Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի հսկիչները ստուգում են ընտրողաբար

Մարտ 19,2004 00:00

Նախագահի հսկիչները ստուգում են ընտրողաբար Երեկ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը լրագրողներին ներկայացրեց անցած տարում կառույցի կատարած ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքները։ Ուսումնասիրություններն անցկացվել են քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված 14600 նամակ-դիմում-բողոքների եւ ՀՀ նախագահի առանձին հանձնարարականների համաձայն։ Մի շարք ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործեր են հարուցել. Դրանք վերաբերվում են անտառահատումներին, օդային փոխադրումներին եւ Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչների բողոքների ուսումնասիրություններին։ Ձեռնարկվել են նաեւ կանխարգելիչ միջոցառումներ։ «Հայանտառում»՝ ենթակայության փոփոխություն՝ բնապահպանությունից գյուղատնտեսության նախարարություն եւ կադրային փոփոխություններ։ «Զվարթնոց» օդանավակայանում տրվել են հստակ հրահանգներ, համապատասխան պաշտոնյաները ձախողման համար անձնական պատասխանատվություն են կրելու։ Մնացած դեպքերում վերահսկողական ծառայությունն առանձնապես կտրուկ քայլերի չի դիմել։ Ասենք, «Լինսի» հիմնադրամով «խոշորածավալ շինարարության, դրա կատարման ժամկետների, իշխանության մարմինների կողմից այս ուղղություններով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի» հսկողության արդյունքում բացահայտվել է, որ, մասնավորաբար, Գյումրիի քաղաքապետը 771 բնակարան է բաշխել՝ շրջանցելով կառավարության որոշումը։ Սակայն չի ուսումնասիրվել նույն ծրագրի ֆինանսատնտեսական մասը. «Նախագահը նման խնդիր չի դրել»։ Երեւանում հողերի վաճառքի եւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացված մրցույթների ուսումնասիրությունների արդյունքները դեռ նոր են ներկայացվելու ՀՀ նախագահին։ Դժվար է ասել՝ քրեական գործեր կհարուցվեն, թե ոչ, բայց խախտումներ բացահայտվել են. Երեւանում հաճախ հողերը վաճառվել են «ջրի գնով», իսկ քաղծառայության մրցույթներում արձանագրվել են ստաժի կեղծումներ, քվեարկության ու հանձնաժողովների ձեւավորման սկզբունքները սուբյեկտիվ են։ Շատ հարցերի պարոն Բարսեղյանը պարզապես դժվարացավ պատասխանել։ Ասենք, վառելիքի ներկրման ծավալների ուսումնասիրության արդյունքում բենզինի գրանցված քանակի՝ 15000 տոննա, իսկ դիզվառելիքի՝ 25000 տոննա աճը ստվերի կրճատմա՞ն, թե՞ ներկրման ծավալների ավելացման արդյունք է։ Որոշ ոլորտների ուսումնասիրությունն էլ Վ. Բարսեղյանը թողնում է այլոց. բանակն ու զինված ուժերը՝ ռազմական տեսչությանը, դատական համակարգը՝ Արդարադատության խորհրդին եւ այլն՝ նկատելով, որ «եթե բոլոր գերատեսչություններն իրենց պարտականությունները կատարեին՝ այս պատկերը չէինք ունենա»։ Պետական պաշտոնյաների փողերի առատությունը Վ. Բարսեղյանի համար գրավիչ չէ՝ ուսումնասիրության առումով. «Մենք անձնական միջոցների ուսումնասիրության խնդիր չենք դնում։ Իսկ պետական պաշտոնյաներն էլ հայտարարագրում են իրենց ունեցվածքը»։ Սրանով հանդերձ, Բարսեղյանն ընդունում է, որ պաշտոնյաների շքեղ մեքենաներին առնչվող խնդիրներ կան։ Այս տարի նախագահական վերահսկիչները կուսումնասիրեն Պետական գնումների գործակալությունը, մաքսային եւ հարկային ծառայությունները՝ այդ թվում եւ ժամկետանց դեղերի մասով, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւ պետական այլ կառույցներ։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել