տալիս եմ, ես էլ իրագործում եմ։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ, միայն այն մակարդակով, որտեղ կարող եմ օգտակար լինել, իսկ դա միայն արտգործնախարարի մակարդակն է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել