Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խաղաղապահները չեն տուժել

Մարտ 19,2004 00:00

Հայ խաղաղապահները չեն տուժել Առանց այդ էլ վերջին ամիսներին խիստ անհանգիստ դարձած մոլորակի թեժ կետերի ցանկն օրերս համալրվեց եւս մեկ վտանգավոր ճգնաժամով: Մի քանի օր առաջ Կոսովոյում տեղաբնիկ սերբերի եւ ալբանների միջեւ ծայր առած միջէթնիկ բախումներն այնպիսի ահագնացող չափերի են հասել, որ երեկ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն ալյանսի անդամ պետություններից լրացուցիչ ստորաբաժանումներ է խնդրել՝ Կոսովո ուղարկելու համար: Ասել, թե այս ճգնաժամը նոր է, իհարկե ճիշտ չէր լինի: «Ահա թե ինչ է նշանակում ոչ թե լուծել հիմնախնդիրը, այլ զսպել եւ սառեցնել այն»,- բալկանյան նոր պոռթկման առիթով գրում է եվրոպական ազդեցիկ թերթերից մեկը: Իսկ այդ պոռթկմանը, որն ըստ միջազգային լրատվական գործակալությունների, առավելապես հրահրվել է ալբան զինյալների կողմից, արդեն իսկ զոհ են գնացել մոտ 25 մարդ, եւս 500-ը՝ հիմնականում կոսովցի սերբեր՝ վիրավորվել են: Տվյալներ են ստացվում այն մասին, որ սերբական կոմպակտ բնակության շրջաններից մեկում անհայտ կորել է շուրջ 200 սերբ: Ենթադրվում է, որ նրանք գերեվարվել են ալբանների կողմից: Երեկ Կոսովոյում ալբաններն ավտոմատ հրազենից գնդակոծել են գերմանացի զինծառայողներին: Կրակի տակ են ընկել նաեւ ֆրանսիացի եւ շվեդ խաղաղապահները, որոնք փորձել են հանդարտեցնել միջէթնիկ բախման մասնակիցներին: Վիրավորվել է 13 շվեդ զինծառայող: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ մոտ 100 զինվորներից բաղկացած ամերիկյան խաղաղապահների ջոկատը Սարաեւոյից շտապ մեկնել է Կոսովո՝ միանալու ՆԱՏՕ-ի տեղական ուժերին: Կոսովո մեկնելու իրենց հերթին են սպասում նաեւ 70 իտալացի կարաբիներներ: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է այս օրերին բալկանյան թեժ հատվածներ ուղարկել լրացուցիչ 400 զինծառայողների: Ի լրումն, միայն Մեծ Բրիտանիային առաջարկվել է Կոսովո ուղարկել 500 մարդու: Երեկ շարունակ տվյալներ էին ստացվում այն մասին, որ կոսովոյան ալբանների եւ սերբերի խառը բնակության տարածաշրջաններից ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները փութով տարհանում են սերբերին, որոնց զգալի մասի տներն արդեն այրված են, իսկ մնացածներին, ըստ վերջիններիս վկայության, ֆիզիկական բնաջնջում է սպառնում: Բելգրադի քաղաքական շրջանակներում արդեն իսկ հասցրել են կատարվածը գնահատել իբրեւ «դասական էթնիկական զտում», որի հաջորդ քայլն, ակներեւաբար, կլինի Սերբիայից Կոսովոյի լիակատար անկախության պահանջումը: Ի դեպ, Կոսովոյում վերսկսված հուզումներից անմասն չի մնացել նաեւ Հայաստանից մեկնած խաղաղապահների ջոկը: ՀՀ ՊՆ պաշտոնական սայթն այս առիթով, մասնավորապես, տեղեկացնում է, որ Մակեդոնիայի Հանրապետության սահմանագծին, որտեղ հույն զինծառայողների հետ միասին ծառայություն է անցկացնում հայկական խաղաղապահ ստորաբաժանման մեկ ջոկը, եւս միջադեպ է գրանցվել: «Կաչանիկ բնակավայրից ցուցարարների ամբոխը շարժվել է դեպի հսկիչ-անցագրային կետ, սակայն խաղաղապահ զինծառայողների եւ տեղի ոստիկանության համատեղ ջանքերով ամբոխի առաջխաղացումը կասեցվել է, եւ բանակցության արդյունքում դադարեցվել է դեպքերի հետագա զարգացումը տվյալ վայրում», տեղեկանում ենք ՊՆ սայթից: Հայտնվում է նաեւ, որ հայկական ստորաբաժանման զինծառայողները չեն տուժել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել